Ամբողջ աշխարհում թմրամիջոցներ չարաշահող անձանց թիվը կազմում է շուրջ 270 միլիոն. այսօր թմրամիջոցների չարաշահման դեմ պայքարի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի գլխավոր համաժողովը 1987 թվականին հունիսի 26-ը հռչակել է թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր: Այս տարի օրվա կարգախոսն է. «Ավելի շատ գիտելիք՝ ավելի լավ խնամք»։

Ամբողջ աշխարհում թմրամիջոցներ չարաշահող անձանց թիվը կազմում է շուրջ 270 միլիոն, նրանցից 30 միլիոնն ունեն թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան և վարքային խանգարումներ։

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ` Հայաստանում թմրամիջոցների օգտագործմամբ պայմանավորված հաշվառված անձանց թիվը կազմում է 7209, նախորդ տարվա 6951-ի համեմատությամբ։ Հաշվառված անձանցից ափիոնատիպ նյութերի գործածման հետևանքով հաշվառված է 2671 անձ, կանաբինոիդային թմրամիջոցների գործածման հետևանքով՝ 4532 անձ և կոկաինի գործածման հետևանքով՝ 6 անձ։ Հաշվառված անձանցից 4166-ը 28-49 տարեկան են, 1446-ը՝ 50-64, 1450-ը` 19-27, 135-ը` 65 և բարձր տարիքի և 12-ը` մինչև 18 տարեկան:

Առողջապահության նախարարությունը, գիտակցելով թմրամիջոցների չարաշահումից բխող վտանգները, քայլ առ քայլ բարելավում և հզորացնում է ինչպես բնակչության շրջանում կանխարգելման աշխատանքները, այնպես էլ կախվածություններ ունեցող անձանց տրամադրվող բուժման ծառայությունները։

Հավատարիմ մնալով իր առաքելությանը և որդեգրած սկզբունքներին՝ նախարարությունն շարունակական բարեփոխումներ է իրականացնում նաև թմրաբանական ծառայության ոլորտում՝ այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և ծառայության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Ներկայումս իրականացվում են հոգեներգործուն նյութերից կախվածությունների բուժման մասնագիտացված բուժհաստատության՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի շենքային պայմանների բարելավման և վերանորոգման աշխատանքներ։

Հաշվի առնելով թմրամիջոցների հիմնախնդրի կարևորությունը՝ առողջապահության նախարարությունը սերտորեն համագործակցում է նաև ոլորտի հետ առնչվող միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Թմրամիջոցների և կախվածությունների մոնիտորինգի եվրոպական կենտրոնի և այլ հեղինակավոր կազմակերպությունների հետ։

Հարկ է նշել, որ Հայաստանի քաղաքացիներին տրամադրվող թմրաբանական բուժումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին զերծ մնալ թմրամիջոցներից՝ հաշվի առնելով, որ դրանց գործածման անգամ մեկ փորձը կարող է դառնալ ճակատագրական և անդառնալի վնաս հասցնել առողջությանը։




Լրահոս