Ընտանիքը կհամալրենք նոր անդամով. Իռեն Ուլիխանովնան` հայրենիքից հեռու ապրելու, կարոտի ու վախերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը պարուհի Իռեն Ուլիխանովնան է: Պարուհու հետ զրուցել ենք պարարվեստում առկա խնդիրների, ընտանիքը նոր անդամով համալրելու եւ այլ հետաքրքիր հարցերի շուրջ:

-Իռե՛ն, արդեն բավականին երկար ժամանակ է` ընտանիքի հետ միասին բնակվում եք հայրենիքից հեռու։ Ի՞նչ գործունեություն եք ծավալում այժմ:

-Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում ենք ապրում գրեթե 3 տարի: Երկուսս էլ զբաղվում ենք մեր սիրելի գործով: Վահագն իր 32 comedystand-ով է զբաղված, ինչպես նաեւ զբաղվում է հանդիսավարությամբ, իսկ ես հիմնել եմ իմ Irendance պարային ստուդիաները, որոնք գտնվում են երկու քաղաքներում` Գլենդելում եւ Հյուսիսային Հոլիվուդում, եւ ունեմ բազմաթիվ աշակերտներ: Ինչպես նաեւ զբաղվում եմ հարսանեկան պարերի բեմադրմամբ, ունեմ ավագ խումբ, որոնք պարում են հարսի հետ կամ նմանատիպ այլ միջոցառումների ժամանակ: Տեղափոխվելով Միացյալ Նահանգներ` ինձ համար մեծ երջանկություն էր շարունակել զբաղվել հենց իմ սիրած մասնագիտությամբ:

-Դժվա՞ր չէ հայրենիքից հեռու ապրելը։ Կարոտո՞ւմ եք։

-Կարոտը դարձել է ինձ մոտ խրոնիկ հիվանդություն: Շատերն ասում են, որ մի քանի տարի հետո էլ չեմ ցանկանա ետ վերադառնալ հայրենիք, բայց ինձ մոտ այդպես չէ: Ես Հայաստանս եմ սիրում , հայերիս, Երեւանիս ամեն անկյունն իմն է, ինձ համար հարազատ է եւ անկրկնելի:

-Մտադրություն կա՞ վերադառնալ Հայաստան։

-Կյանքն անակնկալներով լի է: Ես չէի պատկերացնի, որ կգա մի օր, որ կապրեմ Հայաստանից հեռու, բայց, այնուամենայնիվ, ստացվեց այնպես, ինչպես որ ստացվեց: Գուցե մի օր էլ կստացվի այնպես, որ կտրուկ որոշումով կրկին կվերադառնանք հայրենիք:

-Ամենաշատը Երեւանում ո՞ր վայրն եք կարոտել։

-Երեւանն ինքնին ինձ համար հենց ամենասիրելի վայրն է, չեմ ուզում տարանջատել ո’չ մի փողոց, ո’չ մի անկյուն:

-Լինելով պարուհի` կարծում եմ` լավ ծանոթ եք այն պարողների խնդիրներին, որոնք նոր են փորձում մուտք գործել ասպարեզ: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում ոլորտում։

-Ամենամեծ խնդիրն, ըստ իս, այն է, որ յուրաքանչյուր պարող, ով ստանում է պրոֆեսիոնալ պարային կրթություն, համապատասխան կրթօջախներն ավարտելուց հետո գտնվում է մոլորության մեջ, թե ինչպես կարող է գտնել իր համար անհոգ եւ արվեստով լի ապագա: Յուրաքանչյուր պարողի երազանքն է մեծ բեմերով, համերգներով շրջագայել, տարբեր երկրներում մրցույթներ իու փառատոնների մասնակցել, իսկ այսօր, ցավոք սրտի, այդ ամենն այնքան էլ հաճախ չի լինում: Նույնիսկ, եթե շրջագայում են(ք), ապա ավելի շատ հարսանեկան միջոցառումների համար:

-Մեզ հետ Ձեր նախորդ զրույցում նշել էիք, թե համերգների կազմակերպման եւ մրցույթների բացակայության խնդիր կա։ Ձեր կարծիքով ինչո՞ւ չեն կազմակերպվում, ի՞նչն է պատճառը։

-Երբ կազմակերպում ես, առաջին հարցն ինքդ քեզ որ տալիս ես` ո՞ր համերգասրահում համերգ կկազմակերպես, հաշվի առնելով ժողովրդի հետաքրքրությունը պարարվեստի նկատմամբ եւ հնարավորությունը տոմս ձեռք բերելու: Այսօր մարդիկ հացի խնդիր ունեն, եւ գումարը, որ կծախսվի հոգեւոր սննդի վրա նախատեսելի է ծախսել իրական սննդի եւ այլ կենցաղային հարցերի վրա: Բացի այդ ինտերնետային պորտալներն այնքան ինֆորմացիա են տալիս, եւ կա բոլոր տեսակի, բոլոր ճաշակների, ոճերի եւ ուղղությունների օնլայն համերգներ, տեսանյութեր, որպեսզի մարդիկ կարողանան այդ հոգեւոր բացը լրացնել ինչ-որ չափով այդ սեւ արկղի` հեռախոսի միջոցով:

-Ձեր որդին արդյոք ո՞ւնի պարային հակումներ։

-Ես կցանկանամ` իմ որդին ինքն ընտրի իր մասնագիտությունը, որն իր համար կլինի սիրելի: Անկեղծ ասած` Աշոտին այդ ոլորտում չեմ պատկերացնում:

-Կցանկանա՞ք, որ նա շարունակի Ձեր մասնագիտությունը։

-Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նա լինի բազմակողմանի զարգացած եւ հեշտորեն իրեն գտնի մասնագիտության ընտրության մեջ եւ կյանքում: Այստեղի կրթական համակարգը տարբեր է Հայաստանում սովետական կրթություն անցածների համար, մի փոքր տարօրինակ եւ անընդունելի է, բայց իրենց երեխաներին շատ է դուր գալիս. նրանք իրենց զգում են ազատ, եւ սիրով հաճախում են դպրոց: Իսկ Ամերիկայում գիտենք, որ շատ համաշխարհային եւ ճանաչված համալսարաններ կան: Դեմ չեմ լինի, որ այնտեղ սովորի:

-Ինչպիսի՞ ապագա եք պատկերացնում նրա համար։

-Որտեղ էլ որ լինի, ուզում եմ, որ լինի ամենաերջանիկն ու կայացածը:

-Իռե՛ն, արդյոք սպասվո՞ւմ է ընտանիքում նոր անդամի համալրում։

-Իմ զբաղվածությունը միշտ այնքան շատ է, որ երբեք չեմ կարողացել գտնել այն ժամանակը, որ կկարողանամ դադարեցնել գործունեությունս, որպեսզի երկրորդ երեխան ունենանք: Ընտանիքը կհամալրենք առայժմ նոր անդամով` շնով :

-Ի՞նչ վախեր ունեք ապագայի հետ կապված։

-Ապագայի հետ կապված վախս միայն մեկն է` վախենում եմ չհասցնել… եւ այդ բառի տակ թաքնված է ամեն ինչ կապված իմ վախերի հետ:

-Ե՞րբ եք Ձեզ միայնակ զգում։

-Յուրաքանչյուր մարդ նույնիսկ երբ շրջապատված է բազմաթիվ հարազատներով, ընկերնորվ, միեւնույնն է, միայնակ է, քանի որ մտածում եւ զգում է միայնակ: Չգիտեմ, թե որքանով ստացվեց միտքս ճիշտ տեղ հասցնել:

-Ի՞նչը կարող է Ձեզ դեպրեսիայից հանել։

-Ես դեպրեսիայի մեջ չեմ ընկնում, քանի որ ունեմ հրաշալի աշխատանք, որտեղ կա հրաշալի երաժշտություն, շարժում, էմոցիա, երեխաներ, նույնիսկ երբ մի բան այն չէ, պարելուց, դասավանդելուց, բեմադրելուց հետո ամեն ինչ վերանում է:

-Երազում եք․․․

-Երազում եմ ծնողներս, քույրս ընտանիքով եւ ամենամոտ ընկերուհիներս, որ երկրում էլ լինեմ, հեռու չլինեն:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս