«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ բացառիկ հարցազրույց է ունեցել պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլի հետ:
-Սիբի՛լ, արդեն բավականին ժամանակ է՝ նոր երգով, տեսահոլովակով հանդես չեք եկել։ Ինչո՞վ եք զբաղված այս շրջանում։
– Իրականության մեջ ակտիվ չեմ, քանի որ իմ վերջին տեսահոլովակը Ավստրալիայում ապրող դաշնակահար, երաժշտի՝ Արայի հետ համագործակցությունն էր. «Անաստասիա» մուլտֆիլմի իմ ամենասիրված ստեղծագործության՝ «Once Upon a December» -ի cover տարբերակը թողարկեցինք միասնաբար: Ունեի նաեւ ուրիշ նոր երկու աշխատանքներ, բայց համաճարակի պատճառով հետաձգվել են:
-Սիբի՛լ, Դուք մշտապես համագործակցում եք հայ երգիչների հետ, հե՞շտ է նրանց հետ աշխատելը։ Նոր համագործակցություն սպասվո՞ւմ է:
-Մոտ օրերս հանդես կգամ նոր անակնկալով, բայց հիմա դեռ չեմ ուզում բացահայտել, քանի որ աշխատանքային գործընթացների մեջ ենք: Պետք է մի քիչ համբերատար լինել, մինչեւ իսկապես աշխարհի այս խառն ու ողբերգական իրավիճակը նորմալանա: Ես շատ եմ սիրում զուգերեր կատարել. եթե առիթ լինի, եւ իմ սրտի խոսքով երգեր լինեն իմ սիրած ու հավանած երաժիշտների հետ, ապա միշտ պատրաստ եմ համագործակցելու: Անշուշտ, երգարվեստում համագործակցածս երաժիշտների որակը շատ կարեւոր է, բայց ամենակարեւորը համեստ ու լավ մարդ լինելն է: Այն մարդկանց հետ, որ պատրաստվում եմ աշխատել, առաջին հերթին նայում եմ , որ լավ ու համեստ մարդ լինեն, եթե ոչ, ապա բնավ հաճելի չէ ինձ համար ժամանակ անցկացնել ու աշխատել նրանց հետ… Մինչեւ հիմա շատ հանգիստ սրտով կարող եմ ասել, որ բոլորն ինձ համար նախ լավ ընկերներ են, ու հետո նոր աշխատանքային ընկերություն է: Այդ դրական էներգիան շատ կարեւոր է: Անհամեստ մարդու հետ իսկապես հաճելի չէ ինձ: Նոր համագործակցություններ պետք է լինեն, որոնց անհամբեր սպասում եմ:
-Հայաստանյան Ձեր այցերի ընթացքում նշել եք, թե կցանկանայիք Հայաստանն ավելի լավ բացահայտել: Հաջողվու՞մ է բացահայտել:
-10 տարուց ի վեր հաճախ այցելում եմ Հայաստան: Այս այցելություններիս 90 տոկոսը եղել է աշխատանքի համար, այս պատճառով վստահ եմ, թե բացահայտելու դեռ շատ բաներ կունենամ: Հուսամ՝ առիթներ կունենամ հայրենիքի ամեն մի վայր այցելելու համար: Որքան որ տեսնում եմ, չեմ հագենում: Եվ գիտեմ՝ դեռ շատ տեսնելու վայրեր կան:
-Ո՞րն է Ձեր սիրելի վայրը հայրենի հողում։
-Դիլիջան, Սեւան, Նորավանք, Գառնի, Գյումրի…Շատ-շատ տեղեր կան, որ իսկապես մեկ վայրի մասին խոսելը դժվար է: Ամեն անգամ այցելությանս նույն հաճույքով շրջում եմ ու էլի չեմ հագենում: Ամենասիրածս տեսարաններից մեկն ալ Արարատն է խորունկ, այն մարդկանց մագնիսացնող, հիացնող երեւույթ է:
-Հայաստանում մշտական բնակություն հաստատելու մասին մտածե՞լ եք:
-Այս միտքը բնավ հեռու չէ ինձ համար: Մասնավորապես վերջին շրջաններում ավելի շատ եմ սկսել մտածել այդ մասին, ես ինձ շատ հանգիստ ու ուրախ կզգամ Հայաստանում: Միշտ ասում եմ՝ ես երկու տուն ունեմ՝ մեկը՝ որտեղ որ ծնվել ու մեծացել եմ, դա Կ. Պոլիսն է, իսկ մյուսը` որտեղ երգչուհի Սիբիլը հայտնվել է, իր սիրտը լայն բացող ու ինձ ընդունող հայրենիքն է եւ, անշուշտ, Հայաստանի ժողովուրդն է: Աշխարհի վրա ուր որ գնամ, օտար եմ ինձ զգում, բայց ոչ Հայաստանում: Հույսով եմ, որ մի օր կունենամ իմ անձնական բնակարանը:
-Սիբի՛լ, բազմիցս նշել եք, թե Ստամբուլում բազմաթիվ խնդիրների եք հանդիպել, բայց, այնուամենայնիվ, Թուրքիայում Ձեզ ընդունում եւ սիրում են։ Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել։ Ինչպե՞ս եք կարողացել հաղթահարել դրանք։
-Խնդիրներ միշտ են լինելու: Ես արդեն պատրաստ էի առաջին օրերին դժվարությունները հաղթահարել, բայց, այնուամենայնիվ, ես բախտավոր էի, որ առաջին ալբոմս թողարկելուց հետո իմ ձայնիս շատ լսելի դարձավ, անձիս մասին շատ լավ ու գնահատելի հոդվածներ գրող լրագրողների ու ինձ իրենց հաղորդումների հրավիրող հաղորդավարների կողմից… Բոլորն ասացին, որ պատրաստ են ամենամեծ սիրով ինձ օգնել: Իմ նպատակը Թուրքիայում թուրք երգիչների նման պոպուլար լինելը չէր, այլ այս հողերի վրա դարեր ի վեր ապրող ու գոյություն ունեցող ժողովրդի մայրենի լեզուն ներկայացնելն էր: Գնահատեցին իմ այս նպատակը, բայց, անշուշտ, եղավ պատասխան դեպքեր: Հաղորդումներում բողոքողներ են եղել, թե ինչու են հայ երգչուհի հրավիրում: Բայց ես միշտ կնախընտրեմ բաժակի լեցուն կողմը տեսնել: Եթե ուզենք խնդիրների մասին խոսել, անշուշտ, ոչ մեկ բան դյուրությամբ չեն եղել: Անքուն գիշերներ անցկացրած ժամանակներ են եղել: Բայց ես միշտ երախտապարտ պետք է լինեմ կյանքին երազանքներս իրագործելու համար, եւ դեռ շատ-շատ անելիք գործեր ունեմ: Կարեւորը ողջ ու առողջ լինենք, կարեւոր առիթներ լինեն, ու անցնեն ճանապարհներս, բայց փշոտ չլինեն, որպեսզի ես կարողանամ հասնել նպատակներիս:
-Սիբի՛լ, ընդհանրապես երգարվեստում ճանապարհ հարթելն այնքան էլ դյուրին գործ չէ։ Ի՞նչն է Ձեզ ամուր պահում եւ հող նախապատրաստում ոտքերի վրա ավելի ամուր կանգնելու համար։
-Բնավ դյուրին չէ, մասնավանդ որ հայ եք ու ծնվել եք Թուրքիայում, եւ արդեն դա նշանակում է, որ քաղաքական խնդիրների մեջ եք: Թուրքիայում դեռ շատերն իբրեւ հայհոյանք օգնտագործում են «հայ» բառը: Մանուկ հասակից լուռ լինելու, զուսպ լինելու, իր մայրենի լեզուն փողոցներում բարձրաձայն չխոսելու ճնշումով մեծացող մեկի համար անշուշտ դժվար է: Մարդիկ ասում են, որ ես շատ փխրուն եմ երեւում… Այո, շատ զգայուն եմ, հեշտ է ինձ նեղացնելը, բայց միեւնույն ժամանակ նաեւ շատ ուժեղ եմ: Առյուծի նման ուժեղ եմ ու արած որոշումներիս մեջ միշտ հետեւում կանգնող մեկն եմ: «Մենակ հոս ենք, մենք ունինք մայրենի լեզու, մենք ունինք մշակույթ, մենք կանք մեզի ալ տեսեք» ասել ուզեցի իմ աշխատանքով: Ուզեցի, որ թիվիներով եւ ռադիոներով հայերեն երգն էլ հնչի, ինչպես հնչում է անգլերեն, ֆրանսերեն կամ այլ լեզուները: Երբ որ այս ճանապարհին քայլ նետելու որոշում կայացրեցի, շատ աղոթեցի Աստծուն, որ դիմանամ, միայն լավ ու միայն ու միայն բարի մարդկանց հանդիպեմ: Չարերը մարդիկ հեռու մնան ինձանից… Եվ, փառք Աստծո, կարող եմ ասել, որ այդպես էլ եղավ: Հուսամ՝ կյանքիս մինչեւ վերջն ալ այդպես կլինի:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ՀԻԱՍԹԱՓՎԵԼ ԵՄ». ՆՈՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ես ընդհանրապես շատ բարձր ինտուիցիա ունեմ եւ միշտ լսում եմ իմ ներքին ձայնին, բայց այս անգամ ներքին ձայնս ոչինչ չի հուշում, եւ ամեն բան համավարակի հետ կապված անորոշ է։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց դերասանուհի Նոննա Գրիգորյանը` անդրադառնալով կորոնավիրուս համավարակին ու երկրում ստեղծված քաղաքական իրադարձություններին։
Դերասանուհու կարծիքով՝ պետք է համավարակի հետ զուգահեռ փորձել ապրել եւ աշխատել. «Իսկ երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին միշտ եմ հետեւում եւ ունեմ իմ ուրույն կարծիքը, բայց եւ պետք է նշեմ, որ մի փոքր հիասթափվել եմ։ Իմ երազանքն է ապրել այնպիսի երկրում, որին դրսից չեն քարկոծի, որի մասին միշտ երազել ենք»։
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ
Կատալոնական «Բարսելոնան» ու Թուրինի «Յուվենտուսը» համաձայնության են եկել ֆուտբոլիստների փոխանակություն իրականացնելու շուրջ։ Իսպանիայի չեմպիոնի բրազիլացի կիսապաշտպան Արթուր Ռամոսը կտեղափոխվի «Յուվենտուս», իսկ բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կտեղափոխվի «Բարսելոնա»: 23-ամյա Արթուր Ռամոսը «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականին բրազիլական «Գրեմիոյից»: «Բարսելոնան» նրա դիմաց վճարել էր 30 միլիոն եվրո: 30-ամյա Պյանիչը «Յուվենտուս» է տեղափոխվել 2016 թվականին «Ռոմայից»:
ՊԱՏՐԱՍՏ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ
Անգլիական «Վուլվերհեմփթոնի» ղեկավարությունը հայտնել է թիմի մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսի հրաժարագինը։ «Վուլվերհեմփթոնը» պատրաստ է հրաժարվել Խիմենեսի ծառայություններից, եթե նրա դիմաց ստանա 100 միլիոն եվրո: 29-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
ՀԱՂԹԵՑ
Իսպանական Լա Լիգայի 31-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ակումբի Ալֆրեդո դի Ստեֆանոյի անվան մարզաբազայում մրցեց «Մալյորկայի» հետ: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:0 հաշվով: «Ռեալի» երկրորդ գոլը խաղի 56-րդ րոպեին խփեց թիմի ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը՝ սահմանելով արդյունավետության նոր ռեկորդ: «Մալյորկայի» դեմ խաղում խփած գոլը Ռամոսի համար դարձավ 8-րդն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: Լա Լիգայի նախորդ մրցաշրջաններում Ռամոսն ամենաշատը 7 անգամ էր գոլի հեղինակ դարձել 1 մրցաշրջանում: Իսպանիայի առաջնության 31-րդ տուրից հետո «Ռեալն» ու «Բարսելոնան» ունեն հավասար՝ 68-ական միավոր եւ կիսում են մրցաշարային աղյուսակի առաջին 2 հորիզոնականը:
ՉԻ ՄԵՆԱՄԱՐՏԻ
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդել-Ազիսը հայտարարել է, որ Նուրմագոմեդովը երկրորդ անգամ չի մենամարտի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ. «Մաքգրեգորը խոսում է ռեւանշի մասին, սակայն Խաբիբը հնարավորություն չի տա նրան: Եթե Մաքգրեգորը ռեւանշ է ցանկանում, ապա պետք է առնվազն 3 մենամարտում հաղթանակ տանի»։ Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Մաքգրեգորը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: