ԻՆՉՊԵ՞Ս ԱՐԱԳԱՑՆԵԼ ՍԴ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի պաշտոնավարման վերջին շաբաթն է։ Այս ուրբաթ Հրայր Թովմասյանն օրենքի ուժով պետք է ազատի նախագահի աշխատասենյակը, իսկ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանը կլքեն Սահմանադրական դատարանը: Իհարկե, այս  ժամկետը կգործի այն դեպքում, եթե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը վաղը հրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որը ուժի մեջ կմտնի հաջորդ օրը: «Սահմանադրական դատարանի 3 դատավորների լիազորությունները ենթակա են դադարեցման, այսինքն` դադարեցվում են Սահմանադրության ուժով, եւ վերջիններս այլեւս չեն ունենա Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակ, հետեւաբար ըստ այդմ պետք է շարժվել առաջ, որ, այո, Սահմանադրական դատարանի նախագահն այլեւս չի կարող լինել Սահմանադրական դատարանի նախագահ եւ օգտվել Սահմանադրական դատարանի նախագահի համար սահմանված լիազորություններից», – երեկ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

 

Սակայն, ինչպես հայտնի է, ՍԴ երեք անդամներն ու Հրայր Թովմասյանը չեն ցանկանում այդքան արագ զիջել իրենց դիրքերը եւ հայտարարել են, որ հասնելու են անգամ Եվրոպական դառարան: Սակայն դրան զուգահեռ ուշագրավ իրավիճակ է խորհրդարանում, որը պետք է այս փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ընտրի ՍԴ նոր անդամներ, այն էլ միեւնույն օրը (այս փոփոխությունն արվել է արտահերթ նիստում):

Ինչպես հայտնի է, այս փոփոխությունների արդյունքում նախկին Սահմանադրություններով ընտրված անդամներից նոր ձեւավորվող կազմում կշարունակեն պաշտոնավարել Աշոտ Խաչատրյանը, Արեւիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը եւ Հրայր Թովմասյանը։ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամկետը, ըստ գործող Սահմանադրության, լրանում է 10 տարի անց։ Այս փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ կազմում թափուր է մնալու 3 դատավորի պաշտոն, իսկ նախագահի պաշտոնը ժամանակավորապես մինչեւ ամբողջ կազմը համալրելը եւ այդ նոր կազմից նոր նախագահ ընտրելը կզբաղեցնի տարիքով ավագ դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը։ Բարձր դատարանի կազմում գործող Սահմանադրությամբ ընտրված է 2 դատավոր` Արման Դիլանյանն ու Վահե Գրիգորյանը: Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Եվ, ահա, ԱԺ նախագահի կողմից հրապարակելուց հետո, Սահմանադրության 7-րդ գլխի 3-րդ մասի՝ ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի թափուր տեղերի համար առաջադրումները կկատարեն հաջորդաբար կառավարությունը, ՀՀ նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը։

Եվ, ահա, ուշագրավ իրավիճակ է, թե երբ եւ ինչպես կատարեն ընտրությունը, եւ ինչպես անեն, որ համապատասխան քանակով պատգամավորներ մասնակցեն, քանի որ քվեարկությունը երեք հինգերորդ է, եւ անհրաժեշտ են նվազագույնը 79 պատգամավորի կողմ ձայներ, որպեսզի երեք անդամներն էլ ընտրվեն, եւ կազմը համալրվի: Նշենք, որ հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը պետք է քննի Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում առկա հոդվածի սահմանադրականության հարցը, եւ իշխանությունները ցանկանում էին արագացնել այդ գործընթացը, որպեսզի մինչ այդ հարցի քննությունը լինի նոր կազմ: Եվ հիմա այս իրավիճակում, երբ կորոնավիրուսը հասավ խորհրդարան, իշխանությունները դեռ չգիտեն՝ ինչպես անել:

Բանն այն է, որ կորոնավիրուսը հա սել է Ազգային ժողով. երեկ հայտնի դարձավ, որ  կորոնավիրուսով են վարակվել նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, իսկ մինչ այդ էլ հայտնի էր դարձել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի վարակակիր լինելու մասին: Եվ, ահա, խորհրդարանում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, եւ կան մեկուսացած պատգամավորներ բոլոր խմբակցություններում: «Իմ քայլ»-ից երեկվա դրությամբ հաստատված վարակակիր էին Վիկտոր Ենգիբարյանն ու Քրիստինե Պողոսյանը, մեկուսացել եւ թեստ պետք է հանձներ Ծովինար Վարդանյանը, սակայն ցանկն այդքանով չի սահմանափակվում: ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո մեկուսացել են նաեւ այդ կուսակցության մի քանի անդամներ: Ինքամեկուսացած է նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՆՇԱՆԱԿԵԼ Է

Գրիգորի Գաբրիելյանցը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական խորհրդական: Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Գրիգորի Գաբրիելյանցին Արցախի Հանրապետության պետական խորհրդական նշանակելու մասին՝ ազատելով նրան Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից։

 

 

ԳՈՐԾՈՒՂՎԵԼ Է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեորգի Ավետիսյանին ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի եւ Լոռու մարզեր գործուղելու մասին որոշում է ստորագրել: «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2020 թվականի հունիսի 25-26-ը ներառյալ գործուղել ՀՀ Գեղարքունիքի եւ  ՀՀ Սյունիքի մարզեր, իսկ հունիսի 29-30-ը ներառյալ՝ ՀՀ Տավուշի եւ ՀՀ  Լոռու մարզեր՝ նոր կառուցված սպանդանոցների բացման եւ գործարկման արարողություններին մասնակցելու, այդ գործընթացը այլ տնտեսվարողների եւ հասարակության համար թափանցիկ եւ տեսանելի դարձնելու նպատակով: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի եւ Լոռու մարզեր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,-ասված է որոշման մեջ։

 

 

ԱԽՏԱՀԱՆՈՒՄ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի կարծիքով՝ օրը մեկ անգամ ախտահանման աշխատանքները էֆեկտիվ չեն կարող լինել, եթե վարակակիրը տարածքում է: Ըստ նրա՝ Երեւանը պետք է ունենա պետական ծառայություն, որը կզբաղվի ախտահանման աշխատանքներով, քանի որ համատիրությունը, որքան էլ լավ աշխատի, չի կարող պատշաճ կերպով իրականացնել ախտահանման աշխատանքները: «Ախտահանման աշխատանքներն այսօր համատիրությունների ուսերին են: Շատ բնակիչներ, ում մոտ համատիրությունը լավը չէ, բողոքում են, որ իրենց մոտ ախտահանում չի կատարվում, եւ մենք ամեն անգամ գնում ենք այս բողոքների հետքերով»,-Armlur.am-ի հետ զրույցում ասել է նա։

 

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄՆ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ Է

Լոռու մարզի Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմը մեկուսացվել է. նրանցից մեկի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս։ «Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմը մեկուսացվել է։ Դեռեւս նրանցից միայն մեկի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս, ով այժմ գտնվում է Երեւանի հիվանդանոցում։ Աշխատակազմի մնացած աշխատակիցները ինքնամեկուսացվել են»,- ասված է Գյուլագարակ համայնքի հայտարարության մեջ։

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության արդյունքում նրա ազատ արձակվելուց երկու օր հետո:

 

 

ՉԻ ՏԵՍՆՈՒՄ

Կան քննադատություններ, որ համավարակով պայմանավորված՝ մենք արդեն սկսել ենք ծախսել մեր պահուստային ֆոնդից եւ շուտով ունենալու ենք ազգային անվտանգության խնդիր: Այս մասին ԱԺ-ում, դիմելով ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին, հարցրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Արդյոք Հայաստանը կանգնա՞ծ է այդպիսի ծայրահեղ խնդրի առջեւ, եւ մենք իսկապե՞ս ունենալու ենք ազգային անվտանգության խնդիր»,-հարցրել է պատգամավորը: Ի պատասխան՝ փոխնախարարն ասել է. «Ճիշտն ասած, ես ազգային անվտանգության խնդիր չեմ տեսնում: Մենք հետեւողականորեն աշխատում ենք եւ բոլոր գնահատումները տարբեր սցենարներով իրականացնում ենք, որպեսզի հասկանանք, թե ֆինանսական կայունությունը երկրում որքանով է ապահովված: Եթե որեւէ ռիսկ տեսնենք, մենք բնականաբար, քայլեր կանենք այս ուղղությամբ: Եթե նկատի ունեք ֆիսկալ անկայունության, բյուջետային միջոցների անբավարարության պայմաններում անվտանգության խնդիրը, ես նման խնդիր չեմ տեսնում»:

 

ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

Արա լեռան անտառը շտապ բուժման կարիք ունի թրթուռներից։ Ուշացումը կունենա անդառնալի հետեւանքներ։ Այս խնդրի մասին ահազանգում է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը: ArmLur.am-ի հետ զրույցում նախկին պատգամավորն արձանագրեց, որ թրթուռները վերջին շրջանում բավականին շատացել են, ուտում են ծառերի տերեւները, իսկ դրա հետեւանքով չորանում են ծառերը: Ավելին, զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ ծառերը սրսկվել են մի քանի տարի առաջ: Նկատենք, որ այս խնդրի շուրջ դժգոհում են նաեւ Կոտայքի մարզի Արագյուղի բնակիչները. թրթուռները հասել են նրանց խնձորի այգիներին: Պարզվում է՝ նախկին պատգամավորի ահազանգին առայժմ արձագանքել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պռոռեկտոր, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունն ուխտի ականջում քնած է: Այս գերատեսչության պաշտոնական կայքէջից արդեն պարզ է դառնում, թե ինչպես են աշխատում. վերջին նորությունը տեղադրվել է այսօր, այն էլ՝ Հայաստանում եղանակի մասին: Ի դեպ, արդեն մի քանի օր է՝ նախարարությունը պարտադիր տեղեկացնում է Հայաստանում եղանակի մասին: Տպավորություն է, թե մեր հանրապետության բնապահպանության ոլորտում այլ խնդիրներ չկան:

 




Լրահոս