«Մոտ 25 հազար քաղաքացի լրացուցիչ վճարելու է ամսական 700 մլն դրամ»․ քաղաքացիները դժգոհ են, կառավարությունը չի հանձնվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանն ու Վահե Հովհաննիսյանը դեռեւս այս տարվա ապրիլին ներկայացրել էին  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀօրենքի նախագիծ։

Մասնավորապես, պատգամավորներն առաջարկում էին չեղյալ համարել կուտակային կենսաթոշակների վերաբերյալ կարգավորումները, որոնք պետք է ուժի մեջ մտնեին 2020 թվականի հունվարի 1-ից։ Սակայն պատգամավորները չեն կարողացել համաձանության գալ կառավարության հետ և նախագծի քննարկումը հետաձգվել է երկու ամսով՝ հետագայում փոփոխություններ անելու պատրաստակամությամբ։

Իսկ որն է խնդիրը․ բանն այն է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» գործող օրենքով 500 հազար ՀՀ դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմ է համարվում 500 հազար դրամը, որը 2020 թ. հուլիսի 1-ից դառնում է նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափ։ Եվ ստացվում է, որ 500 հազար դրամից ավել աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական մինչև 52 հազար դրամ լրացուցիչ սոցիալական վճար:  Իսկ ահա նախագծի հեղինակներն առաջարկում են այդ փոփոխությունը չեղարկել եւ առհասարակ առավելագույն շեմ սահմանել 500 հազար դրամը։ Ընդ որում, նրանք այս նախագիծը հրատապ են համարում։

Նկատենք, որ սոցիալական ցանցերում ևս բուռն քննարկումներ են պատգամավորների ներկայացրած փոփոխության մասով, եւ քաղաքացիները, տարբեր ոլորտի ներկայացուցիչները ևս կողմ են այս առաջարկին՝ նկատելով, որ ամբողջ աշխարհը, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, գնում է դրական փոփոխությունների, եւ այս դրույթի չեղարկումը ևս դրանցից մեկը կլինի։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխությունը չիրականացնելու դեպքում, մոտ 25 հազար քաղաքացի լրացուցիչ վճարելու է ամսական մոտ 700 մլն դրամ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս