Երկրագնդի մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը վարակվելու դեպքում կարող է հիվանդանալ Covid-19-ի ծանր ձևով: Այսպիսի եզրահանգման է եկել ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Չինաստանի գիտնականների միջազգային խումբը, որը վերլուծել է աշխարհի 188 երկրների առողջապահական համակարգերի տվյալները: Այս մասին գրում է հոնկոնգյան South China Morning Post-ը՝ հղում անելով Lancet գիտական ամսագրում հրապարակված հոդվածին:
«Մեր գնահատականները մոտավոր են և հաշվի են առնված վտանգի ամենաբազային, և ոչ թե ավելի կոնկրետ գործոնները, ինչպիսիք են՝ էթնիկ պատկանելությունը, սոցիալ-տնտեսական պայմանները կամ ճարպակալումը»,- գրում են գիտնականները:
Ներկայիս համավարակի ընթացքում գիտնականները պարզել են, թե բնակչության ո՞ր շերտերն են առավել խոցելի հիվանդության նկատմամբ: Դրանք հիմնականում թոքերի, սրտանոթային համակարգի, երիկամների քրոնիկ հիվանդություններով, ճարպակալմամբ և շաքարախտով տառապող մարդիկ են: