Ս.Սարգսյանը աշխատանքային այցով Լոս-Անջելեսում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am -ին նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքից սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոս Անջելես: Այցի առաջին օրը Հանրապետության ղեկավարն Մոնտեբելլո քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին, ծառ տնկել հիշատակի պուրակում:  Սեպտեմբերի 25-ին Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկի և Հայաստանի բանկերի ընկերակցության կողմից կազմակերպված տնտեսական համաժողովի բացմանը, որին մասնակցել են Հայաստանի և Կալիֆորնիայի գործարար համայնքի ներկայացուցիչներ: Համաժողովի մասնակիցներին ուղղված իր խոսքում Նախագահը կարևորել է Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործումը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման և Հայաստանի Հանրապետության հզորացման: Սերժ Սարգսյանը նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում տնտեսության զարգացման գործում լիարժեք չի օգտագործվել նաև Հայաստանի քաղաքացիների ներուժը: Նախագահի խոսքով, Հայաստանի անկախացումից ի վեր եղել են և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ: Խոսել միայն բացթողումների մասին, ըստ Հանրապետության ղեկավարի, նշանակում է պատասխանատվությունը սեփական ուսերից գցել ուրիշի ուսերին: ,Մենք տերն ենք և՛ բացթողումների, և՛ ձեռքբերումներիե,-ասել է Նախագահ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարի խոսքով, անշուշտ, այդ ներուժն ամբողջությամբ օգտագործելու դեպքում կարող էինք ունենալ ավելի շատ ձեռքբերումներ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սփյուռքահայ գործարարներին՝ անցած քսան տարիների ընթացքում հայրենիքի հզորացմանն ուղղված իրենց գործունեության համար: “Հույս ունեմ, որ ընդհանուր ջանքերով մենք տեսանելի ապագայում ունենալու ենք մի երկիր, որով բոլորս միասին հպարտանալու ենք”,-ասել է Նախագահը:Լոս Անջելեսում Սրբոց Ղևոնդյանց նորակառույց առաջնորդանիստ եկեղեցում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել պատարագին, որը համատեղ մատուցել են Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ու Կիլիկիո կաթողիկոսության նույն թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Եկեղեցուն հարակից առաջնորդարանի կենտրոնում այնուհետև տեղի է ունեցել ընդունելություն, որտեղ Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել նաև թեմական խորհրդի ներկայացուցիչների և ԱՄՆ-ի արևմտյան ափում բնակվող հայազգի բարերարների հետ: Նույն օրը Սերժ Սարգսյանը մասնակցել է Ամերիախմբի ներկայացուցչության բացման արարողությանը: Լոս Անջելեսում Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման արարողությանը ևս: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ մեր բոլոր  հայրենակիցները, ովքեր ապրում են Միացյալ Նահանգների այդ ափում, անպայման հնարավորություն կգտնեն գոնե մեկ անգամ այցելելու մեր հյուպատոսարան: “Ես կոչ եմ անում բոլորին, ովքեր ապրում են Միացյալ Նահանգների այս մասում, իրոք, գան այստեղ: Կոչ եմ անում և՛ նրանց, ովքեր իշխանություններին սիրում են, և՛ նրանց, ովքեր իշխանություններին չեն սիրում, որովհետև շատ բան ժամանակավոր է. դժվարությունները ժամանակավոր են, նույնիսկ պատերազմն է ժամանակավոր, սիրելի կամ ոչ սիրելի իշխանությունները ժամանակավոր են, հավերժականը հայրենիքն է, իսկ հայրենիքի հետ կապող օղակը հենց այս շենքն է: Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին, որ մեր ժողովրդի համար ամենածանր պահերին հնարավորություն տվեց մեր հայրենակիցներին մուտք գործելու Միացյալ Նահանգներ, հնարավորություն տվեց արժանապատիվ ապրելու, զարգանալու, ինտեգրվելու այս հզոր երկրի հասարակության մեջ՝ ճանաչելի դարձնելով իր պատմական հայրենիքը: Մենք հպարտանում ենք ձեզնով և ամեն ինչ անելու ենք, որ դուք էլ մեզնով հպարտանաք”,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև տեղի իշխանություններին:Սեպտեմբերի 25-ի երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը Լոս Անջելեսում մասնակցել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելությանը, իսկ մինչ այդ, Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ: 




Լրահոս