ՖՈՏՈ. Արցախում թրթուռները «ներխուժել են» մարդկանց տներ. գյուղատնտեսության նախարարը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թրթուռները վնասնում են ոչ միայն Արա լեռան անտառը (այս մասին ահազանգել է նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը), դրանք նաեւ Արցախում են․ «ներխուժել են» մարդկանց տներ, բակային տարածքներ: Այս խնդրի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի հետ: Նրա խոսքով, տեղի իշխանությունները մարդկանց թունաքիմիկատներ են բաժանում՝ թրթուռների դեմ պայքարելու համար:

«Մենք միջոցներ ենք ձեռնարկում․ անվճար թունաքիմիկատներ ենք բաժանում վարչակազմերին, համայնքներին՝ սրսկման աշխատանքները կազմակերպելու համար: Դրանք ներթափանցել են տներ: Օրերս այդ թեմայի շուրջ կայացած խորհրդակցության ժամանակ անտառապահպանության մասնագետներն ասում էին, որ նման մաստշաբի դեպք եղել է անցած 30 տարվա մեջ: Մասնագետների գնահատմամբ՝ հունիսի վերջին դրանք դառնում են թիթեռ եւ այդ գործընթացից հետո վտանգը կվերանա»,- իրավիճակը ներկայացրեց Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ այն դեղամիջոցները, որոնք բաժանվել են մարդկանց, արդյունավետ են. «Ուղղակի անտառային տարածքներում պայքարելու համար մասնագիտական հարցեր կան. արդյոք ճիշտ է անտառի վրա սրսկումներ անել, թե ոչ: Դա մասնագետներն ուսումնասիրում են: Մասնագետները պետք է ասեն՝ ճի՞շտ է անտառի վրա սրսկել, թե՞ ոչ»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս