Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հայտարարություն տարածեց, թե ՍԴ ուղարկվելիք դիմումը ստորագրել են ԲՀԿ 25 պատգամավոր, որին կավելանան ԼՀԿ պատգամավորների ստորագրությունները, և շուտով դիմումը կմուտքագրվի ՍԴ։ Խոսքը սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկող օրենքին է վերաբերում: Եվ ահա, այս հայտարարությունը հակասական տեղեկությունների տեղիք է տվել, թե այս պահին են ցանկանում ընդդիմադիր ուժերը դիմել ՍԴ:
Սակայն Գևորգ Գորգիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, թե այս մասով ոչինչ չի փոխվել եւ ինչպես հայտարարել են երեկ կայացած ասուլիսին, իրենք ՍԴ դիմելու են Քոչարյանի գործով քննությունից հետո: Եվ այս մասով կարող են ուշագրավ զարգացումներ լինել, քանի որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները քիչ անց ասուլիսով են հանդես գալու, եւ չի բացառվում՝ հայտարարեն իրենց դիմումը հետ վերցնելու մասին: Թե ինչ է սպասվում այդ դեպքում, եւ արդյոք ավելի շուտ կդիմեն, Գևորգ Գորգիսյանը դեռ չմանրամասնեց:
Հավելենք, որ սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ են մտնելու հունիսի 26-ին 00:01-ից:
Ն.Հ.