Երբ նախարար պարոն Արայիկ Հարությունյանի մայիսի 25-ի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական կոմիտեն ինձ հրավիրեց ցուցմունք տալու, հանցագործության մասին հաղորդում արդեն տրված էր: Նախարարի կողմից։ Գործն ուսումնասիրելիս ես ներգրավվել եմ որպես վկա և հնարավոր մեղադրյալ, եթե պարզվեր սուտ մատնության հանցակազմը։ Այս մասին հայտնում է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը: Նշենք, որ երեկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր. «Դուք գիտեք, որ նրա հայտարարության հետ կապված համապատասխան հայտարարություն էի արել, եւ իրավապահ մարմինները որոշակի նյութերի նախապատրաստում են իրականացրել, Սմբատ Գոգյանին նույնպես հրավիրել էին: Գիտեք, որ դրանից առաջ ինքը հայտարարություններ էր արել մամուլում՝ խառնելով ամբողջ մամուլն իրար հայտարարություններով, բայց Սմբատ Գոգյանը գնացել է եւ հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալ»:
ԵՎ ահա նախարարի այս հայտարարությունից հետո Գոգյանը ներկայացնում է տեղի ունեցածի իր տարբերակը: «Քննիչի բոլոր հարցերին պատասխանել եմ, ու քննիչը վերջում գործը կարճել է, ինչը ես ընկալում եմ որպես իմ ներկայացրած փաստերի ճշմարտացիության ամրագրում, իսկ քննիչն ասում է. «Հարգելինե՛րս, այս հարցը ես քրեաիրավական դաշտում չեմ դիտարկում, գնացե՛ք աշխատանքային ռեժիմով հարցը լուծեք»։ Պատկերի ամբողջական պարզության համար ներկայացնեմ քննիչի որոշումից մի հատված 1) Առաջին պարբերությամբ քննիչը փաստում է, որ փոխկապակցված անձանց առկայությունը հանձնաժողովում չի համարում պաշտոնական քրեորեն պատժելի, առավել ևս որ հանձնաժողովն ամբողջությամբ չի հերքել արտագրության դեպքերը։
Նշեմ, որ գործի մեջ ցուցմունք կա (այլ անձի կողմից), որ հանձնաժողովը սկզբնական եզրակացությամբ հերքել է արտագրության հանգամանքն ընդհանրապես, սակայն մամուլում մամուլում բարձրացված աղմուկից հետո որոշ չափով փոխվել է։ Կոնկրետ ինձ համար սա անթույլատրելի պրակտիկա է։ 2) Գործ չհարուցելու հիմնավորման երկրորդ պարբերության ձևակերպումը զուտ իրավական է, ու կրկին արժեքային հարց է, մենք նորմա՞լ ենք համարում գրագող ռեկտոր ունենալու փաստը, թե՞ ոչ», – նշել է Գոգյանը։
Նրա խոսքով, այս հարցի պատասխանը հստակ պետք է ձևակերպի կրթության և գիտության գծով ռազմավարություն մշակող մարմինը՝ ամենաբարձր մակարդակով։