ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻ ՀԱՐՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հունիսի 8-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատման դիմում էր ներկայացրել։ Նշենք, որ վերջինիս հրաժարականը եղավ այն բանից հետո, երբ նրա որդու հարսանիքի մասին տեղեկություն հրապարակվեց մամուլում: Գրել էինք, որ Պաշտպանության նախարարությունում տարածված տեղեկությունների համաձայն՝ նրա ազատման պատճառն իրականում միայն հարսանիքը չի եղել:

 

Բանն այն է, որ Բագրեւանդի այն առանձնատունը, որտեղ անցկացվում էր հարսանեկան արարողությունը, եւ որը պատկանում է Արտակ Դավթյանին, հայտարարագրերում ներկայացված չէ: Եվ նրա առանձնատան մասին բացահայտումն էլ եղել է վերջին կաթիլը: Եվ, ըստ էության, այս բացահայտումներից հետո է Արտակ Դավթյանին ասվել ազատման դիմում ներկայացնել:

Իսկ ինչո՞վ է զբաղված ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ Դավթյանն այս պահին ոչնչով չի զբաղվում, սակայն չի բացառվում, որ պաշտոնից ազատված ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին նշանակեն ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ: Այս քննարկումները, սակայն, ՊՆ-ում այդքան էլ լավ չեն ընդունվել:

 

Դեռ չեն կոշմնորոշվել

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝  շատերը համարել են, որ Արտակ Դավթյանին Մովսես Հակոբյանի տեղը բերելով՝ կարող  են նոր խնդիրների առաջ կանգնել, ուստի լավ կլինի նրա համար նոր պաշտոն մտածել: Եվ, ահա, քննարկումների արդյունքում, մեզ հասած տեղեկությունների համաձայն, որոշել են, որ լավ կլինի  Արթուր Դավթյանին տանեն  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ):

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կարծիք  է հնչել, որ նրան կարող են նշանակել գեներալ-լեյտենանտ  Հայկազ Բաղմանյանի փոխարեն: Ինչպես հայտնի է, 2018 թվականի մարտի 22-ին Սերժ Սարգսյանը Հայկազ Բաղմանյանին նշանակեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով։ Ի դեպ, Հայկազ Բաղմանյանը 2017 թվականին ազատվել էր  Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել էր, որ գեներալը զորացրման զեկուցագիր է ներկայացրել իր հորդորով:

Եվ հիմա ստացվում է, որ 2021 թվականի մարտի 22-ին լրանում է Հայկազ Բաղմանյանի պայմանագրի ժամկետը, եւ միգուցե ՊՆ-ում չեն սպասի պայմանագրի ժամկետի ավարտին. ԶՈՒ  գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանին  կտեղափոխեն ՀԱՊԿ, թե կնշանակեն ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ՝ ցույց կտան ՊՆ-ում տարվող քննարկումները: Ի դեպ, նախարարությունում  տարածված լուրերի համաձայն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետին որեւէ պաշտոնում նշանակելու հարցում խիստ մտահոգված է ՀՀ վարչապետի խորհրդական, ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը, որը, նախարարությունում տարածված լուրերի համաձայն, Արտակ Դավթյանի մտերիմ ընկերն է:

 

Ազատեցին

Հունիսի 20-ին գրել էինք, որ  Արցախի պաշտպանության բանակում եւս ուշագրավ տեղափոխություններ են տեղի ունենում: Մասնավորապես, պաշտոնատար անձանց տեղափոխում են ՀՀ պաշտպանության նախարարություն եւ բարձր պաշտոնների նշանակում: 2019 թվականի հունիսի 24-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի` գեներալ-մայոր Միքայել Համբարձումյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: Եվ, ահա, 1 տարի անց որոշում է կայացվել Միքայել Համբարձումյանին բերել ՀՀ պաշտպանության նախարարություն եւ նշանակել ՀՀ ՊՆ վարչության պետ: Ի դեպ, այս փոփոխությունները սկսվել էին այն պահին, երբ հունիսի 16-ից 17-ը աշխատանքային այցով Արցախի հանրապետություն եւ ՊԲ էր այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը:

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ Օնիկ Գասպարյանը նախ հյուրընկալվել էր հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, ապա մասնակցել ՊԲ-ի սննդի մատակարարման թեմայով անցկացված աշխատանքային խորհրդակցությանը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գեներալ-մայոր Միքայել Համբարձումյանը արդեն ազատվել է  ՊԲ տեղակալի պաշտոնից, եւ սպասում են նրան  ՊՆ վարչություններից մեկում նշանակելու հրամանին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՄԻՋԱՆԿՅԱԼ ՆԻՍՏԵՐ ԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

 

Երեկ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի պաշտպանները դատավոր Արտուշ Գաբրիելյանի մասով բացահայտումներ են արել եւ դատավորին ինքնաբացարկ հայտնել: Ըստ դատական օրենսգրքի՝ եթե դատավորը գնում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, ապա նա միջանկյալ այլ նիստեր եւ կամ հանդիպումներ չպետք է ունենա, մինչդեռ Աբրահամ Մանուկյանի փաստաբանական խումբը բացահայտել է, որ Արտուշ Գաբրիելյանը, Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցը կալանավորման հարցով գտնվելով խորհրդակցական սենյակում, միջանկյալ նիստեր է արել եւ հանդիպումներ ունեցել: Եվ, ահա, այս ամենի արդյունքում էլ Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը մեզ հայտնեց, որ ինքնաբացարկ են հայտնել:

 

Նշենք, որ այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործով խափանման միջոցը կալանավորում ընտրելու կամ մերժելու մասով պետք է կայացներ որոշում, սակայն ժամը պաշտպանների այս բացահայտումից հետո կալանավորման որոշման հարցը հետաձգվել է: Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը ներկայացնելիս գլխավոր դատախազը հիշատակել էր նաեւ Աբրահամ Մանուկյանի անունը.

«Հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ «Երեւանշին» ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն եւ առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն Գեղարքունիքի մարզում։ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին։ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս։ Պայմանավորվածությունից հետո նրանցից որպես կանխավճար ստորագրությամբ ստացել է 10 հազար դրամ թղթադրամներից բաղկացած գումար, որի չափը չի հիշում։ Դրանից հետո հաճախակի հաշվետվություններ է ներկայացրել եւ տեղեկացրել ձայների պայմանավորված քանակի մասին, որի համաձայն՝ ստացել է 10 հազար դրամ անվանապես արժեքով թղթադրամներ։ Ընտրությունների ավարտից հետո ստացված գումարների եւ բերված ձայների ամփոփումն արել է Մանուկյանի եւ Առուստամյանի հետ։ Վերնջիններից կանխիկ ստացել է մոտավորապես 90 միլիոն դրամ։ Այդ ամենի վերաբերյալ կազմվել են փաստաթղթեր, որոնց իր մոտ առկա օրինակները հայտնաբերվել են ընկերության գրասենյակում կատարված խուզարկությամբ»,- նշել էր Արթուր Դավթյանը։

Այսպիսով, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՈՐՊԵՍ ՎԿԱ

«Այսօր ես իմացա, որ երկու տարբեր, իրար հետ կապ չունեցող քրեական գործերով որպես վկա պետք է հարցաքննություն տամ, եւ այսօր ավագանու նիստի մեկնարկին ինձ քրեական վարչության ներկայացուցիչը հանձնեց ծանուցագիրը»,-ասել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։ «Գործը վերաբերում է «Լույս» խմբակցությանը օրենքով ամրակցված մեքենային, որը, բնականաբար, ունի վարորդ, որն իրականացնում է մեքենայի սպասարկումը։ Վարորդին վաղ առավոտյան տնից դուրս են տարել, բերել են քրեական վարչություն, հետագայում նաեւ իր կնոջն են այնտեղ հրավիրել եւ հարցերի բնույթը եւ գուցե նաեւ այն արդյունքը, որը կակնկալեին ոստիկանության ներկայացուցիչները, այն էր, որ դուրս գար, թե ինքը ֆիկտիվ գրանցված վարորդ է? հացրել են, թե ով է փողը ստանում, ինչ է անում, իմ վերաբերյալ են սկսել հարցեր տալ եւ այլն: Այս քրեական գործի մասին երբ իմացա, պարզապես ծիծաղս եկավ, որովհետեւ իր՝ որպես աշխատակից առնչությունները փաստաթղթավորվում են յուրաքանչյուր ամիս, ինքը գնում է, ներկայանում է, փաստաթղթեր է ստորագրում եւ այլն, ուստի իր գործառույթների կատարման մասով պարզապես ծիծաղելի է այն, ինչը որ իրենք անում են»,- ասել է  Խաժակյանը։

 

ԿՄՆԱ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

Armlur.am-ը գրել էր, որ օրերս «օրենքով գողին» տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն՝ հետազոտման, սակայն ավելի ուշ կրկին հետ են տարել դատապարտյալների հիվանդանոց՝ քրեակատարողական հիմնարկ: Մեզ հայտնի դարձավ, որ վաղը ՀՀ վերաքննիչ դատարանը կհրապարակի Արսեն Երեւանսկու պաշտպանների բողոքը վերջինիս խափանման միջոցը՝ կալանավորումը փոխելու մասով:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հանցավոր սխեմաներ բացահայտելու մասին։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով, 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երևանսկի մականունով Արսեն Մկրտչյանը եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ Բասար մականունով Արմեն Մելքոնյանը: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով բերման են ենթարկվել եւս 8 անձ:

 

 




Լրահոս