Բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական մի շարք հարցերի:
-Պարո՛ն Շահվերդյան, հետեւո՞ւմ եք Հայաստանում զարգացող իրադարձություններին: Ի՞նչ տպավորություն ունեք:
-Շատ լավ եմ արձագանքում եւ կարծում եմ, որ բոլորս պետք է միահամուռ կերպով աջակցենք մեր վարչապետին եւ օգնենք իսկապես նոր փոփոխություններ իրականացնել: Այն, ինչը որ տարիներ ի վեր գողացվել է, վերադարձվի, եւ մեղավորները պատժվեն: Սատարում եմ ներկայիս իշխանությանը եւ համարում եմ, որ շատ ճիշտ որոշումներ են կայացնում, եւ իսկապես հավատում եմ Նիկոլ Փաշինյանին: Նրա ցանկությունը երկիրը փոխելն է եւ անել ամեն հնարավոր բան է, որպեսզի Հայաստանը դուրս գա ճգնաժամից եւ փոխվի, դառնա այն Հայաստանը, որի մասին բոլորս մտածում ենք:
-Օրեր առաջ հայտնի դերասան, կինոռեժիսոր Միքայել Պողոսյանը մտավորականությանը կոչ արեց ներկա իշխանությունների կողքին կանգնել, քանզի նա վտանգներ է տեսնում նախկինների կողմից: Դուք կիսո՞ւմ եք արդյոք Միքայել Պողոսյանի այդ մտավախությունը, արյդոք նախկինների վերադարձի վտանգներ տեսնո՞ւմ եք:
-Այո, ես նույնպես կիսում եմ Միքայել Պողոսյանի մտավախությունը, ես ինքս բոլորին կոչ եմ անում միախմբվել, մեկ մարդ դառնալ: Ես տեսնում եմ նաեւ, թե այսօր ինչ առավել սուր խնդիր ունենք արտաքին թշնամիների հետ, եւ եթե մենք մի բուռ չդառնանք, պատմությունն անընդհատ կրկնվելու է, եւ կրկին փորձելու են ենթարկել եւ անկախությունը մեզանից խլել:
-Նախօրեին «Իմ քայլը» խմբակցությունը արտահերթ նիստում միանձնյա քվեարկեց եւ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է, որ ՍԴ 3 դատավորների լիազորությունները կդադարեցվեն։ Միաժամանակ, կդադարեցվեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես նախագահ։ Դուք Ինչպե՞ս եք արձագանքում:
-Տարիներ շարունակ դատական համակարգում լուրջ խնդիրներ ունենք, եւ դա գաղտնիք չէ, եւ բոլորն էլ գիտեն, որ դրամը դատավորների մոտ որոշ մարդկանց հարցերը միանգամից լուծում է ստանում, եւ համարում եմ, որ մեր դատական համակարգը շատ շուտ ռեֆորմների կարիք ունի, եւ, ի վերջո, հույս ունեմ, որ որոշ դատավորներ իսկապես ճաղերի հետեւում կհայտնվեն, քանի որ տարիներ շարունակ կայացրել են որոշումներ, որոնք որ չպետք է կայացվեին՝ վստահաբար ելնելով իրենց բարեկեցությունից: Ես չեմ վախենում այդ բառն ասել, կարծում եմ, որ այդ ոլորտում 90 տոկոսը կաշառակերներ են, եւ հարցեր են լուծվում որոշակի ճնշումներով կամ դրամով: Եթե ոլորտում լուրջ փոփոխություններ չլինեն, ոչինչ չի ստացվելու, եւ արդարություն էլ չի լինելու, այսինքն՝ նրանք, ովքեր որ գրպանում պարունակություն ունեն, իրենց հարցերը լուծելու են այսպիսի արատավոր դատական ոլորտում:
-«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք բաժանելու հոդվածով: Հետեւե՞լ եք նրա շուրջ կատարվող իրադարձություններին:
-Ես շատ լավ չեմ տիրապետում, թե ինչ է տեղի ունենում, բայց ես գիտեմ, որ մեծահարուստներն արդար ճանապարհով չեն դարձել այն, ինչը որ կան, դա ակնհայտ է. եթե փորձեն արդար ճանապարհներով հարստանալ, լրիվ այլ պատկեր կլինի: Այսօր ես մի հրապարակում եմ տեղադրել իմ էջում, թե ինչպես է Սահակաշվիլին պայքարել օլիգարխիայի դեմ, եւ կարծում եմ, որ մենք այդ խնդիրն ունենք, այս դժվարագույն ժամանակահատվածում մեր այսօրվա իշխանությունը փորձում է բյուջե վերադարձնել լուրջ գումարներ եւ փորձել արդարությունը ջրի երես հանել, որն իսկապես շատ դժվար է, որովետեւ շատ միջոցներ ունեցող մարդիկ կարողանում են շատ արագ լուծել՝ կաշառելով մեր դատական համակարգը եւ բոլորին:
-Պարո՛ն Շահվերդյան, խոսենք նաեւ կորոնավիրուս համավարակի տարածման ու կանխարգելման կառավարության քայլերի մասին: Ինչպիսի՞ գանահատական կտաք:
-Եթե մենք առողջապահության նախարարի կերպարն այսօր փոխենք, ապա այսպիսի կերպար չէր լինի, որ չլիներ թիրախավորված: Մենք զոհն ենք մեր դիստիպլինայի: Մարդիկ քայլեր են առաջարկում, որոնց մենք նայում են մատների արանքով, մինչեւ այդ հիվանդությունը մեր դուռը չի թակում, եւ նոր հասկանում են խնդրի լրջությունը: Իհարկե, շատ թերություններ կան, որը երեւի թե փորձի պակաս է: Կուզենայի, որ շատ ավելի խիստ միջոցներ ձեռնարկվեին, եւ ժողովրդի գիտակցությունը բարձրանար. այն, ինչ ասում են, պետք է հետեւել այս իրավիճակից դուրս գալու համար: Մենք դիմակ ենք կրում, երբ ոստիկանի ենք հանդիպում կամ գիտենք, որ այս ինչ տեղում կան անցակետեր: Բակերում հավաքվում են տատիկներ, պապիկներ, ազատ շփվում են միմյանց հետ: Առողջապահության նախարարը կապ չունի, թե ով է, ի՞նչ անի, բակ առ բակ ընկնի, ասի՝ դիմակ կրեք, հետեւեք Ձեր հիգիենայի՞ն: Տա Աստված, որքան հնարավոր է, շուտ ավարտվի այս վիրուսը: Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում կազատվենք այս վիրուսից, եւ սահմանափակումները կհանվեն, քանի որ ես ամենատուժած ոլորտի ներկայացուցիչներից եմ: Ներկայացումներ չեն կարողանում խաղալ, բեմադրել: Ամեն ինչ կախված է յուրաքանչյուրի գիտակցությունից եւ պատասխանատվությունից, որպեսզի դուրս գանք այս իրավիճակից:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ՀԱՎԱՔՈՒՅԹՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԷՐ». ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նախօրեին տաղանդաշատ երգիչ Արսեն Գրիգորյանի ծննդյան օրն էր։ Երգիչը նշում էր իր ծննդյան 42-ամյակը: ArmLur.am-ի հետ զրույցում Արսեն Գրիգորյանը խոսել է տարեդարձի, հյուրերի, անակնկալների եւ այլ հետաքրքիր թեմաների շուրջ:
«Իմ ամենամեծ եւ սիրելի անակնկալը այն է՝ տեսնել, թե ինչպես են հարազատներս ու ընկերներս ինձ համար ուրախանում, իսկ մնացածը մատերիալիստական բաներ են, իհարկե , կարող են դրանք ուրախություն պատճառել, բայց ամենակարեւորը քո հարազատների ժպիտն ու ուրախությունն է քո իսկ առիթին»,-նշում է նա։
Ծննդյան առթիվ առաջինը երգչին շնորհավորել են կինն ու երեխաները. «Առաջինն ինձ շնորհավորեցին կինս ու ընտանիքիս անդամները, անակնկալ, որպես այդպիսին, մեծ չկա, ինձ համար անակնկալը նրանց բարեմաղթանքներն են ու այն պատրաստություններն են, որոնք կազմակերպել են ծննդյանս օրվա համար»։
Հարցին, թե այս համավարակի պայմաններում ինչպես եւ ում հետ է տոնելու տարեդարձը, Արսեն Գրիգորյանն ընդգծում է.
«Ամենայն անկեղծությամբ կորոնավիրուսի պատճառով ոչինչ չէի ուզում անել, քանի որ ես շատ զգույշ եմ, փորձում եմ պահել անվտանգության բոլոր կանոնները, որպեսզի ես չվարակվեմ կամ ապագայում մեկ ուրիշին չվարակեմ, բայց փոքրիկ հավաքույթն անխուսափելի էր, քանի որ ունեմ ընկերներ, որոնց հետ պարբերաբար հավաքվում ենք, եւ շատ ուրախ եմ, որ ունեմ նման ընկերներ»։
Արսեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշում է, որ ունի բազում չիրականացված երազանքներ, բայց ամենակարեւոր երազանքը, որն իրականացել է, դա երջանիկ ընտանիք ունենալն է։
«Իսկ, թե ի՞նչ կցանկանամ ունենալ… Կցանկանամ, որ իմ երեխաներն ապրեն խաղաղ ու ապահով երկրում եւ ունենան փայլուն ապագա»,-հավելում է երգիչը։
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ
Իսպանական «Վալյադոլիդի» նախագահ, բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդոն հայտարարել է, որ իր ղեկավարած ակումբը պատրաստ է պայմանագիր կնքել Միլանի «Ինտերի» եւ Չիլիի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ: «Ալեքսիս Սանչեսը միշտ հաջողության է հասել այն թիմերում, որտեղ հանդես է եկել: Այնուամենայնիվ, եթե «Ինտերում» նրա մոտ ոչինչ չստացվի, «Վալյադոլիդի» դռները բաց են նրա առաջ»,-ասել է Ռոնալդոն։ 31-ամյա Ալեքսիս Սանչեսը 2019 թվականի ամռանն է «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալությամբ տեղափոխվել «Ինտեր»: Բոլոր ակումբային մրցաշարերում չիլիացի հարձակվողը մասնակցել է 10 հանդիպման, խփել 1 գոլ:
ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խոսել է ընթացիկ մրցաշրջանում քիչ խաղաժամանակ ստանալու պատճառների մասին: «Ինչու՞ դուրս չեմ գալիս խաղադաշտ: Ես եւս կցանկանայի ստանալ այդ հարցի պատասխանը: Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել Զիդանի հետ եւ անում եմ ամեն ինչ նրա վստահությունը ձեռք բերելու համար: Շատ դժվար է կարճ ժամանակում ցույց տալ, թե ինչի ես ընդունակ: Ես խաղադաշտում անցկացնում եմ միայն մի քանի րոպե, եւ այդ ժամանակը բավարար չէ քո ունակությունները ցույց տալու համար»,- Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է Gol Caracol-ը:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:
ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵՆ
Այժմ պետք է սպասենք եւ տեսնենք՝ ինչպիսի արդյունք կգրանցի «Ռեալը», սակայն «Բարսելոնան» պետք է մտածի ոչ թե «Ռեալի», այլ իր մասին: Մենք պարտավոր ենք հաղթել մնացած բոլոր խաղերում, եթե ցանկանում ենք չեմպիոն դառնալ»,- Սետիենի խոսքը փոխանցում է Marca-ն: «Աթլետիկին» հաղթելուց հետո «Բարսելոնան» 68 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Երկրորդ տեղում «Ռեալն» է, որը 1 ահանդիպում պակաս է անցկացրել եւ ունի 65 միավոր: