Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներն այդպես էլ չեն դադարում: Բանն այն է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն այսօր առավոտյան հավաքվում է խմբակցությունում, որպեսզի հասկանան, թե ինչպես պետք է լուծեն Սահմանադրական դատարանի թնջուկը, քանի որ հիմա էլ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն անել Սահմանադրական դատարանի մասին օրենքում եւ նոր դրույթներ ավելացնել՝ ՍԴ անդամների աշխատանքի դադարեցման մասին:
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շաբաթ օրը հանդիպել էր Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանին։ Քանի որ սահմանադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ, մինչ ՍԴ նախագահի նոր ընտրությունը, նախագահի պարտականությունները ստանձնում է դատարանի կազմից տարիքով ավագը, որը այս դեպքում հենց Աշոտ Խաչատրյանն է։
Եվ չնայած փոփոխություններն ուժի մեջ են մտել, սակայն Սահմանադրական դատարանի անդամները շարունակում են պնդել, թե իրենք պաշտոնավարում են, իսկ ՍԴ նախագահն էլ Հրայր Թովմասյանն է։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի հաղորդագրության համաձայն, միայն սահմանադրական փոփոխություններով հնարավոր չէ պաշտոնանկ անել Հրայր Թովմասյանին ու դադարեցնել 3 դատավորների լիազորությունները, եւ պետք է փոփոխություններ արվեն նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում։ Եվ ահա, այսօրվա հավաքի նպատակը հենց դա է, քանի որ անգամ հանգստյան օրերին խմբակցության իրավաբաններն ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն աշխատել են փոփոխությունների տեքստի վրա եւ պատրաստվում են ամենաուշը վաղը ԱԺ արտահերթ նիստ հրավիրել եւ անցկացնել փոփոխությունները:
Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Գաղտնիք չէ, որ Ազգային ժողովում եւ հենց «Իմ քայլը» խմբակցությունում կան կորոնավիրուսով վարակված պատգամավորներ, որոնք բնականաբար չեն կարող մասնակցել արտահերթ նիստին: Այս պահին հայտնի է, որ կորոնավիրուսով են վարակված Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Հայկ Գևորգյանն ու Արեն Մկրտչյանը, սակայն ցանկն այդքանով չի սահմանակփվում, կան նաև մեկուսացած և վարակված այլ պատգամավորներ ևս: Եվ ահա, հենց այս հանգամանքն է այժմ կամուկացի մեջ գցել իշխանություններին, քանի որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը սահմանադրական օրենք է: Իսկ ԱԺ կանոնակարգ օրենքի 76-րդ հոդվածն ասում է. «Սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով»: Այս դեպքում այդ թիվը 79-ն է: Այսինքն, 79 պատգամավոր պետք է կողմ քվեարկի օրենքին: «Իմ քայլ»-ն ունի 88 պատգամավոր, սակայն նկատենք, որ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ևս կողմ է լինում ՍԴ-ի վերաբերյալ նախագծերին եւ ստացվում է 89: Այսինքն, 10 պատգամավորի բացակայության պարագայում, օրենքը կկարողանան անցկացնել, սակայն չի բացառվում, որ բացականերն ավելին շատ լինեն:
Սակայն այստեղ մեկ նրբություն ևս առկա է. Հրայր Թովմասյանը գտնվում է արձակուրդում. «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն, Սահմանադրական դատարանի դատավորներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր տեւողությամբ եւ Թովմասյանն օգտվել է իր այդ իրավունքից: Այսինքն, նա կարող է 30 օր չվերադառնալ իր արձակուրդից եւ հենց սա էլ լրացուցիչ բարդություններ է առաջացնում, քանի որ նա արձակուրդի է մեկնել ՍԴ նախագահի կարգավիճակով, այլ ոչ թե ՍԴ անդամի եւ իր լիազորություններն էլ պետք է կատարեր փոխննախագահը, այս դեպքում Ալվինա Գյուլումյանը: Այսինքն, այս պարագայում խնդիրներ կան նաև դրա հետ կապված:
Իսկ՞վ է փոխարինելու այսօրվանից ՍԴ դատավորի կարգավիճակից զրկված Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին և Հրանտ Նազարյանին։ Այս հարցը դեռ առկախված է. ուժի մեջ մտած փոփոխություններով նոր դատավորների ընտրության համար տրված է երկամսյա ժամկետ։ Առաջադրումներ պետք է անեն կառավարությունը, հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը։
Մանրամասները՝ տեսանյութում