ՀՀ իրավապահների կողմից հնարավոր կոռուպցիոն դրսեւորումների բացահայտումները շարունակվում են: Այսպիսով, մեզ հայտնի դարձավ, որ Գեւորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2019թ. հուլիսի 4-ից աշխատելով ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման խմբի ավագ օպերլիազորի պաշտոնում, Մեծամորի բաժնի կողմից սպասարկվող տարածքում կատարված հանցագործությունների բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու, այդ ցուցանիշներն առերեւույթ բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, կարերիստական դրդումներով խմբային շահերից ելնելով, նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալբերտ Մարգարյանի հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել Մուրադ Մուրադյանի իրավունքներին եւ օրինական շահերին, պետության օրինական շահերին, հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը` ՀՀ ոստիկանությունը, խաթարվել է արդարադատության շահը, ինչպես նաեւ կատարվել է պաշտոնական կեղծիք: Այսինքն՝ Գեւորգ Աղվանի Հակոբյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 308հոդ. 1-ին մասով եւ 314հոդ. 1-ին մասով:
Այս բացահայտման շրջանակում մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ Ալբերտ Մարգարյանը, ով, 2019թ. օգոստոսի 1-ից աշխատելով ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցիչի գործառույթներ եւ հանդիսանալով պաշտոնատար անձ, Մեծամորի բաժնի կողմից սպասարկվող տարածքում կատարված հանցագործությունների բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու, այդ ցուցանիշներն առերեւույթ բարձր ներկայացնելու համար, նույն բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման խմբի ավագ օպերլիազոր Գեւորգ Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել Մուրադ Մուրադյանի իրավունքներին եւ օրինական շահերին, պետության օրինական շահերին, հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը` ՀՀ ոստիկանությունը, խաթարվել է արդարադատության շահը:
Այսինքն Ալբերտ Մարգարյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 308հոդ. 1-ին մասով: Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանության պաշտոնատար անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նշենք, որ ոստիկանության Դավիթաշենի բաժնի պաշտոնատար անձանց գործողությունների մասով եւս հայտարարվեց նախաքննության ավարտ: Ըստ նախաքննական մարմնի՝ հիշյալ բաժանմունքի կողմից սպասարկվող վարչական տարածքում հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձրացնելու եւ պարգեւատրումներ ստանալու նպատակով վերջիններս Էդգար Գեւորգյանին առաջարկել են չնչին վարձատրության դիմաց կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ՝ խոստանալով համոզել տուժողներին հրաժարվել բողոք ներկայացնելուց եւ այդ հիմքով Է. Գեւորգյանին չենթարկել քրեական պատասխանատվության` գողոնը թողնելով նրա տնօրինման ներքո: Վերը նշված պաշտոնյաների հովանավորության ներքո Էդգար Գեւորգյանը 2019-2020 թվականների ընթացքում Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների տարածքում կայանված ավտոմեքենաներից կատարել է 15 դրվագ գողություն եւ գողության փորձեր, որոնց վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքում: 2020թ. մարտի 19-ին կատարված դեպքերի առթիվ նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է ավագ տեսուչ Հակոբ Հակոբյանին:
Վերջինս, սակայն, պարտավոր լինելով այդ դեպքերի բացահայտման համար օրենքով սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան քրեադատավարական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները եւ ընդառաջել է Արայիկ Ղազարյանի ու Մկրտիչ Վարոսյանի խնդրանքներին, այն է՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթերի կազմմամբ արհեստական հիմքեր է ստեղծել Էդգար Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Մկրտիչ Վարոսյանին, Արայիկ Ղազարյանին եւ Անդրանիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, եւ նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Ստացվում է, որ ոստիկանությունը չի կարողանում հանցագործությունները բացահայտել եւ կեղծ ցուցանիշներ նկարելու գործով է զբաղված, ինչն էլ պատճառն է դառնում նոր հանցագործութունների կատարման:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ
Սամվել Մայրապետյանի վերաբերյալ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սամվել Մայրապետյանը 25.06.2020թ.-ին որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա կազմակերպել է փաստացի իրեն պատկանող ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 5.678.764.260 ՀՀ դրամի հարկեր չվճարելու գործընթացը: Ըստ մեղադրանքի՝ Ս? Մայրապետյանին փաստացի պատկանող «Գլոբուս» ՍՊ ընկերությունը պայմանագիր է կնքել կապալառու ընկերության հետ, որի կողմից իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում Երեւան քաղաքի Տերյան 66 հասցեում կառուցվել է 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք։ Հանցավոր գործունեության հետեւանքով «Գլոբուս» ՍՊ ընկերության փաստացի եկամուտը չի ներառվել հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում, եւ այդկերպ պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 5.678.764.260 ՀՀ դրամի հարկ, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետեւանքով հաշվարկված տույժերը 2020թ. հունիսի 25-ի դրությամբ կազմել են 3.109.123.432 ՀՀ դրամ։
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
2020 թվականի հունիսի 24-ին մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի ծննդատան մոտ կորոնավիրուսով դրական պատասխան ունեցող տաքսու վարորդը շարունակում է տաքսի ծառայություն մատուցել: Քաղաքացին հայտնել է, որ տաքսու վարորդին՝ Ա. Ն.-ին, մի քանի անգամ տեսել է տաքսի ծառայություն մատուցելիս, իսկ 2020թ. հունիսի 24-ին՝ ժամը 8:40-ի սահմաններում, տեսել է, որ տաքսու վարորդները վիճաբանում են վերջինիս հետ եւ պահանջում, որ տաքսի ծառայություններ չմատուցի, քանի որ ունի երկկողմանի թոքաբորբ, եւ /կորոնավիրուս/ հիվանդության հետազոտման արդյունքը դրական է եղել: Պարզվել է, որ Ա. Ն.-ն 24.06.2020թ. ժամը 8:50-ին Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի ծննդատան կանգառից ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է բնակության՝ ինքնամեկուսացման վայր, որտեղ, ըստ Ա. Ն.-ի, իրականացրել է տաքսի ծառայություն: ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277.1-րդ հոդվածի 1-ին մասով:
ԲԱԼԱՅԱՆԸ ՄԵԿՈՒՍԱՑԵԼ Է
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակակրի հետ շփվելու պատճառով մեկուսացել է, սակայն օրեր առաջ հանձնած թեստի պատասխանը եղել է բացասական: Հաշվի առնելով ԶՈՒ բոլոր օղակների անձնակազմի հետ ՊՆ ղեկավարության մշտական անմիջական շփումը, ելնելով ԶՈւ անձնակազմի առողջապահական անվտանգության պահպանումից՝ ռազմաբժշկական ընթացակարգերով սահմանված չափորոշիչներով որոշակի պարբերականությամբ ՊՆ եւ ԶՈՒ ղեկավար կազմը թեստավորվում է:
ՏԵՂՅԱԿ ԵՆ ԵՂԵԼ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ
ArmLur.am-ը հայտնել էր, որ «Դվին» ռեստորանային համալիրում մեծ հրավառություն է տեղի ունեցել, եւ տեսանյութը հրապարակել էինք նաեւ մենք: Ինչպես հայտնի է, վարչական պատասխանատվություն է առկա 23:00-ից հետո կատարվող հրավառությունների դեպքում, եւ չնայած երեկ եղած հրավառությունը մինչ այդ ժամն էր, սակայն լայն արձագանք գտավ համացանցում, քանի որ արտակարգ դրության պայմաններում էր իրականացվում, երբ միջոցառումներն արգելված են՝ ըստ պարետի որոշման: Այսպիսով, ի՞նչ միջոցառում էր երեկ իրականացվում ռեստորանային համալիրում: Այնտեղից ArmLur.am-ին հայտնեցին, թե միջոցառում չի իրականացվել, ռեստորանը չի աշխատում, պարզապես եղել է հրավառություն, որը, իրենց խոսքով ասած, կապ ունի բանակի հետ: Ավելին, նրանք հայտնեցին, թե պատկան մարմինները տեղյակ են եղել հրավառությունից, այդ թվում՝ ոստիկանությունը եւ ԱԻՆ-ը: ArmLur.am-ը փորձեց Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից պարզել՝ իրենք տեղյակ եղել են արդյոք ռեստորանային համալիրում տեղի ունենալիք հրավառության մասին: Նախարար Ցոլակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր զգուշացում չի եղել հրավառության անցկացման մասին: Իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից չհայտնեցին՝ զգուշացում ստացել են, թե ոչ, սակայն ընդգծեցին՝ հրավառությունն արգելված է միայն 23:00-ից հետո:
Հավելենք, որ երեկ՝ հրավառությունից հետո, ռեստորանային համալիրում նաեւ հրդեհ է բռնկվել, հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ «Դվին» հյուրանոցի 14-րդ հարկի պատշգամբում այրվում է հրավառության համար նախատեսված 2 ստվարաթղթե տակդիր (մոտ 1 քմ հատվածում)։
ԿԱ ԶՈՀ
Երեկ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում՝ Սուրբ Կարապետ եկեղեցու մոտակայքում գտնվող տնակում, տեղի է ունեցել պայթյուն։ Նշեք, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ։