Հունիսի 29-ին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները Մելիք Ադամյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում նկատել են առանց դիմակի մի երիտասարդի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանները մոտեցել են քաղաքացուն, հորդորել են դիմակ կրել և պահանջել են անձը հաստատող փաստաթուղթ՝ արձանագրություն կազմելու համար։ Երիտասարդը հրաժարվել է հայտնել իր տվյալները և փախել է։ Ոստիկանները հետապնդել են, մոտակայքում ծառայություն իրականացնող ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օգնությամբ բռնել նրան և բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Այդ ընթացքում երիտասարդը բռունցքով հարվածներ է հասցրել ոստիկանին և պատճառել մարմնական վնասվածք։
Ոստիկանության Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով հարուցվել քրեական գործ։
Դավիթաշեն թաղամասի 21-ամյա բնակիչը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։