Երևանը քաղաքապետ ունի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գույքահարկի մասին օրենքում արված փոփոխություններն արդեն մի քանի օր է՝ բուռն քննարկումների  եւ յուրահատուկ ֆլեշմոբի պատճառ են դարձել։ Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսված են գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխություններ։ Դրանց կողմ էր քվեարկել 70, դեմ 11 և ձեռնպահ՝ 2 պատգամավոր։  Ընդունված նախագծի վերաբերյալ դժգոհությունները շարունակվում են։

Իրենց անհամաձայնությունն են արտահայտում ինչպես սոցիալական ցանցերի սովորական օգտատերեր, այլև մշակութային գործիչներ, պատգամավորներ:  Իսկ քիչ առաջ էլ մամուլի ասուլիսով հանդես եկան եւ իրավիճակին անդրադարձան ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և ՀՀ Կադաստրի պետ Սուրեն Թովմասյանը:

Եվ այս իրավիճակում ուշագրավ է, որ որեւէ կերպ այս իրավիճակին չի անդրադարձել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նկատենք ու ընդգծենք, որ այս փոփոխությունը վերաբերում է հենց Երեւանին, եւ բնիկ ու ոչ բնիկ եզրույթն էլ անգամ բուռն քննադատության պատճառ է դարձել, սակայն Երևանի քաղաքապետն այդպես էլ որեւէ տեսակետ չի հայտնում. ի վերջո՝ նրա տեսակետը որն է. գույքահարկը պետք է բարձրանա, թե ոչ: Ընդ որում, նկատենք, որ գույքահարկի վճարներից է գոյանում հենց մայրաքաղաքի բյուջեն, եւ ոչ մեկ անգամ են քաղաքապետարանի պաշտոնյաները նշել, որ գույքահարկը մայրաքաղաքի կարիքները հոգալու ֆինանսավորման անհրաժեշտ աղբյուր է:

Հավելենք, որ նոր փոփոխություններով սահմանված գույքահարկի դրույքաչափերը ներկայացված են մի քանի սանդղակներով։

Առաջին շեմ։ Մինչև 10 մլն դրամ (այսօրվա փոխարժեքով՝ մոտ 21 հազ. դոլար) արժեցող բնակարաններն են, որոնց տարեկան գույքահարկի դրույքաչափը 0.05%-ն է։ Այսինքն՝ այս գնի բնակարանների տարեկան գույքահարկը առավելագույնը կկազմի 5 հազար դրամ։

Երկրորդ շեմ։ 10-25 միլիոն դրամը ներառյալ (մոտ 21-52 հազ. դոլար)։ Դրույքաչափը. 5 հազար դրամին գումարած հարկման բազայի 10 միլիոն դրամը գերազանցող մասի 0.1%-ը։ Ստացվում է, որ այս գնի բնակարանների տարեկան գույքահարկը առավելագույնը կկազմի 20 հազար դրամ։

Երրորդ շեմ։ 25-47 մլն դրամ (մոտ 52-97 հազ. դոլար)։ Դրույքաչափը. 20 հազար դրամ՝ գումարած հարկման բազայի 25 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2%-ը։ Այստեղ առավելագույնը շեմը տարեկան կկազմի 64 հազար դրամ։

Չորրորդ շեմ։ 47-75 մլն դրամ (մոտ 97-155 հազ. դոլար)։ Դրույքաչափը. 64 հազար դրամ` գումարած հարկման բազայի 47 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4%-ը։ Առավելագույնը ստացվում է տարեկան 176  հազար դրամ։

Հինգերորդ շեմ։ 75-100 մլն դրամ (մոտ 155-207 հազ. դոլար)։ Դրույքաչափ. 176 հազար դրամ` գումարած հարկման բազայի 75 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը։ Այսինքն՝ տարեկան առավելագույնը 326 հազար դրամ։

Վեցերորդ շեմ։ 100 մլն դրամ և ավելին (207  հազ. դոլար և ավելին)։ Դրույքաչափը. 326 հազար դրամ` գումարած հարկման բազայի 100 միլիոն դրամը գերազանցող մասի 1%-ը։

Իսկ անհատական բնակելի տների համար կառավարությունն այլ շեմեր ու դրույքաչափեր է առաջարկում։ Այստեղ ևս վեց շեմ է սահմանվում։

Առաջինը մինչև 7 մլն դրամ (14.5 հազ. դոլար) գնահատվող տներն են, որոնց տարեկան գույքահարկը առավելագույնը կկազմի 3500 դրամ։

Երկորդ շեմը 7-23 մլն դրամն (14.5-48 հազ. դոլար)։ Առավելագույնը՝ 19.5 հազար դրամ գույքահարկով։Ամեն հաջորդ շեմով բարձրանում է նաև գույքահարկի չափը։

Երրորդ շեմ։ 23-50 մլն դրամ (48-103.5 հազ. դոլար)։  Դրույքաչափը. 19.5 հազ. դրամ` գումարած հարկման բազայի 23 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը։ Առավելագույնը՝ 73.5 հազ. դրամ։

Չորրորդ շեմ։  50-85 մլն դրամ (103.5-176  հազ. դոլար)։ Դրույքաչափը. 73.5 հազ. դրամ` գումարած հարկման բազայի 50 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը։ Առեվելագույնը՝ 213.5 հազար դրամ։

Հինգերորդ շեմ։ 85-120 մլն դրամ (176-248 հազ. դոլար)։ Դրույքաչափը. 213.5 հազ. դրամ` գումարած հարկման բազայի 85 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6%-ը։ Առավելագույնը՝ 423.5 հազ. դրամից։

Վեցերորդ շեմում  120 մլն դրամից ավել գնահատվող տներն են, որոնք տարեկան գույքահարկը սկսվելու է նվազագույնը 423.5 հազ. դրամից։

Ն.Հ.




Լրահոս