Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն այսօր պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Նա ողջունեց խորհրդարանի քայլը՝ սահմանադրական փոփոխություններ անելու:
Հիշեցնենք, որ այդ փոփոխությունների համաձայն, ՍԴ անդամ-դատավորներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի լիազորություններն այսօրվանից դադարում են, իսկ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ: Նկատենք, որ Վահե Գրիգորյանը մինչ այս պահը որեւէ նիստի չէր մասնակցել, սակայն այսօր հայտարարեց, թե այսօրվանից մասնակցելու է նիստերին, ապա ընդգծեց` այսօրվանից ՍԴ-ում վեց դատավոր կա, հետևաբար քվորումը ապահովվում է:
Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորների հայտարարությունները չմեկնաբանեց` ասելով, որ չի ուզում անդրադառնալ նախկին կոլեգաների խոսքերին:
Հիշեցնենք նաև, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քիչ առաջ 26 պատգամավորի ստորագրությամբ դիմում է մուտքագրել ՍԴ` վիճարկելու Սահմանադրության փոփոխության սահմանադրականությունը: