Ցավոք պետք է կրկնվեմ : Թավշյա ձևակերպված հեղափոխությունը ,որպես համահայկական մասշտաբի հասունացած պահանջ, անշուշտ իրականացվեց հենց համահայկական ընդվզման արդյունքում: Պահանջը շատ հստակ էր՝ հիմնահատակ փոխել երկրի համար արդեն պատուհաս դարձած ,բառիս բուն իմաստով , քրեաօլիգարխիկ համակարգը: Անցած երկու տարիների հեռավորությունից ակնբախ են դառնում մի շարք կոպտագույն սխալներ և բացթողումներ, որ թույլ տվեց իրեն հեղափոխությունը առաջնորդած Նիկոլ Փաշինյանն իր թիմով:
Առաջինը՝ նա հիասթափեցրեց շատ շատերին՝ փաստացի առաջնորդի առաքելությունը փոխարինելով ընդամենը կուսակցապետի աստիճանաբար խամրող դերով։ ArmLur.am-ը ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել
երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանն՝ անդրադառնալով երկրում առկա ներքաղաքական մի շարք հարցերի։
Հարցին՝ ի՞նչպես է արձագանքում Սահմանադրական փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է, որ ՍԴ 3 դատավորների լիազորությունները կդադարեցվեն և միաժամանակ կդադարեցվի նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես նախագահ, Եղիշե Պետրոսյանն ընդգծում է․ «Ընտրություններին գնաց հին օրենսգրքով, որի արդյունքում Ազգային ժողովը չի ներկայացնում հասարակության բոլոր շերտերը: Նաև՝ իր կուսակցությամբ ապահովելով ճնշող մեծամասնություն , թե՛ իրեն անձամբ, թե՛ երկիրը դարձրեց խոցելի, և զրկեց մեզ միջազգային հարթակներում երբեմն խուսանավելու հնարավորությունից: Աշխարհը գիտի,որ մենք պառլամենտական ենք միայն թղթերով և անցանկալի պահանջները ներկայացվում են անձամբ վարչապետին»։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործընթացները ,վերջինս նկատում է, որ նորաստեղծ Ազգային ժողովը սուսիկ-փուսիկ շրջանցել է նախորդների գործունեությանը քաղաքական գնահատական տալն, ապա և անցումային արդարադատության կիրառումը:
«Փոխարենը ներդրվեց գոնե ինձ համար անհասկանալի, նաև անընդունելի տառակերության մշակույթը: Ես այսպես եմ ընկալում, եթե հեղափոխությունը օրենքի տառին համապատասխան չէր, ապա ինչու՞ մնացած հարցերում հանկարծ օրինապաշտություն սկսվեց: Համոզված եմ՝ իրավունքը օրենքից վեր պետք է լինի: Չարվեց այդպես: Ուրեմն հեղափոխությունը սկսվեց և անմիջապես էլ կանգ առավ: Մենք հիմա անավարտ հեղափոխության ճահճի մեջ ենք, ո՛չ խեղդվում ենք, ո՛չ էլ դուրս գալիս այնտեղից: Ցավոք, այն ավելի խորանալու նշաններ է ցույց տալիս…»,-եզրափակում է Եղիշե Պետրոսյանը։
Լիդա Եղիազարյան