5 տարվա ազատազրկում՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար․ դատախազի ներկայացրած քաղաքացիական հայցը բավարարվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրված գրության հիման վրա 2016թ. ապրիլի 7-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի հաշվապահի պաշտոնն նախկինում զբաղեցրած Ա․Խաչատրյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է խոշոր չափերով գույքի հափշտակություն։

Մասնավորապես, 2015թ. հունվարի 22-ից մինչև 2016թ. փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում խախտելով ՀՀ կառավարության 08.10.2003թ-ի թիվ 1408-Ն որոշմամբ հաստատված «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգ»-ի պահանջները՝ նախքան մուտքի և ելքի օրդերները գանձապահին հանձնելը, դրանք չի գրանցել դրամարկղային մուտքի և ելքի օրդերների գրանցման մատյանում, իսկ կանխիկ դրամի մուտքագրումներն ու ելքագրումները մուտքի և ելքի օրդերների հիման վրա չի գրանցել դրամարկղային գրքում: Փոխարենը՝ պարբերաբար, երկու տարբեր անձանցից, տարբեր հիմքերով ու չափերով՝ բռնագանձված, իրեն վստահված գումարների վերաբերյալ կազմել է նույն համարով` թվով երկու մուտքի օրդերներ, որոնցից հաշվետվության ծրագրում և դրամարկղային շարժի վերաբերյալ հաշվետվությունում գրանցել է միայն մեկ անձի կողմից վճար¬ված գումարի վերաբերյալ կազմված մուտքի օրդերը, իսկ մյուս անձից բռնագրավված՝ նույն համարով կազմված երկրորդ մուտքի օրդերում նշված գումարը չի մուտքագրել և յուրացրել է:

Բացի այդ, իր կողմից կազմած մուտքի օրդերներում նշած՝ տարբեր քաղաքացիներից փաստացի բռնագանձված, իր վստահությանը հանձնված գումարները, պարբերաբար, իրականից պակաս չափով է արտացոլել դրամարկղում, դրամարկղային շարժի վերաբերյալ հաշվետվությունում, իսկ տարբերությունը կազմող, մնացած՝ չմուտքագրված գումարները յուրացրել է: Դրանից բացի, դրամարկղի ելքի օրդերով փաստացի վճարման ենթակա գումարը հաշվետվության ծրագրով ելքագրել է սահմանվածից ավել չափով, իսկ տարբերությունը կազմող՝ ելքագրված ավել գումարը յուրացրել է:

Բռնագանձված գումարները դրամարկղ և հաշվետվու¬թյան ծրագիր չմուտքագրելու, հաշվետվության ծրագրով ավել ելքագրելու, դրամարկղից վերցնելու եղանակներով Ա․ Խաչատրյանը յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ 18.575.344 ՀՀ դրամ գումար:

Վերը նշված արարքի կատարման համար Ա․Խաչատրյանին 2017թ. մարտի 23-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս դատի տալու համար հավաքված ապացույցները բավարար համարելով` 2017թ․ մայիսի 6-ին դատախազի կողմից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
2020թ. հունիսի 17-ին դատարանը Ա․ Խաչատրյանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատախազի պահանջած պատժաչափով դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով: Միաժամանակ, նույն դատական ակտով դատարանը ամբողջությամբ բավարարել է պատճառված վնասի չափով դատախազի ներկայացրած քաղաքացիական հայցը։

Նշված գործով դատական քննության ողջամիտ ժամկետների խնդրով ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդին։




Լրահոս