Ֆելիքս Ցոլակյանը խոշոր հրդեհից հետո դիմել է ոստիկանություն․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խոշոր հրդեհ էր բռնկվել Ծիծեռնակաբերդի տարածքում։ Նշենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով մոտ 120 փրկարար ծառայող:

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ արտակարգ իրաիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ երեկվա ահազանգերի մասով դիմել են ոստիկանություն, իրենք էլ են զբաղվում։ «Մենք լսեցինք, որ հրավառություն է եղել, նաև Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակն էր գրել, դիմել ենք ոստիկանություն, թող զբաղվեն, մենք էլ ենք զբաղվում մեր մասով», – նշեց նա։ Դիտարկմանը՝ հետևողական լինելու եք, որ մեղավորներն իրոք պատժվեն, Ցոլակյանը նշեց․ «Մենք մեր մասով հետևողական ենք լինելու, բայց հարցը արդեն մեր տիրույթում չէ եւ այլ կառույցների խնդիր է»։

Ցոլակյանի խոսքով առանց խնդիրների հնարավոր է եղել երեկ մարել հրդեհը։ «Զոհեր չեն եղել, միայն մեր տղաներից մեկի ոտքն է ոլորվել։ Հիմնական խնդիրը ծառերի կոճղերն էին, այրվել է մոտ 21 հա տարածք», – հայտնեց նա։

Հավելենք, որ  ԱԻՆ հայտարարության համաձայն, ուժեղ քամու պատճառով առաջացել են հրդեհի մի քանի օջախներ. հրշեջները աշխատել են միաժամանակ տարբեր օջախների մարման ուղղությամբ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին: Այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք։ Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը բնակելի տարածքներ։ Մոտակայքում գտնվող շենք-շինություններին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին վնաս չի պատճառվել: Դեպքի վայրում են եղել Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի այդ նույն տարածքում կրկին հրդեհ էր, այս անգամ հուլիսին: Ընդ որում, դա համարվել էր մարդկային գործոնի հետևանք և ընթացք տրվել: Տարածված հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 14-ին քաղաքացիներն ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայություն և հայտնել, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում՝ Ծիծեռնակաբերդի անտառում, բուսածածկ տարածքը հրդեհել են երկու անձը չպարզված քաղաքացի և դիմել փախուստի: Նախարարությունն այդ հաղորդագրությունն ուղարկել էր ՀՀ ոստիկանություն, որ միջոցներ ձեռնարկեն հրդեհի հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար: Տեսնենք՝ այս անգա պատժվողներ կլինե՞ն։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս