ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՔՆՆՎԵԼՈՒ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ի՞նչ կապ ունի իրենց դիմումը հետ վերցնելը գործը քննել կամ չքննելու հետ, եթե, միեւնույնն  է, գործը քննվելու է, քանի որ դատավոր Դավիթ Գրիգորյանը եւս դիմել էր Սահմանադրական դատարան այս նույն հարցով»,- լրագրողների հետ զրույցում հիշեցրեց պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ՍԴ ներկայացված դիմումը հետ վերցնելու մասին: «Թող վերցնեն, բայց գործը քննվելու է: Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ չի քննելու գործը, մեր պայմանն ուժի մեջ է», – նշեց նա:

 

Բանն այն է, որ հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը, միեւնույնն է, քննարկելու է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ («Քոչարյանի») գործը, քանի որ համապատասխան դիմում ներկայացրել են ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, այլեւ դատավոր Դավիթ Գրիգորյանը:

Եվ, ահա, խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Քոչարյանի պաշտպանները իրենց քայլով այս ամենին ավելի քաղաքական ենթատեքստ են տվել, ինչը անթույլատրելի է: «Մենք ասել ենք, որ դիմելու ենք հուլիսի 7-ի նիստից հետո եւ մեր խոսքի տեր ենք: Արամ Վարդեւանյանը դեռ ուսանողական տարիներից սիրում էր գնդակը նետել իմ դաշտ: Նա իմ բարեկամն է, բայց խորհուրդ կտամ այդպես չվարվել: Իրենք շատ լավ գիտեն, որ դիմումը վերցնելը չի ենթադրում, որ Սահմանադրական դատարանն այդ հարցը չի քննելու: Այս քայլով իրենք ցույց տվեցին, որ այս ամենը քաղաքական է», – հայտարարեց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանից հետ են վերցրել իրենց դիմումը, որը պետք է քննարկվեր հուլիսի 7-ին, եւ մեկնաբանել այնպես, որ որեւէ բան չխանգարի ընդդիմադիր ուժերին դիմել ՍԴ եւ վիճարկել սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը: Բանն այն է, որ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, թե դիմումը կներկայացնեն եւ կմիանան ԲՀԿ-ին միայն հուլիսի 7-ից հետո, որպեսզի ՍԴ-ում հարցի քննարկումն ավարտված լիներ, եւ այս գործընթացը չկապեին Քոչարյանի հետ: Հավելենք, որ ԲՀԿ-ն առանց ընդդիմադիր գործընկերոջ ուներ 26 ստորագրություն, իսկ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ էր եւս մեկ ստորագրություն:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւս սխալ համարեց, որ պաշտպանները նման քայլ են արել՝ իմանալով, որ դիմումը հետ  վերցնելը չի ազդելու գործի քննության վրա: «Դրա փոխարեն կարող էին Հրայր Թովմասյանին խնդրել, որ երեկ գործը քննեին, այսօր որոշում կայացնեին, ու մենք էլ դիմեինք: Թող այսօր էլ դա անեն, մենք պատրաստ ենք դիմել հենց դրանից անմիջապես հետո:  Իրենք ասում են՝ մենք շահարկում ենք Քոչարյանի գործը, սակայն նման բան չկա», – հավելեց Մարուքյանը: Վերջինս նաեւ հայտարարեց, թե իրենց նկատմամբ արշավ է սկսվել, եւ պաշտպանների քայլը հենց դրա շարունակությունն է:

Հիշեցնենք նաեւ, որ հունիսի 26-ից՝ 00:01-ից, ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները, որով կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի (ՍԴ) 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էլ դատավորի կարգավիճակում կհայտնվի՝ զրկվելով նախագահի պաշտոնից: Իշխող ուժի մեկնաբանմամբ՝ պաշտոնից հեռացող 3 դատավորներից մեկը Ալվինա Գյուլումյանն է։ Վերջինս, այդուհանդերձ, երեկ եւս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց, որ ինքը նախօրեին ընդունված փոփոխություններով չպետք է պաշտոնից զրկվի: «Ձեր ընդհանուր տեւողությունը վերաբերում է նրան, որ դուք հաշվարկում եք ե՛ւ մինչեւ սահմանադրական փոփոխությունները, ե՛ւ սահմանադրական փոփոխություններից հետո։ Քննարկվել է նաեւ այնպիսի տարբերակ, որ բոլորի նախկին պաշտոնավարածը զրոյացվի, եւ սահմանադրական փոփոխությունների պահից հաշվարկվի 12 տարի, որը կլիներ առավել իրավական, կլիներ առավել տրամաբանական։ Սա աբսուրդի թատրոն է, սա միայն նպատակամղված մեկին այս դատարանից հանելու ցանկություն է։ Իրենք էլ գիտեն, որ այդպես չի կարելի մեկնաբանել։ Իրենք էլ գիտեն, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության խորհրդատվական կարծիքի մեջ ուղիղ շեշտվել է, որ իմ պարագայում ժամկետը չի լրացել», – նշեց Գյուլումյանը։

Խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ կդադարեցվեն նաեւ Հրանտ Նազարյանի ու Ֆելիքս Թոխյանի լիազորությունները, սակայն վերջիներս եւս  համարում են, որ սահմանադրական փոփոխություններով խախտվում են իրենց իրավունքները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ՝ ՓԱԿ

Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ սահմանների բացմամբ երկրում համաճարակային իրավիճակը վատթարանա, ուստի առաջիկայում նախատեսվում է զբոսաշրջիկներ ընդունել միայն կորոնավիրուսի տարածման ցածր մակարդակով երկրներից: Այս մասին ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։ Հուլիսի 1-ից Վրաստանը սահմանները կբացի օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Առաջիկա օրերին իշխանությունները պետք է ներկայացնեն «կանաչ երկրների» ցուցակը, այսինքն՝ համաճարակաբանական տեսակետից անվտանգ երկրների: Սպասվում է, որ Վրաստան մուտքը կթույլատրեն Գերմանիայից, Չեխիայից, Ավստրիայից, Բալթյան եւ մի շարք այլ երկրներից ճանապարհորդների համար: Ամենայն հավանականությամբ, այս ցուցակի մեջ չեն հայտնվի Ռուսաստանը, Թուրքիան, Հայաստանը եւ եւս մի քանի երկրներ, որտեղից Վրաստանը ամենամեծ թվով զբոսաշրջիկների էր ընդունում: «Շատ երկրներ, որոնք մեզ համար զբոսաշրջիկների որոշակի աղբյուր էին, բավականին բարդ համաճարակային իրավիճակում են: Այնտեղից ժամանող յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար ռիսկ կա, եւ մենք այդ ռիսկերը թույլ չենք տա։ Մենք թույլ չենք տա վիրուսին երկիր մուտք գործել»,- ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարարը:

 

ՄԱՀԱՑԵԼ Է

Կյանքից հեռացել է Մարտունու անձնագրայինի պետը: Անձնագրայինի պետը մահացել է կորոնավիրուսային վարակից։ Այս մասին հայտնել է  ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը: «Այսօր խորը վշտով տեղեկացա, որ կյանքից հեռացել է Մարտունու անձնագրայինի պետը, բոլորիս կողմից սիրված, հարգված մեր ՍԱՐՈՆ, պատճառը՝ չարաբաստիկ կորոնավիրուսը։ Իրանից կյանք էր հոսում, ուրախություն, ընկերություն, ջերմություն»,-նշել է նա։

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով՝ Արշակ Գասպարյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ Վարչապետի մեկ այլ հրամանով Արմեն Խաչատրյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ։

 

 

ՃՆՇՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՎՈՐԻՆ

Բարձրագույն դատական խորհուրդը Վերաքննիչ քրեական դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի հուլիսի 9-ին՝ ժամը 14։10-ին։ Նիստի ընթացքում այս մասին հայտարարեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ է դիմել Արդարադատության նախարարությունը՝ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի դիմումի հիման վրա: Դիմումի առիթը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատավոր Ալեքսանդր Ազարյանի արած արտահայտությունն է Սասուն Խաչատրյանի վերաբերյալ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ Ազարյանը դրսեւորել է անհարգալից եւ անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի եւ վերջինիս վերադասի նկատմամբ, ինչպես նաեւ իր խոսքով կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծվել։ Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը իր հերթին ասել է, որ փորձ է արվում ճնշում գործադրել դատավորի նկատմամբ։

 

ԿՄՆԱ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողել է անփոփոխ։ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկվել էր: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերեւույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով Ռուբեն Հայրապետյանը եւս ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել էր:

 

ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երեկ Թուրքիա՝ Վան  քաղաքից 55 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան։ Երկրաշարժը զգացվել է նաեւ Երեւանում։

 

 

 




Լրահոս