Ազգային ժողովը քիչ առաջ հայտարարություն տարածեց, որ Սահմանադրական դատարանի նախագահ դեռեւս ընտրված չէ, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Ալվինա Բալաբեկի Գյուլումյանի՝ որպես ՀՀ սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը ՀՀ Սահմանադրության հոդված 213 1-ին մասի ուժով ավարտվել է եւ պաշտոնավարումը դադարել է, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները իրականացվելու են Սահմանադրական դատարանի դատավորներից տարիքով ավագ դատավորի կողմից: 2020թ. հունիսի 26-ի դրությամբ ՀՀ սահմանադրական դատարանի տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն է` ծնված 1962թ. սեպտեմբերի 10-ին:
Այսպիսով ով է Աշոտ Խաչատրյանը: Նա այդ պաշտոնին նշանակվել է 2010 թվականին, այսինքն՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ:
Աշոտ Խաչատրյանը ծնվել է 1962 թվականին Կամո (Գավառ) քաղաքում:
1987 թ. ավարտել է ՍՍՀՄ բարձրագույն մասնագիտական կրթության նախարարության Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը:
1989-1993 թթ. – ՌԴ կառավարությանն առընթեր Մոսկվայի ֆինանսական ակադեմիայի ասպիրանտ:
1996-1999 թթ. – ՌԴ Նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտ:
1983-1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1987-1989 թթ.եւ 1990-1992 թթ.- ՀՍՍՀ Ժողովրդական դեպուտատների Կամոյի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ավագ մասնագետ, բաժնի վարիչ:
1992-2004 թթ. – ՀՀ հարկային ծառայության համակարգում` տարածքային տեսչության պետի տեղակալ, մարզային տեսչության բաժնի պետ:
2004 -2010 թթ. – Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետ:
2010 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ:
1993 թվականից մինչ օրս զբաղվում է նաեւ գիտամանկավարժական գործունեությամբ.
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի եւ Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր է:
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է:
Հեղինակ է` 8 մենագրությունների, ուսումնական դասագրքի ու գիտական զեկույցների, 100 եւ ավելի գիտական հոդվածների: