Հունիսի 25-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կայացել է ընկերության ղեկավար կազմի և ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին և ամփոփվեցին երկաթուղային ենթակառուցվածքի գարնանային հանձնաժողովային ստուգումների արդյունքները: Հանձնաժողովը՝ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ, ուսումնասիրել է Հայաստանում գործող բոլոր երկաթուղային գծերը, արհեստական կառույցները, էներգամատակարարման, ավտոմատացման, հեռամեխանիկայի և կապի ենթակառուցվածքների օբյեկտները:
Ստուգումների ընթացքում հայտնաբերվում են թերություններ, ձեռնարկվում դրանց վերացմանն ուղղված միջոցներ, գնացքների սահմանված արագությունները համապատասխանեցվում են ուղու տեխնիկական վիճակին, երկաթուղին նախապատրաստվում է ամառային շրջանում կայուն աշխատանքին` հաշվի առնելով բարձր ջերմաստիճանային պայմանները: Լուրջ ուշադրություն է դարձվում աշխատանքային պայմաններին և դրանց համապատասխանությանը գործող օրենսդրությանը և ընկերության ներքին կանոնակարգերին:
ՀԿԵ գլխավոր տնօրենն անդրադարձել է հայտնաբերված թերությունների վերացման մի շարք հարցերի` ընդգծելով համակարգված մոտեցման անհրաժեշտությունը:
– Հարցեր կան տեխնիկական կանոնակարգերի և դրույթների հսկողության համակարգին, կատարվող աշխատանքների որակին և նկատուղությունների կանխարգելման և վերացման գործընթացին: Այստեղ անհրաժեշտ է բացառել տեխնիկական, ձևական մոտեցումը նման խնդիրների լուծմանը և բացահայտել համակարգված մոտեցման հնարավորությունները: Ֆորմալիզմը Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքի հիմնախնդիրների լուծման ժամանակ բացառվում է, թույլ տված սխալներից պետք է ճիշտ հետևություններ անել և գտնել դրանց համապարփակ կանխարգելման և վերացման ուղիները, – նշեց Ա.Մելնիկովը:
Հատուկ անդրադարձ կատարվեց կադրային հարցերին: Այս կապակցությամբ Ա.Մելնիկովը կարևորեց դաստիարակչության ինստիտուտի ներդրումը և ավագ սերնդի փորձի կիրառումը: ՀԿԵ գլխավոր տնօրենը նաև ասաց, որ կառավարման արդյունավետության և թափանցիկության մակարդակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է ներդրել երթևեկության անվտանգության և աշխատանքի պաշտպանության հասարակական տեսուչների ինստիտուտը: Նրա խոսքով, դա թույլ կտա լրացնել ընկերությունում գործող համապատասխան ստորաբաժանումների աշխատանքը:
– Իմ դիտարկմամբ, ընկերությունում կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնք լրացուցիչ նյութական ռեսուրսներ չեն պահանջում: Միակ հարցը՝ գործընթացների արդյունավետ կազմակերպումն ու վերահսկումն է, – ասաց ՀԿԵ գլխավոր տնօրենը:
Գարնանային հանձնաժողովային ստուգման արդյունքներով, պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է ընկերության 37 աշխատակից: Իր հերթին, ՀԿԵ արհեստակցական կազմակերպությունների միությունը ֆինանսապես խրախուսել է աշխատանքում լավ արդյունքների հասած ընկերության ստորաբաժանումները: