«Երբ նախարար պարոն Արայիկ Հարությունյանի մայիսի 25-ի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական կոմիտեն ինձ հրավիրեց ցուցմունք տալու, հանցագործության մասին հաղորդում արդեն տրված էր: Նախարարի կողմից։ Գործն ուսումնասիրելիս ես ներգրավվել եմ որպես վկա եւ հնարավոր մեղադրյալ, եթե պարզվեր սուտ մատնության հանցակազմը»,- այս մասին հայտնում է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը: Նշենք, որ երեկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր. «Դուք գիտեք, որ նրա հայտարարության հետ կապված համապատասխան հայտարարություն էի արել, եւ իրավապահ մարմինները որոշակի նյութերի նախապատրաստում են իրականացրել, Սմբատ Գոգյանին նույնպես հրավիրել էին: Գիտեք, որ դրանից առաջ ինքը հայտարարություններ էր արել մամուլում՝ խառնելով ամբողջ մամուլն իրար հայտարարություններով, բայց Սմբատ Գոգյանը գնացել է եւ հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալ»:
ԵՎ, ահա, նախարարի այս հայտարարությունից հետո Գոգյանը ներկայացնում է տեղի ունեցածի իր տարբերակը: «Քննիչի բոլոր հարցերին պատասխանել եմ, ու քննիչը վերջում գործը կարճել է, ինչը ես ընկալում եմ որպես իմ ներկայացրած փաստերի ճշմարտացիության ամրագրում, իսկ քննիչն ասում է. «Հարգելինե՛րս, այս հարցը ես քրեաիրավական դաշտում չեմ դիտարկում, գնացե՛ք աշխատանքային ռեժիմով հարցը լուծեք»։ Պատկերի ամբողջական պարզության համար ներկայացնեմ քննիչի որոշումից մի հատված 1) Առաջին պարբերությամբ քննիչը փաստում է, որ փոխկապակցված անձանց առկայությունը հանձնաժողովում չի համարում պաշտոնական քրեորեն պատժելի, առավել եւս որ հանձնաժողովն ամբողջությամբ չի հերքել արտագրության դեպքերը։
Նշեմ, որ գործի մեջ ցուցմունք կա (այլ անձի կողմից), որ հանձնաժողովը սկզբնական եզրակացությամբ հերքել է արտագրության հանգամանքն ընդհանրապես, սակայն մամուլում բարձրացված աղմուկից հետո որոշ չափով փոխվել է։ Կոնկրետ ինձ համար սա անթույլատրելի պրակտիկա է։ 2) Գործ չհարուցելու հիմնավորման երկրորդ պարբերության ձեւակերպումը զուտ իրավական է, ու կրկին արժեքային հարց է, մենք նորմա՞լ ենք համարում գրագող ռեկտոր ունենալու փաստը, թե՞ ոչ», – նշել է Գոգյանը։
Նրա խոսքով՝ այս հարցի պատասխանը հստակ պետք է ձեւակերպի կրթության եւ գիտության գծով ռազմավարություն մշակող մարմինը ամենաբարձր մակարդակով։
ՀՀ կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը դեռեւս մայիսի 25-ին անդրադարձել էր Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հարցազրույցներում արված այն հայտարարությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, սակայն, ըստ Սմբատ Գոգյանի, ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին, ըստ էության, հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։
«Այսինքն՝ այդ հայտարարությունը առերեւույթ կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, անցում կամ այլ նմանօրինակ քրեաիրավական արարք։ Հետեւաբար խնդրում եմ իրավապահ մարմիններին իմ այս հայտարարությունը դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում եւ ձեռնարկել համապատասխան գործընթացներ՝ պարզելու ինչպես հայտարարություն կատարող անձի գործողությունների, այնպես էլ առավել եւս նախարարի տեղակալի ենթադրյալ քայլերի մասով։ Ընդ որում` կարծում եմ` իրավապահ մարմինները պետք է հրավիրեն Սմբատ Գոգյանին, վերցնեն համապատասխան հաղորդում կամ բացատրություն իր իսկ հայտարարությունների կապակցությամբ՝ միաժամանակ նախազգուշացնելով քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի՝ սուտ մատնության մասին»,… նշել էր Հարությունյանը:
Ըստ նախարարի` եթե պարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության։
Հարությունյանը կարծում է՝ իրավական պետությունում այլ ելք չի կարող լինել, քան սույն իրավիճակն իրավական ճանապարհով լուծելու տարբերակը։
Հիշեցնենք` մայիսի 14-ին հայտնի դարձավ, որ Գոգյանը հրաժարվել է ԲՈԿ նախագահի պաշտոնից։ Ավելի ուշ նա բացատրեց իր այդ քայլի պատճառները։
Ն.Հ.
ՆԱԽԱԳԾԵՐ ԵՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ
Երեկ ԱԺ-ն ընդունել է «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Կառավարության հեղինակած օրինագծով հնարավորություն կընձեռվի կառավարությանը արտակարգ դրության պայմաններում փոփոխություններ եւ լրացումներ կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ տվյալ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկում, հաստատել նաեւ նոր ցանկ:
Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոխելու բուհերի ընդունելության կարգը: Կառավարության հաստատած նոր կարգով ընդունելությունն իրականացվելու է մեկ քննության արդյունքների հիման վրա, դիմում-հայտերի առցանց ընդունման եղանակով, հայտերի լրացման նոր տարբերակով: Ընդունելության նոր պայմանների սահմանմամբ, համապատասխանաբար, պահանջ է առաջանում նաեւ փոփոխել արդեն հաստատված մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը: Օրենքի նախագիծն ամբողջությամբ ընդունվեց 83 «կողմ» ձայնով։ ԱԺ-ն ընդունել է նաեւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին մինչեւ երեխայի 2 տարին լրանալը խնամքի նպաստը նշանակել եւ վճարել՝ անկախ նրանից՝ ծնողը վարձու աշխատող է, թե չի աշխատում, իսկ եթե ծնողը նաեւ վարձու աշխատող է, ապա նպաստը կրկնապատկել:
Գյուղական բնակավայրերում բնակվող մինչեւ 2 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին եւս կնշանակվի երեխայի խնամքի նպաստ՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, եթե երեխան ծնվել է 2020թ. հուլիսի 1-ից հետո: Գործող իրավակարգավորումների համաձայն՝ նպաստի այս տեսակը նշանակվում եւ վճարվում է մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին, եթե երեխայի ծնվելու պահին ծնողը հանդիսանում է վարձու աշխատող: Իսկ եթե համարվի վարձու աշխատող ու միաժամանակ բնակվի գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ՝ այսինքն նպաստի չափը կկազմի 53 հազար դրամ:
ՈՉ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԲԱՐՔԵՐ
Վանաձոր քաղաքի բնակչուհի, 1993թ. ծնված Արփինե Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ. մարտի 7-ից մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 21-ը հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող՝ առանց հարգելի պատճառների զորամաս չի ներկայացել՝ երեք ամսվա ընթացքում մեկ ժամից մինչեւ երեք օր տեւողությամբ ծառայությունից բացակայելով երեք անգամ։ Երեւան քաղաքի բնակիչ, 1977 թ. ծնված Վլադիմիր Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատարի բարոյաhոգեբանական ապահովման գծով տեղակալ, հանդիսանալով պաշտոնատար անձ, գտնվելով մտերիմ փոխհարաբերությունների մեջ պայմանագրային զինծառայող Արփինե Պողոսյանի հետ, դրդել է պաշտոնատար անձ հանդիսացող ՊՆ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Սարգիս Տիտանյանին դրսեւորել իշխանության անգործություն։ Գյումրի քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Սարգիս Տիտանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատար, մշտապես հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառնույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր վերադաս ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Կարապետյանի դրդմամբ, նրա խնդրանքով դրսեւորել է իշխանության անգործություն։ Ա. Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով, Ս. Տիտանյանին՝ 375 հոդվածի 1-ին մասով, Վ. Կարապետյանին՝ 38-375 հոդվածի 1-ին մասով։ Սույն քրեական գործը ներկայումս քննվում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում։
ԿԱՏԱԿ ԵՐԳԵՐ՝ ԻՐԱՎԱԲԱՆԻ ԿՈՂՄԻՑ
Իջեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կոմունալ հիմնարկության իրավաբան Վահագն Թամրազյանը կորոնավիրուսի դեմ յուրահատուկ ձեւով է պայքարում։ Երաժշտական կրթություն չունեցող, սակայն ձայնով օժտված Վ. Թամրազյանը 2 կատակ երգ է ձոնել կորոնավիրուսի թեմային։ 50-ամյա Վ. Թամրազյանի առաջին երգը ներկայացվել է այս տարվա մայիսի 20-ին, այն անվանված է «Յար քեզ գովեմ դիմակով»։ Այն «Յութուբում» այժմ գրեթե 17 հազար դիտում ունի: Նրա երկրորդ երգը, որը համացանցում է տեղադրվել հունիսի 20-ին, նվիրված է համավարակի պատճառով Հայաստանում արտակարգ դրության ժամեկտը երկարացնելուն, կոչվում է «Արտակարգ երգ-5»։ Երգերի տեսանյութերը դիտողները դրական են արձագանքել համաճարակի վերաբերյալ Վ. Թամրազյանի կատակ երգերին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ