Armlur.am-ը տեղեկություններ է ստացել, որ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներից շատերն այս օրերին ջերմում են ու ինքնամեկուսացել են: Ըստ մեր տեղեկությունների, հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն արդեն մի քանի օր է ջերմում է, սակայն պատգամավորը թեստ չի հանձնել: Մենք տեղեկացանք նաեւ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նույն հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը եւս ջերմել է: Մենք փորձեցինք պատգամավորից պարզել, արդյոք թեստ հանձնել է ու ինքնազգացողությունն ինչպես է:
Պատգամավորը հայտարարեց. «Մեկ օր եմ ջերմել ընդամենը, երեկոյան, բայց մի քանի ժամ հետո այլեւս ջերմություն չունեի: 37.2 ջերմություն եմ ունեցել, դրանից հետո չեմ ունեցել, բայց արդեն երկրորդ օրն է չունեմ, թեստ չեմ հանձնել, քանի որ կարծում եմ հնարավոր է մրսածության հետեւանք է եղել, կամ չգիտեմ, չեմ կարող ասել: Հիմա ինքնազգացուոթյունս լավ է», – նշեց նա:
Հանձնաժողովի անդամ, իմքայլական պատգամավոր Վահագն Թեւոսյանը եւս ջերմել է ու թեստ հանձնել: Մենք քիչ առաջ զրուցեցինք պատգամավորի հետ, ով հայտարարեց, որ պատասխանը արդեն ստացել է. «Բացասական է պատասխանը, ջերմեցի, անհանգիստ էի, թեստ եմ հանձնել, բարեբախտաբար թեստ բացասական է եկել»,-եզրափակեց պատգամավորը: Նույն հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ևս ջերմել է եւ մեր տեղեկություններով, պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել:
Նշենք նաեւ, որ նույն հանձնաժողովի պատգամավոր է ԱԺ ԲՀԿ խմակցության անդամ Իվետա Տոնոյանը, որը եւս թեստ է հանձնել ու այն դրական է եղել:
Մենք տեղեկություններ ունենք նաեւ, որ խորհրդարանից դուրս՝ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը եւս թեստ է հանձնել ու այն դրական է, սակայն արդեն երկու օր է մեր հեռախոսազանգերին Մինասյանը չի պատասխանում, նրա հետ զրուցելու համար:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ