Արդեն ոչնչացված, ստորացված վիճակում ենք. Ղարաբաղի պատերազմի ժամանակ չէինք ասում՝ մենք ղարաբաղցի չենք. Արմինե Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից համացանցում «բնիկ երեւանցի» ֆլեշմոբ է սկսվել։ Քաղաքական գործիչները, մտավորականներն ու սովորական օգտատերերն իրենց էջերում տեղադրում են «Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երեւանի բնիկներին։ Ես բնիկ եմ, եւ սա իմ քաղաքն է» գրությունը։ Ֆլեշմոբը նախաձեռնել է հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին, ում  միացել են ՀՀ ժողովրդական արտիստ, հայ դերասան, մշակութային գործիչ Հրանտ Թոխատյանն ու այլ անվանի մշակութային գործիչներ:

Խոսքը Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծի մասին է, որով նախատեսված են գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխություններ։

Թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է երգչուհի Արմինե Գրիգորյանի հետ, ով նույնպես միացել է «բնիկ երեւանցի» ֆլեշմոբին:

«Ես նույնպես միացել եմ ֆլեշմոբին, եւ պարտադիր չէ ուղտը մեր դուռը չոքի, որ նոր մենք` բոլորս միանանք: Ես ինքս բնիկ երեւանցի չեմ, եւ պարտադիր չէ, որ բնիկ լինեմ նոր… Ես 1985 թվականից ապրում եմ Երեւանում, եւ բնիկ ինձ չեմ համարում, քանի որ ես բնիկ Էջմիածնից եմ եւ հպարտ եմ դրանով, բայց ես արդեն 35 տարի է ինչ ապրում եմ Երեւանում եւ ինձ համարում եմ բնիկ էջմիածնեցի, ով ապրում է Երեւանում: Կարծում եմ` դա բոլորին է վերաբերվում, եւ միայն դղյակներին չէ, որ վերաբերվում է։ Եթե համատարած ֆլեշմոբ է, բնականաբար պետք է միանալ: Վաղը մյուս օրը բոլորին կամաց-կամաց այդ օրենքը հասնելու է, եւ, ինչ խոսք , այդ հանգամանքն անհանգստություն է պատճառելու: Այն , որ շատերը գրում են՝ ով է բնիկ, ով չէ, ձեռք են առնում… : Ղարաբաղի ժամանակ մենք չէինք ասում մենք ղարաբաղցի չենք, գործ չունենք: Մենք բոլորս հայ ենք եղել , կանք եւ կշարունակենք մնալ: Երբ ինչ-որ թեմա է լինում ,ոչ մեկ չի ասում, թե որ քաղաքից են։ Երբ Սպիտակում երկրաշարժ տեղի ունեցավ, բոլորս էինք անհանգստանում, չէինք ասում մենք Սպիտակից չենք, գործ չունենք: 1915 թվականի Եղեռնի ժամանակ թուրքը, երբ մտնում էր կողքի գյուղը, այն մյուս գյուղում ասում էին, թե ես կապ չունեմ մինչեւ իրենց գյուղ մտնելը: Ես այդպես եմ կարծում, եւ համատարած, եթե բոլորը ֆլեշմոբ են անում, ապա ես  էլ եմ անում։ Կարծում եմ, երբ առիթ է լինում ․անպայման պետք է ձայն բարձրացնել, ոչ թե լռել»,-նկատում է երգչուհին:

Հարցին` արվեստագետների խոսքին որքանո՞վ ականջալուր կլինեն իշխանության ներկայացուցիչները, մեր զրուցակիցը նշում է. «Չեմ կարծում, որ ինչ-որ բան կփոխվի, քանի որ այսօր արվեստագետ բառն այնքան է ոչնչացվել: Արդեն ոչնչացված, ստորացված վիճակում ենք, թե հիմա ի՞նչ պատճառով` արվեստագետների, թե ում մեղավորությունն է, համենայնդեպս, արվեստ հասկացողությունը վաղուց արդեն տեղ չունի մեր երկրում, եւ չեմ կարծում եմ, որ դա ինչ-որ մի բանի կբերի: Ջախջախվել է այդ հասկացողությունը: Ֆլեշմոբն անցկացվում է, եւ ես էլ իմ կողմից միացել եմ, որպես հայ եմ մասնակցել, պարտադիր չէ, ծնունդով որտեղից ենք: Այդպես ենք մտածել, դրա համար էլ այս օրին ենք հայտնվել, պառակտվել ենք: Սա շատ վատ բան է, հիմա էլ կպել ասում են ` ով է բնիկ, ով բնիկ չէ: Երբ հարցը հային է վերաբերվում ,ինչ կապ ունի, թե ով որտեղից է»:

Արմինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում հատուկ շեշտում է, որ նա արվեստի մարդ է, երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ նման ցանկություն էլ չունի, պարզապես ունի մի խնդրանք` կրկին վերադառնալ բեմ, ինչպես ինքն է նշում «Արվեստի մարդուն բեմից զրկելը, հանցագործություն է»:

«Ես արվեստի մարդ եմ, քաղաքականությունից հեռու եմ ,եւ չեմ ուզում խոսել դրա մասին: Միայն մի ցանկություն ունեմ, որ բացվի մեր գործը, սկսենք նորից աշխատել, որպեսզի չներքաշվենք քաղաքականության մեջ: Պարապ մարդն ամեն ինչ մտածում է, խառնվում է, ես չեմ ուզում պարապ լինել, որպեսզի քիթս մտցնեմ ամեն ինչի մեջ: Ես ընդամենն աշխատել եմ ուզում, եթե արվեստի մարդը չի աշխատում, նա հիվանդանում է, այդտեղ գումարն առաջնայինը չէ: Բոլորս էլ պատերազմի տարիներ ապրած մարդիկ ենք, բոլորս էլ տարբեր նեղությունների մեջ ապրել ենք, մի կերպ կդիմանանք, բայց երբ արվեստի մարդը չի աշխատում, բեմում չէ, նա հիվանդանում է, եւ կարանտինից դուրս այլ հիվանդություն է ձեռք բերում՝ չաշխատելով, չլինելով բեմում: Ընդամենը աղաչում եմ, թողնեն աշխատենք, եւ ոչ մի քաղաքական գործընթացների մեջ չխառնվենք: Արվեստի մարդուն բեմից զրկելը դա հանցագործություն է: Պատերազմի ժամանակ փամփուշտի տակ էլ ենք երգել զինվորների համար, բայց այսօր նույնիսկ դա չի թույլատրվում , եւ իմաստը չեմ հասկանում։ Ես չեմ ուզում արվեստի մարդիկ քաղաքական խաղերի մեջ խառնվեն: Ուզում եմ թողնեն մենք մեր գործով զբաղվենք եւ հարգենք մեր երկրի ղեկավարներին»,-ասում է նա:

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն առաջարկում է ֆլեշմոբի մասնակիցներին ընտրել 5-7 հոգի եւ Ազգային ժողովում քննարկել գույքահարկի աղմկահարույց դարձած թեման:

Լիդա Եղիազարյան




Լրահոս