«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը թատրոնի, կինոյի, հեռուստատեսության դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի, «Արտավազդ» մրցանակակիր Լուսինե Կիրակոսյանն է: Դերասանուհին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է մի շարք ներքաղաքական հարցերի եւ ոչ միայն:
«Ես Աստծու տված մարդ եմ, նույնիսկ իմֆորմացիաներ եմ վերեւից ստանում: Մեր երկրի վերջը շատ լավ է լինելու: Քոչարյանի ազատ արձակվելը ժամանակավոր բնույթ է կրում: Քոչարյանն իրավունք չունի ազատության մեջ գտնվելու, դեռ աչքիս առաջ է մեր թատրոնի դիմացի մարդասպանությունը: Բոլոր մարդասպանները պետք է իրենց պատիժը օրենքի առաջ կրեն»,-նշում է նա:
Դերասանուհին մեզ հետ զրույցում ընդգծում է, որ երբեք քաղաքականությմաբ չի հետաքրքրվել, բայց այն, ինչ հիմա կատարվում է մեր երկրում, չի կարող անտարբերության մատնել նրան:
«Ես առաջ երբեք քաղաքականությամբ չեմ հետաքրքրվել, բայց հիմա, որ տեսնում եմ, թե ինչ վիճակ է երկրում, արդեն, անկախ քո կամքից, դու էլ ես մտնում դրա մեջ: Բոլորը պետք է իրենց պատիժները կրեն. եթե ժողովուրդն էլ չդատի, Աստված դա կանի, բայց այստեղ մի հատ ուրիշ փակ քաղաքականություն կա, որին մենք չենք տիրապետում, գաղտնի է, ինչ-որ նպատակների համար ինչ-որ բաներ են կատարվում: Կարող է՝ պետք է սպասել: Ես գիտեմ, որ փող բաժանելով՝ ժողովրդից ձայն են հավաքել, հենց ժողովրդից գողացած փողով, ու որոշները ոչխարի պես արածում են այդ գումարները, արդեն ամոթ է: 1988 թվականին, երբ երկրաշարժը տեղի ունեցավ, փոխվեց ամեն ինչ, Սումգայիթի ջարդ տեղի ունեցավ, հեղափոխություններ, Սովետի փլուզումը, մութ ու ցուրտ տարիներ, դա ինչո՞ւ հաշվի չեն առնում: Այդ բոլորին էլ պետք է մեջտեղ բերեն»,-նկատում է նա:
ՀՀ վաստակավոր դերասանուհու դիտարկմամբ` այսօր մեր երկրում բոլորը դարձել են քննադատողներ, մեկնաբաններ. «Ամբողջ Հայաստանը բամբասանքով է զբաղված, ոչ մի լավ բան չենք գնահատում, ամեն լավ բանի մեջ վատն ենք տեսնում, ուտող-ուրացողները շատ-շատ են: Մարդ առաջինն ինքն իրեն պետք է նայի, հետո նոր կարողանա դիմացինին քննադատել: Այնուամենայնիվ, ես հույս ունեմ, որ ամեն ինչ կհաղթահարենք: Ինչո՞ւ եք հարձակվում վարչապետի վրա, ինչո՞ւ չեք օգնում մարդուն, որպեսզի դուրս գանք այս կեղտի միջից, ահագին դուրս ենք եկել, բայց ոտքերներս շատ խրված է, թեկուզ բոբիկ, պետք է դուրս գանք, ազատ ու միմյանց նկատմամբ հարգանքով ապրենք»:
Լուսինե Կիրակոսյանի կարծիքով` երկիրը այս վիճակից կարող է դուրս բերել միայն միասնությունը:
«Այսքան ժամանակ չի եղել մի դեպք, որ ես առանց դիմակ տանից դուրս գամ կամ ինչ-որ մեկին հյուր գնամ կամ ընդունեմ, չեմ հասկանում` ինչու չեք պահում անվտանգության կանոները: Պետք է բոլորս միավորվենք, մի բռունցք դառնանք, որպեսզի կարողանանք այս դժվարությունները հաղթահարել: Մեր հայ ժողովրդի մեծամասնությունն իրականում շատ մեծամիտ են, կարծես փիլիսոփայության կենտրոնները հենց իրենք են: Օրը մի քանի անգամ աղբահանության մեքենաները գալիս աղբը տանում են, բայց էլի տեսնում եմ, որ դիմակները, ձեռնոցները, սպրիչներ, էլ ինչ ասես գետնին գցված են: Ախր ամոթ է, նույն անողները շենքերի «պաձեզդներում» միզում են, բայց իրենց տուն մտնելիս ոտքերը սրբում, հանում, մաքրում են, նոր մտնում են, բայց չէ՞ որ քո փոքր տունը ունի նաեւ իր մեծ տունը, եւ այդ մեծ տունը պետք է բոլորս միասին մաքուր պահենք»,-շեշտում է դերասանուհին:
Լուսինե Կիրակոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցն ամփոփում է լավ լուրով. «ՄԻ լավ նորություն ունեմ. վերջերս զանգահարել էր Արմեն Խանդիկյանը, հարցերց որպիսությունս, թե ինչի կարիք ունեմ, եւ այսքան ժամանակվա մեջ ասաց, որ ինձ համար նոր դեր է նախատեսել, եւ որ ամեն ինչ լավ է լինելու: Նրա զանգից հետո տրամադրությունս բարձրացավ, ապրելու ձգտում առաջացավ»:
Եվ մեզ հետ զրույցի վերջում հավելում է, որ մեծ ցանկություն ունի հանդիպելու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց դեռեւս նրան չի հաջողվում:
«ՀԵՏԵՎՈՒՄ ԵՄ ՈՒ ՇԱՏ ՀԵՌՎԻՑ». ԱՎՈ
«Ժողովուրդ» օրաթերթը երգիչ Ավո Ադամյանի հետ զրուցել է Հայաստանում զարգացող ներքաղաքական իրավիճակի եւ կորոնավիրուս համաճարակի դեմ իր պայքարի բանաձեւի մասին։
-Ավո՛, հետեւո՞ւմ եք արդյոք Հայաստանում կատարվող ներքաղաքական անցուդարձին, ի՞նչ տպավորություն ունեք:
-Հետեւում եմ ու շատ հեռվից, ոչ մի քաղաքական անցուդարձի ո՛չ մասնակցում եմ, ո՛չ մասնակցել եմ եւ ո՛չ էլ պատրաստվում եմ մասնակցել: Ես կարծում եմ, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Հետեւում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց ոչ մի քաղաքական ուժի չեմ պատկանում: Ոչ մի վայրկյան քաղաքականությամբ չեմ զբաղվել:
-Հեղափոխությունից անցել է շուրջ երկու տարի, ի՞նչ փոփոխությունների եք ականատես եղել, եւ արդյոք արդարացե՞լ են Ձեր սպասումները:
-Փորձում եմ հեղափոխության մասին ոչ մի մեկնաբանություններ չանել, ո՛չ հեղափոխությունից առաջ, ո՛չ հետո, պարզապես ես փորձում եմ չխառնվել: Ես արվեստի մարդ եմ, ապրում եմ իմ արվեստով, իմ աշխատանքով, ո՛չ հեղափոխությունից առաջ, ո՛չ էլ հետո, ինձ ո՛չ ինչ-որ բան տվել է, ո՛չ էլ արել է, ես ինձանով, ինքնուրույն մարդ եմ իմ ուժերով, ու մինչեւ վերջ այդպես է լինելու: Ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանություններից ակնկալիք չունեմ, կարողանում են, թող այնպես անեն՝ ժողովուրդը լավ ապրի: Ես իմ ուժերով սովորել եմ, աշխատել եմ, իմ ընտանիքն եմ կազմել, եւ որեւէ մեկը չկա, բացի Աստծուց ու իմ ծնողներից, որ ինձ սատար են կանգնել կամ իմ ձեռքը մի բաժակ ջուր են տվել, ուստի ես ակնկալիքներ ո՛չ հեղափոխությունից ունեմ, ո՛չ հեղափոխականներից, ո՛չ նրանցից առաջ, ո՛չ էլ հետո:
-Անդրադառնանք նաեւ ամբողջ աշխարհին մարտահրավեր նետած թագավարակին: Դուք ի՞նչ ելքեր եք տեսնում, ինչպես՞ կարող ենք պայքարել այս վիրուսի դեմ, ո՞րն է Ձեր բանաձեւը:
-Խիստ կոչ եմ անում բոլորին զգույշ լինել, պահպանել բոլոր անվտանգության կանոնները, չգիտեմ, իմ կարծիքով, սա մեծ խաղ է: Մահացու վիրուսը, համաճարակն աշխարհում կա ու պատրաստ է ամենավատ թշնամու նման մտնել տուն, եթե մենք ակնհայտ թշնամուն տեսնում ենք, ապա այս վիրուսին չենք տեսնում: Աստված տա՝ այս ամեն ինչը շուտ վերջանա, եւ մարդիկ էլ վերադառնան իրենց կյանքի բնականոն հունին:
Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
ՔՆՆԱՐԿՈՒՄ Է
Անգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը քննարկում է Մյունխենի «Բավարիայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին վերադարձնելու հնարավորությունը: Կոուտինյոն «Լիվերպուլ» վերադառնալու խնդրանքով օրեր առաջ դիմել էր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքը պատկանում է կատալոնական «Բարսելոնային»: Բրազիլացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ է անցկացնում «Բավարիայում»: Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում 32 խաղում դարձել է 9 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ: Հիշեցնենք, որ Ֆիլիպե Կոուտինյոն «Լիվերպուլում» հանդես է եկել 2013-2018 թվականներին:
«ՈՍԿԵ ԳԼՈԲՈՒՍ»-Ը ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
«Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հանձնման արարողությունը 2021թ.-ի հունվարից տեղափոխվել է փետրվար։ Այս մասին հայտնել է մրցանակի պաշտոնական կայքը: «Ուրախ ենք հայտարարել, որ «Ոսկե գլոբուս»-ի հանձնման 78-րդ արարողությունը տեղի կունենա 2021թ.-ի փետրվարի 28-ին՝ կիրակի»,- հայտարարել են կազմակերպիչները։
Ավանդաբար մրցանակը հանձնվում է հունվարի առաջին կիրակի օրը։ Այս տարի մրցանակաբաշխության արարողության հետաձգման որոշումը կայացվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ի դեպ, ավելի վաղ հայտնի է դարձել «Օսկար» կինոմրցանակաբաշխության հետաձգման մասին։ 2021 թվականին այն տեղի կունենա ապրիլին։
ՎՆԱՍՎԱԾՔԸ ԿՐԿՆՎԵԼ Է
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոյի հայրը խոսել է Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի «Բանլիի» դեմ խաղում իր որդու ստացած վնասվածքի լրջության մասին: «Ագուերոյի վնասվածքը կրկնվել է: Նա նույն վնասվածքը ստացել էր նաեւ մրցաշրջանի սկզբում: Վերջնական պատասխանը պարզ կդառնա բուժզննման ավարտից հետո: Կարծում եմ, որ Ագուերոն արդեն այս շաբաթ վիրահատության ենթարկվելու նպատակով կմեկնի Բարսելոնա»,- ասել է Ագուերոն։ Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի»-«Բարնլի» հանդիպումն ավարտվել է 5:0 հաշվով: Ագուերոն վնասվածք է ստացել առաջին խաղակեսի վերջնամասում «Բարնլիի» պաշտպաններից մեկի հետ բախման արդյունքում: