Լուսանկարն արվել է Երեւանում
Մեքենայի վարորդի փոքրիկ հնարամտության արդյունքում պետհամարանիշերը «թաքնվել են»՝ ապահովագրելով հնարավոր վարչական խախտումների արձանագրումից ու պատասխանատվությունից։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Եթե ֆիզիկական անձն իրեն պատկանող հասարակական նշանակության տարածքը տրամադրել է վարձակալության, ապա ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություն առաջանո՞ւմ է, թե՞ ոչ։
Արմեն Հարությունյան ( 37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր եւ (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության գործարքները Ավելացված արժեքի հարկով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում)։
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող համարվող անձինք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց (բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձը հարկային հաշիվ ստանալու պահանջ է ներկայացրել) ապրանքներ մատակարարելիս կամ ծառայություններ մատուցելիս պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթղթեր կամ օրենքով սահմանված դեպքերում տրամադրել հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ:
ՎԱՐԿԵՐ
ՀԱՐՑ. Հետաքրքիքր է իմանալ` եթե աձն ունի վատ վարկային պատմություն, հետեւաբար չի կարողանում բանկից վարկ վերցնել, տվյալ դեպքում ինչ կարող է անել։ Կա՞ որեւէ հնարավորություն կամ ընդառաջում, որպեսզի նա մաքրի իր վարկային պատմությունը։
Տիգրան Հունանյան (31 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Հունանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վարկային տեղեկատվությունը կամ, այսպես կոչված, վարկային պատմությունը անձի (վարկառուի) վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է նրա կողմից ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:
Գործնականում «վատ վարկային պատմությունը մաքրել» նշանակում է ընթացիկ վարկային զեկույցներում չունենալ խնդրահարույց (ժամկետանց կամ սուբյեկտիվ չափանիշներով դասակարգված) վարկեր:
Վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է: («Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ ենթակետ)։
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ որ վարկի տրամադրումը մերժելու հիմքերը սահմանվում են բանկի ներքին կանոններով, եւ եթե բանկը մերժում է հաճախորդի` վարկ ստանալու վերաբերյալ դիմումը, ապա պետք է նշի մերժման հիմքը: