ԱՀ կառավարությունն աջակցության ձեռք կմեկնի լիբանանահայությանը. Արայիկ Հարությունյանն ընդունել է Կարո Քեբաբջյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է
Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո
Քեբաբջյանին:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում ուշադրությամբ հետևում են Լիբանանում համավարակի
հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետ կապված զարգացումներին և
մտահոգված են լիբանանահայության կացությամբ: Հանրապետության նախագահի խոսքով՝ չնայած
տնտեսական խնդիրները չեն շրջանցել նաև Արցախը, սակայն ԱՀ կառավարությունն իր համազգային
պատասխանատվության շրջանակներում քննարկում է ունեցած սուղ միջոցներից լիբանանահայ քույրերին և
եղբայրներին ցուցաբերվելիք աջակցության ծավալը:

Կարո Քեբաբջյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ջերմ ընդունելության
և ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով, որ դա փաստացի ապացույցն է այն իրողության, որ
աշխարհով մեկ սփռված հայության համար հայրենիքը ամենահուսալի վայրն է:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և ԱՀ
նախագահի՝ Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:




Լրահոս