Չբացվահայտված հանցագործություններն ու ոստիկանության ուռճացված թվերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իրավապահների կողմից հնարավոր կոռուպցիոն դրսեւորումների բացահայտումները շարունակվում են: Այսպիսով, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գևորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2019թ. հուլիսի 4-ից աշխատելով ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի ավագ օպերլիազորի պաշտոնում, Մեծամորի բաժնի կողմից սպասարկվող տարածքում կատարված հանցագործությունների բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու, այդ ցուցանիշներն առերևույթ բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից կարերիստական դրդումներով խմբային շահերից ելնելով, նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալբերտ Մարգարյանի հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել Մուրադ Մուրադյանի իրավունքներին և օրինական շահերին, պետության օրինական շահերին, հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը` ՀՀ ոստիկանությունը, խաթարել է արդարադատության շահը, ինչպես նաև կատարել է պաշտոնական կեղծիք: Այսինքն Գևորգ Աղվանի Հակոբյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 308հոդ. 1-ին մասով և 314 հոդ. 1-ին մասով:

Այս բացահայտման շրջանակում մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ Ալբերտ Մարգարյանը, ով 2019թ. օգոստոսի 1-ից, աշխատելով ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցիչի գործառույթներ և հանդիսանալով պաշտոնատար անձ, Մեծամորի բաժնի կողմից սպասարկվող տարածքում կատարված հանցագործությունների բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու, այդ ցուցանիշներն առերևույթ բարձր ներկայացնելու համար, նույն բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի ավագ օպերլիազոր Գևորգ Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել Մուրադ Մուրադյանի իրավունքներին և օրինական շահերին, պետության օրինական շահերին, հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը` ՀՀ ոստիկանությունը, խաթարվել է արդարադատության շահը:

Այսինքն, Ալբերտ Մարգարյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 308հոդ. 1-ին մասով: Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանության պաշտոնատար անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին :

Նշենք, որ Ոստիկանության Դավիթաշենի բաժնի պաշտոնատար անձանց գործողությունների մասով եւս հայտարարվեց նախաքննության ավարտ : Ըստ նախաքննական մարմնի հիշյալ բաժանմունքի կողմից սպասարկվող վարչական տարածքում հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձրացնելու և պարգևատրումներ ստանալու նպատակով վերջիններս Էդգար Գևորգյանին առաջարկել են չնչին վարձատրության դիմաց կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ՝ խոստանալով համոզել տուժողներին հրաժարվել բողոք ներկայացնելուց և այդ հիմքով Է. Գևորգյանին չենթարկել քրեական պատասխանատվության` գողոնը թողնելով նրա տնօրինման ներքո:

Արդյունքում, վերը նշված պաշտոնյաների հովանավորության ներքո, Էդգար Գևորգյանը 2019-2020 թվականների ընթացքում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների տարածքում կայանված ավտոմեքենաներից կատարել է 15 դրվագ գողություն և գողության փորձեր, որոնց վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքում:  2020 թ. մարտի 19-ին կատարված դեպքերի առթիվ նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է ավագ տեսուչ Հակոբ Հակոբյանին:

Վերջինս, սակայն, պարտավոր լինելով այդ դեպքերի բացահայտման համար օրենքով սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և ընդառաջել է Արայիկ Ղազարյանի ու Մկրտիչ Վարոսյանի խնդրանքներին, այն է՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթերի կազմմամբ արհեստական հիմքեր է ստեղծել Էդգար Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար` Մկրտիչ Վարոսյանին, Արայիկ Ղազարյանին և Անդրանիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել եւ Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Ստացվում է, որ ոստիկանությունը չի կարողանում հանցագործությունները բացահայտել եւ կեղծ ցուցանիշներ նկարելու գործով է զբաղված, ինչն էլ պատճառն է դառնում  նոր հանցագործութունների ստեղծմանը:

Քնար Մանուկյան




Լրահոս