ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է փոխնախարարներից ամենահարուստը, և ինչ ունեցվածք ունի Արայիկ Հարությունյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել պաշտոնատար անձանց հայտարարագրերը, որոնք վերջիններս ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Այս անգամ կանդրադառնանք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ ներկայացնելով տվյալներ նախարարի և փոխնախարարների հայտարարագրերից:

Այսպիսով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր հայտարարագրում անշարժ գույքի մասին որևէ տվյալ չի ներկայացրել, չկան տվյալներ նաև տրանսպորտային միջոցների առկայության մասին: Դրամական միջոցներ բաժնում նախարարը նշել է 1 մլն 290 հազար կանխիկ դրամի եւ 4 մլն 244 հազար դրամ՝ բանկային հաշվում առկա գումարների մասին: Արայիկ Հարությունյանի մեկ տարվա եկամուտը գոյացել է աշխատավարձերից՝ 16 մլն դրամ՝ նախարարի աշխատավարձ եւ 142 հազար դրամ էլ Երևանի պետական համալսարանից:

Անդրադառնանք նախարարի տեղակալներին. նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ունի համատեղ սեփականությամբ բնակարան Երևանի Ավան վարչական շրջանում, ինչպես նաև 2010 տվականին թողարկված Toyota մակնիշի ավտոմեքենա, որը փոխնախարարը ձեռք է բերել 2018 թվականին: Արթուր Մարտիրոսյանը որպես բանկային հաշվում առկա գումար, հայտարարագրել է 18 մլն 140 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 7 մլն 800 հազար դրամ: «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակներում փոխնախարարը մեկ տարվա ընթացքում ստացել է 2 մլն 850 հազար դրամ:

Նախարարի մյուս տեղակալ՝ Արայիկ Խզմալյանը, համատեղ սեփականությամբ երկու բնակարան ունի, երկուսն էլ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում: Թեև նախարարի տեղակալը 2019 թվականի ընթացքում ավտոմեքենա չի գնել, սակայն ունի երկու մեքենա՝ Nissan-ը ձեռք էր բերել 2017 թվականին, իսկ KiA մակնիշի ավտոմեքենան՝ 2013 թվականին: Բացի կանխիկ 14 մլն դրամից, փոխնախարարը բանկում ունի 1 մլն 710 հազար դրամ, իսկ 2019 թվականի ընթացքում նախարարությունից որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 16 մլն դրամ, իսկ Գիտությունների Ազգային ակադեմիայից էլ՝ 467 հազար դրամ:

Փոխնախարար Գրիշա Թամրազյանի հայտարարագրում բացակայում են տվյալներ նրա շարժական կամ անշարժ գույքերի վերաբերյալ: Սակայն հայտարարագիրը ներկայացնելիս Թամրազյանը նշել է իր բանկային հաշվում առկա 43 հազար դոլարի եւ կանխիկ՝ 2 հազար դոլարի եւ 2 մլն դրամի մասին: Փոխնախարարը մեկ տարվա ընթացքում նախարարությունից ստացել է 10 մլն դրամ՝ որպես աշխատավարձ, 864 հազար՝ Բրյուսովի պետական համալսարանից ՝ կրկին որպես աշխատավարձ եւ 6 մլն դրամից ավել գումար՝ բանկերից:

Մյուս տեղակալ Ժաննա Անդրեասյանն ունի համատեղ սեփականությամբ բնակարան Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Սակայն նա տրանսպորտային միջոցների մասին որևէ տեղեկություն չի հրապարակել:  Անդրեասյանը կանխիկ գումար չի ունեցել, սակայն նա բանկում ունի 7 մլն 447 հազար դրամ: Հետաքրքիր տվյալներ են առկա նրա եկամտի հետ կապված. 1 մլն 324 հազար դրամ՝ Երևանի պետական համալսարանից, 418 հազար դրամ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ից, 11 մլն դրամ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից եւ այլ գումարներ ևս:

Իսկ ահա Նարինե Խաչատուրյանն ունի երկու բնակարան, երկուսն էլ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ինչպես նաև 2008 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա: Փոխնախարարը բանկում ունեցել է 4 մլն 909 հազար դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում  վաստակել է 9 մլն դրամ՝ որպես վարձատրություն, իսկ Հակոբ Սուլյանից ստացել է 1 մլն դրամ՝ որպես վարձակալության դիմաց ստացված գումար:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս