ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը երեկ լրագրողների հետ զրույցում խոսել է խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին եւ ակնարկել, որ այն պետք է ուղարկվեր Սահմանադրական դատարան։ «Այն Սահմանադրությունը, որը գործում է, որին ես մասնակցել եմ, այնտեղ չի գրված, որ եթե սահմանադրական փոփոխությունները վերաբերելու են Սահմանադրական դատարանին, դա ենթակա չէ նախնական սահմանադրական վերահսկողության», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թովմասյանը:

 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընդունած նախագիծն օրենքի ուժ կստանա, ապա կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները, եւ թափուր տեղերը լրացնելուց հետո դատավորներն իրենց կազմից կընտրեն ՍԴ նոր նախագահ։

Հրայր Թովմասյանն անպատասխան թողեց հարցը, թե արդյոք, զրկվելով Բարձր դատարանի նախագահի պաշտոնից, կշարունակի պաշտոնավարել որպես դատավոր: Նշենք, որ, ըստ օրինագծի, իրենց պաշտոնը կթողնեն ՍԴ երեք դատավորներ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Ալվինա Գյուլումյանը։ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խորհրդարանական խմբակցությունը սպասում է «Լուսավոր Հայաստան»-ի (ԼՀԿ) պատասխանին: Կմիանա արդյոք ԼՀԿ-ն Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը՝ առայժմ պարզ չէ:

«Բարգավաճ Հայաստան»-ը մտադիր է Սահմանադրական դատարանում վիճարկել Ազգային ժողովի կողմից  սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը՝ որակելով այն հակասահմանադրական։ Ծառուկյանի ղեկավարած ուժն ունի 25 պատգամավոր, իսկ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն, հետեւաբար առանց «Լուսավոր Հայաստան»-ի աջակցության ՍԴ դիմելու հնարավորություն չի լինի։

ԲՀԿ-ն արդեն ունի 25 պատգամավորների ստորագրությամբ դիմումը, ներկայացրել են ԼՀԿ-ին, ինչից հետո քննարկում են ունեցել «Լուսավոր»-ի իրենց գործընկերների հետ: Եվ, ահա, երեկ խորհրդարանում երկու ուժերի ներկայացուցիչները հանդիպում ու քննարկում են ունեցել, որից հետո ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» առանձին է  քննարկում արել, եւ, ահա, դրանից հետո խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Տեղեկացնում եմ, որ վաղն առավոտյան (այսօր) 10։00 ԱԺ 334-րդ սրահում տեղի կունենա «Լուսավոր Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը՝ վերջին իրավաքաղաքական գործընթացների եւ դրանց հետ կապված մեր կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ»։

Սակայն, մեր տեղեկություններով, երկու ուժերի հանդիպումից հետո ԼՀԿ-ն անորոշ վիճակում է թողել իր ընդդիմադիր գործընկերոջը: Եվ չնայած այսօր պետք է մամուլի ասուլիսով հանդես գան, սակայն փաստ է, որ նրանք դեռ ստորագրահավաքին չեն միացել, խոսել են ԲՀԿ-ի հետ ու ճանապարհել: Եվ, ահա, վերջիններիս մոտ այնպիսի տպավորություն է եղել, որ նրանք այդպես էլ չեն միանա, կարծես թե ինչ-որ բանի են սպասում եւ միայն օդում խոսում:

Հիշեցնենք՝  Ազգային ժողովը 89 կողմ ձայներով ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Այդ փոփոխությունների համաձայն՝ կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները, եւ թափուր տեղերը լրացնելուց հետո դատավորներն իրենց կազմից կընտրեն դատարանի նոր նախագահ։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտեցին նիստը՝ կասկածի տակ դնելով իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացի օրինականությունը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՉԵՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դեմ պայքարում հորդորում է եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը:«Այսօր հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք: Բայց առողջապահական համակարգի ծավալման հնարավորություններն անսահմանափակ չեն»,-նշել է նա։ Ըստ վարչապետի՝ յուրաքանչյուր ոք կարող է կանգնեցնել այս մահացու վիճակագրության զարգացումը՝ կրելով դիմակ, պահպանելով սոցիալական հեռավորությունը եւ պարբերաբար ախտահանելով ձեռքերը:

 

 

ԲԱՐՁՐ Է

Չնայած այս տարվա հունիսից ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումներին՝ Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձր մնալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:  Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվում է 1900 մետր 84 սանտիմետր բարձրության վրա, ինչը 2 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: Այս տարվա հունվարի 9-ից մինչեւ հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 140 միլիոն 292 հազար խորանարդ մետր ջուր: Հունիս ամսվա ընթացքում ոռոգման նպատակներով Սեւանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 27 միլիոն 106 հազար խորանարդ մետր ջուր:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

Արցախի Հնարապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վրույր Խաչատրյանն ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողներին ներկայացրել է նորանշանակ բաժնի պետին։ ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի հրամանով ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վահրամ Օհանյանը երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Մեկ այլ հրամանով ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի պետ է նշանակվել ոստիկանության մայոր Սերգեյ Ենգիբարյանը՝ ազատվելով ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնից։ ԱՀ ոստիկանության պետի տեղակալը շնորհավորել է ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի նորանշանակ պետին եւ մաղթել անփորձանք ծառայություն։

 

 

ՄԵԿ ՇԱԲԱԹՈՎ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվել է: Որոշումն ընդունել է դատավոր Աննա Դանիբեկանը: Հետաձգման պատճառը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի բացակայությունն է: Փաստաբանը դատարանին տեղեկացրել էր, որ շփվել է կորոնավիրուսով հիվանդի հետ եւ պետք է թեստ հանձնի: Հիշեցնենք, որ դատարանը վերսկսել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը:

 

 

ԺԱՄԿԵՏ ՉԿԱ

Ըստ Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան?՝ հուշագրի կնքման համար սահմանված ժամկետ չի եղել, քննարկումները շարունակվում են:  Քաղաքական ակտիվ շփումներն ու քննարկումները շարունակվում են. եթե որոշենք, որ հուշագիր ենք ստորագրում, ապա կանենք դա, եթե ոչ, աշխատանքները կշարունակվեն առանց հուշագրի: Այս մասին այսօր Armlur.am-ի հետ զրույցում ասաց Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ, «Մեկ Հայաստան», «Հայրենիք» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ, եւ հուշագրի ստորագրման գործընթացը կասեցվել է: Սաղաթելյանը վստահեցրեց, որ կուսակցությունների հարաբերություններում ոչինչ չի փոխվել, եւ քննարկումները շարունակվում են:  Հարցին, թե որն է պատճառը, որ մինչեւ այժմ հուշագիր չեն ստորագրել, ինչու է գործընթացը դանդաղում, ՀՅԴ ԳՄ  ներկայացուցիչը պատասխանեց. «Մենք որոշել ենք՝ շարունակում ենք քննարկումները: Մեր առաջ ո՛չ սահմանված ժամկետ է եղել, ո՛չ էլ ինչ-որ ժամկետի շուրջ պայմանավորվածություն ենք ունեցել: Հենց հիմա էլ ակտիվորեն շարունակում ենք քննարկումները»:

 

ՀԱԿՎԱԾ ԵՆ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ակնկալվում է, որ  Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավոր կարող է ընտրվել վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում հենց նրան են հակված առաջադրել այդ պաշտոնի համար, համարում են պարկեշտ եւ փորձառու անձնավորություն: Բացի այդ, նա ՍԴ-ում դատարանում աշխատելու փորձ ունի:

Նա 1996թ. մինչեւ 2003թ. աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում՝ որպես աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետ, ապա` դատավորի օգնական: Իսկ 2003թ. աշխատել է ՀՀ ՍԴ-ում՝ որպես աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետ: Նա վարչական դատարանի դատավոր նշանակվել է 2013թ.: Հավելենք, որ 2015թ. նա դիմել էր նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ ընտրվելու համար, սակայն մրցույթը չէր հաղթահարել: Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» խմբակցությունը  արտահերթ նիստում միանձնյա քվեարկեց եւ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է, որ ՍԴ 3 դատավորների լիազորությունները կդադարեցվեն։ Միաժամանակ, կդադարեցվեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես նախագահ։ Նա կշարունակի կատարել ՍԴ դատավորի լիազորությունները։Եվ, ահա, ԱԺ նախագահի կողմից հրապարակելուց հետո, Սահմանադրության 7-րդ գլխի 3-րդ մասը ուժի մեջ մտնելուց հետո, Սահմանադրական դատարանի թափուր տեղերի համար առաջադրումները կկատարեն հաջորդաբար կառավարությունը, ՀՀ նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը։

 




Լրահոս