Բացահայտվել է ճանապարհային ոստիկանության պաշտոնյաների և ոստիկանության այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության դեպքեր, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):
Համաձայն հաղորդագրության, հիմնավորվել է, որ ճանապարհային ոստիկանության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչ Էդվարդ Շիրոյանը օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ առանց փաստացի ստուգելու վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները, ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պայմաններում մարտ ամսվա ընթացքում վարորդական վկայականներ է տրամադրել 2 անձի, որի դիմաց միջնորդավորված ձևով ստացել է տարբեր չափերի կաշառք, այդ թվում` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Գեղարքունիքի մարզի երկու անձնագրային բաժանմունքների պետերից:
Մասնավորապես, Սևանի անձնագրային բաժանմունքի պետի միջնորդությամբ ստացած 150 հազար դրամ կաշառքի դիմաց, սահմանված կարգի խախտմամբ, Էդվարդ Շիրոյանը նրա ներկայացրած անձի գործնական քննությունը գնահատել է դրական, և վերջինս ստացել է վարորդական վկայական:
Բացի այդ, պարզվել է, որ մեկ այլ քաղաքացի` Մեսրոպ Վարդանյանը, կաշառք տալու միջոցով վարորդական վկայական ստանալու հարցում աջակցելու համար դիմել է իր ազգականին` Գավառի ավտոդպրոցի վարպետ Հաղթանակ Յավրյանին, ով այդ նպատակով Մ. Վարդանյանից վերցրել է 250 հազար դրամ: Այնուհետև Հ. Յավրյանն ավագ տեսուչ Էդվարդ Շիրոյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 200 հազար դրամ կաշառքի դիմաց Մեսրոպ Վարդանյանին վարորդական վկայական տրամադրելու վերաբերյալ:
Էդվարդ Շիրոյանը ստացած խոշոր չափի կաշառքի դիմաց Մեսրոպ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է տեսական քննություն ընդունելու մասին կեղծ արձանագրություն և Մ. Վարդանյանի քննությունը գնահատել դրական:
ՀՔԾ-ն տեղեկացնում է՝ վերը նշված հանցավոր արարքների համար Էդվարդ Շիրոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/ (պաշտոնեական լիազորությոնները չարաշահելը), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառք ստանալը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Մեսրոպ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառք տալը) և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Հաղթանակ Յավրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառքի միջնորդությունը):
Էդվարդ Շիրոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Մեսրոպ Վարդանյանի և Հաղթանակ Յավրյանի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:
ՀՔԾ-ն հայտնում է, որ քրեական գործից հիշյալ մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ նաև այն մասին, որ բացի վերը թվարկված դեպքերից, ՀՀ ոստիկանության ՃՈ Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի պետական ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձինք, նախնական համաձայնության գալով, վարորդական վկայականներ ստանալու համար դիմած անձանց օգտին գործողություն կատարելու՝ գործնական քննությունները դրական գնահատելու համար մարտ ամսվա ընթացքում ստացել են կաշառք և առանց ավտոմեքենա վարելու գործնական հմտությունները ստուգելու տրամադրել են վարորդական վկայականներ:
Վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր, որոնցով նախաքննությունը շարունակվում է: