Հունիսի 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, քաղաքացի Ա․ Հ․-ի կողմից դատապարտյալ Վ․ Մ․-ի համար բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերել են մեկտեղված, ընդհանուրը 80․89 գրամ քաշով 7 պլաստմասե բաժակներ՝ յուրաքանչյուրի հատակային հատվածում քողարկված մեթամֆետամին տեսակի (լիրիկա) թմրամիջոցին նմանվող, սպիտակ, փոշենման զանգված:
Թմրամիջոց հանդիսացող նյութի հայտնաբերումը հերթական անգամ իրականացվել է ամիսներ առաջ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից ձեռք բերված «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի շնորհիվ:
Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի հունվարի 5-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել էին թմրամիջոցի փոխանցման նմանատիպ դեպք։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։