2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից եւ նոր խորհրդարանի ձեւավորումից հետո իշխանությունները ձեռնամուխ եղան Սահմանադրական դատարանի անդամների փոփոխության։ Սակայն յուրաքանչյուր անգամ իշխող թիմին ինչ-որ բան պակասում էր՝ իրենց ծրագրածն իրականացնելու եւ, իրենց խոսքով ասած, Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանգուցալուծելու համար։
Սահմանադրական դատարանում ճգնաժամի մասին առաջին անգամ հայտարարեց Վահե Գրիգորյանը 2019 թվականի հունիսի 20-ին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը երդմամբ ստանձնելու ելույթի ժամանակ։ Նա հիմնավորեց, թե ինքը ՍԴ-ում երկրորդ ընտրված դատավորն է, մյուսներն, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, անդամի կարգավիճակում են: 2018-ին փոխված Սահմանադրական օրենքի համաձայն, ՍԴ որոշումներն ընդունում են դատավորները, առնվազն հինգ դատավորի քվեով, մինչդեռ ՍԴ կազմից յոթը անդամի կարգավիճակ ունեն, իսկ անդամները նման լիազորություն չունեն: Եվ Վահե Գրիգորյանն այդ օրը հայտարարեց նաև, թե ՍԴ է գնում նախագահի լիազորություններով: Դրանից մի քանի օր անց Վահե Գրիգորյանը պետական մարմիններին ուղղված իր նամակում երեք լուծում առաջարկեց։ Եվ ահա նրա առաջարկած լուծումներից Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծ մշակեց եւ, եթե մինչև փետրվարի վերջին օրը Սահմանադրական դատարանի որևէ անդամ հրաժարական ներկայացներ, ապա կշարունակեր ստանալ աշխատավարձ, ապա նաև թոշակ, սակայն ՍԴ անդամներից ոչ ոք չգնաց այդ քայլին։
Նկատենք, որ Սահմանադրական դատարանի անդամներին սոցիալական երաշխիքներով վաղ կենսաթոշակ առաջարկելուց առաջ՝ 2019 թվականի հոկտեմբերի սկզբին, խորհրդարանը ճգնաժամը լուծելու ևս մի փորձ արեց: Այդ ժամանակ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ 98 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։ Հիմքում դրվել էին Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Թովմասյանի թույլ տված կարգապահական խախտումները: Սակայն այս որոշումն էլ երկու շաբաթ անց Սահմանադրական դատարանը մերժեց քննության ընդունել:
Եվ ահա, երրորդ փորձը եղավ այս տարվա փետրվարի 6-ին, երբ Ազգային ժողովը ձայների 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու որոշում։ Հանրաքվեն պետք է տեղի ունենար ապրիլի 5-ին, սակայն այս անգամ էլ կորոնավիրուսային իրավիճակը խափանեց ծրագրերը, եւ արտակարգ դրության պայմաններում այն տեղի չունեցավ։
Արդյունքում չորրորդ փորձով խորհրդարանը ընդունեց նոր փոփոխության նախագիծ, որով Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահից պետք է դառնա ՍԴ անդամ, իսկ երեք դատավոր Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի եւ Ֆելիքս Թոխյանի լիազորություններն էլ պետք է դադերեցվեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն նոր ՍԴ անդամներ։ Սակայն ուշագրավ է, որ ՍԴ անդամները չեն հանձնվում եւ պատրաստ են դիմել անգամ ՄԻԵԴ։ Հետաքրքիր է՝ ինչ հանգուցալուծում կստանա իշխանությունների չորրորդ փորձը։
Նաիրա Հովհաննիսյան