Երեկ Երեւանի ավագանու նիստում քննարկվեց Երեւան համայնքի վարչական տարածքում շրջիկ առեւտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, պայմանները եւ գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաեւ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները:
Ըստ այդմ, շրջիկ առեւտրի կետերը պետք է ապահովված լինեն ապրանքների պահման եւ մանրածախ առեւտրի, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով: Շրջիկ առեւտրի կետ հանդիսացող ավտոմոբիլները եւ (կամ) դրանց կցորդները կարող են լինել մինչեւ 10 մետր երկարության, 2,5 մետր լայնության եւ 3 մետր բարձրության:
Շրջիկ առեւտրի կետերը պետք է ապահովված լինեն էլեկտրաէներգիայի արտադրման ավտոնոմ համակարգով, որը պետք է բավարարի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի՝ 2002 թվականի մարտի 6-ի «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի եւ հաարակական շենքերում եւ բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերը հաստատելու մասին թիվ 138 հրամանով հաստատված աղմուկի թույլատրելի նորմերին ներկայացվող պահանջներին, իսկ հանրային սննդի ծառայություն մատուցողները՝ նաեւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի՝ 2002թ. դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր։ Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ։ Որակի հսկողություն» N2-III-Ա 2-1 սանիտարական նորմերը եւ կանոնները հաստատելու մասին թիվ 876 հրամանով հաստատված կանոններին համապատասխանող խմելու ջրի, ինչպես նաեւ գոյացած կեղտաջրի պահման համար յուրաքանչյուրը առնվազն 100 լիտր տարողունակությամբ հերմետիկ փակ տարաներով:
Շրջիկ առեւտրի կետը պետք է ապահովված լինի արտաքին լուսավորության համակարգով: Շրջիկ առեւտրի կետ հանդիսացող ավտոմոբիլները եւ (կամ) դրանց կցորդները կողային (մայթին կից) հատվածից պետք է ունենան համապատասխան բացվածք՝ առեւտրի իրականացման եւ(կամ) ծառայությունների մատուցման համար: Շրջիկ առեւտրի կետերն անվտանգ կայանման կազմակերպման համար պետք է ապահովված լինեն արգելակման համակարգի հանգույցներով: Շրջիկ առեւտրի կետի արտաքին տեսքը եւ դրա վրա փակցված գովազդն ու ձեւավորումը անհրաժեշտ է նախապես ներկայացնել Երեւանի քաղաքապետարան՝ հաստատման։
Շրջիկ առեւտրի կետում չի թույլատրվում վաճառել՝ 1) գյուղատնտեսական արտադրանք, 2) մսամթերք, 3) ծովամթերք, 4) կաթնամթերք, 5) կենդանիներ 6) դեղեր եւ բժշկական նշանակության արտադրանք, 7) շինանյութ, 8) ավտոպահեստամասեր, 9) հրավառության կամ հրագործական արտադրանք, 10) պարֆումերիա-կոսմետիկական ապրանքներ 11) կենցաղային եւ համակարգչային տեխնիկա, 12) աուդիո եւ վիդեո արտադրանք, 13) կենդանիների խնամքի համար նախատեսված իրեր, 14) որսորդական պարագաներ, 15) տնտեսական ապրանքներ եւ գրենական պիտույքներ, 16) պահպանակներ, միջադիրներ եւ հիգենիայի այլ պարագաներ, 17) ծխախոտի արտադրանք, 18) թունդ ոգելից խմիչքներ, 19) հեղուկ վառելիք, հեղուկացված նավթային գազ, տեխնիկական հեղուկներ, 20) մանկական կերեր, 21) այլ ապրանքներ, որոնց իրացումն արգելված կամ սահմանափակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Շրջիկ առեւտրի կետերում չի թույլատրվում մատուցել՝ 1) վարսահարդարման եւ դիմահարդարման ծառայություներ, 2) ինտերնետ ծառայություններ, 3) բանկային կամ արտարժույթային ծառայություններ, 4) կապի եւ հեռահաղորդակցման ծառայություներ, 5) բժշկական ծառայություններ, 6) կացարանի տրամադրում եւ այլ հյուրանոցային ծառայություններ, 7) ցանկացած տեսակի մերսման ծառայություններ։
Հավելենք, որ «Երեւան համայնքի վարչական տարածքում շրջիկ առեւտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, պայմանները եւ գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաեւ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին Երեւան քաղաքի ավագանու որոշման նախագիծն ընդունելու կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
Ն.Հ.
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԱԺ-ՈՒՄ
ԱԺ-ն քննարկում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, ներկայացնելով նախագիծը, ասել է, որ օրինագծի նպատակը տեսանելի հարստությունը կամ ունեցվածքը համարժեք հարկելն է։ Նրա խոսքով՝ կառավարության հեղինակած օրինագծով նախատեսվում է բարձրացնել գույքահարկը, ինչպես նաեւ հարկ սահմանել 3 մլն դրամից ցածր արժողությամբ գույքի համար: Փոխնախարարի խոսքով՝ գործող օրենքի հիմնական խնդիրը նրանում է, որ գույքային հարկերի հարկման բազան, որը կադաստրային արժեքն է, շեղված է շուկայական արժեքներից այն իմաստով, որ խիստ թերագնահատված է։ Արման Պողոսյանը նշել է. «Եթե խոսելու լինենք ամփոփ ցուցիչներով, բավական է միայն նշել, որ մեզանում անշարժ գույքի միավորներից հավաքագրվող գույքային հարկերի կշիռը ՀՆԱ-ի կառուցվածքում կազմում է ընդամենը 0.2% այն պարագայում, երբ միեւնույն տնտեսական միության մեջ գնվող համադրելի եւ ոչ այնքան համադրելի երկրների նույն ցուցանիշը բազմապատիկ ավելի բարձր է»:
Այսպիսով, ըստ նրա, նախագծով առաջարկվում է միավորել հողի եւ դրա բարելավումների հարկման բազան: Ներկայումս հողի համար առանձին օբյեկտ է սահմանված, առանձին բազա, առանձին դրույքաչափեր, հետեւաբար հաշվարկվում է առանձին հարկ, բարելավումների համար էլ սցենարը նույնն է: Արդյունքում՝ երկու հարկերը գումարվում են որպես անշարժ գույքի միասնական հարկ: Մյուս փոփոխությունը սանդղակավորման վերանայումն է: Այժմ առաջարկվում է նաեւ վերացնել չհարկվող շեմը, եւ համակարգի ներդրումը սահուն իրականացնելու համար այն նախատեսվում է ներդրնել 4 հաջորդական տարիների ընթացքում՝ խուսափելով հարկային բեռի կտրուկ բարձրացումից: Այսպիսով, գույքահարկի համակարգային փոփոխությունների շրջանակներում ուսումնասիրվել եւ վերլուծվել են ՀՀ-ում գործող գույքային միավորների բոլոր խմբերի գծով հարկային պարտավորությունները: Բոլոր այդ խմբերի համար մշակվել են հարկման դրույքաչափերի եւ սանդղակների մինչեւ հինգ տարբերակներ: Կատարված վերլուծությունների եւ քննարկումների արդյունքում կայացված որոշումների հիման վրա մշակված նախագծով առաջարկվում է.
1) կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին: Ընդ որում, հիշյալ համակարգային փոփոխության շրջանակում նախատեսվում է սահմանել նաեւ, որ անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում ոչ թե հողի եւ դրա վրա կառուցված շինությունների կադաստրային արժեքներն առանձին-առանձին, այլ այդ գույքային միավորի` որպես հողի եւ դրա բարելավումների շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հանրագումարը,
2) սահմանել անշարժ գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար` նաեւ նոր դրույքաչափեր,
3) վերացնել բնակարանների եւ բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը` բնակարանների մասով մինչեւ 10 մլն դրամ, բնակելի տների մասով՝ մինչեւ 7 մլն դրամ՝ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ, որը կնպաստի սեփականության իրավունքի վերաիմաստավորմանը եւ հարկերի վճարման մշակույթի ամրապնդմանը,
4) հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար հարկման նոր համակարգին անցում կատարել չորս տարիների ընթացքում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2021թ. վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի եւ նոր դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի 25 տոկոսը, 2022թ.՝ 50 տոկոսը, 2023թ.՝ 75 տոկոսը, եւ նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի 2024թ.:
ԱՆՀԱՎԱՍԱՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Անցած ուսումնական տարում Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ էր։ Զորականի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արեւիկ Բաղիրյանը այդ դպրոցի 22 տարվա տնօրեն Սիլվա Խոջայանին հայտնել էր հանրակրթական դպրոցների տնօրենների թափուր տեղերի համար մրցույթներին մասնակցելու իրավունք վերապահող հավաստագիր ստանալու իր մտադրության մասին։ Դրանից հետո Սիլվա Խոջայանի եւ Արեւիկ Բաղիրյանի հարաբերություները լարվել են։ Սիլվա Խոջայանը երկու նկատողություն է հայտարարել, ապա աշխատանքից ազատել Արեւիկ Բաղիրյանին։
Վերջինս տնօրենի այդ որոշումները բողոքարկել է Տավուշի մարզպետարան։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 2020թ. փետրվարի 20-ին որոշում է ընդունել ուժը կորցրած ճանաչել «Զորականի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Սիլվա Խոջայանի` 2020թ. հունվարի 31-ի թիվ 538, 2020թ. հունվարի 14-ի թիվ 529 եւ 2019թ. դեկտեմբերի 19-ի թիվ 527 հրամանները: Նույն որոշմամբ մարզպետը հանձնարարել է Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանին այդ որոշման պատճենները տրամադրել Զորականի միջնակարգ դպրոցի տնօրենին եւ Արեւիկ Բաղիրյանին: Սիլվա Խոջայանի դիմումի հիման վրա, մարզպետ Հայկ Չոբանյանի որոշումով, 2020 փետրվարի 7-ից Սիլվա Խոջայանն ազատվել է Զորականի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից: Մարզպետ Հ. Չոբանյանի փետրվարի 7-ի մեկ այլ որոշմամբ՝ Հայկ Ազարյանը նշանակվել է Զորականի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար մինչեւ մրցույթով տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը եւ աշխատանքային պայմանագիր կնքելը: Սիլվա Խոջայանը, ազատվելով դպրոցի տնօրենի պաշտոնից, որպես մաթեմատիկայի ուսուցչուհի աշխատում է Զորականի դպրոցում։ Նա հայտարարել էր, որ զորականցիների ցանկությամբ ու պահանջով մասնակցելու է Զորականի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար կայանալիք մրցույթին:
Այդ մրցույթը հայտարարված էր 2020թ. ապրիլի 14-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն չկայացավ։ Մրցույթը կայացավ 2020թ. հունիսի 23-ին։ Չնայած Սիլվա Խոջայանը հայտարարել էր մրցույթին մասնակցելու իր մտադրության մասին, սակայն նա չմասնակցեց։ Դպրոցի տնօրենի թեկնածուները երկուսն էին՝ Զորականի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհիներ Արեւիկ Բաղիրյանը եւ Ռուզաննա Ազարյանը։ Զորականի դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Մարինե Պողոսյանը հայտնեց, որ այդ մրցույթը կայացել է արդար եւ թափանցիկ, դրա վերաբերյալ բողոքներ չեն եղել։ Մ. Պողոսյանն ասաց, որ մրցույթին ներկա են եղել դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից 7-ը, կայացած քվեարկության արդյունքում Ռուզաննա Ազարյանը ստացել է 7 քվե, Արեւիկ Բաղիրյանը ոչ մի ձայն չի ստացել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ