Քիչ առաջ Armlur.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը հայտնեց, որ Հրանտ Գրիգորյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտեի Էջմիածնի բաժին՝ հարցաքննության: Պաշտպանը հայտնեց , որ հարցաքննությունից դուրս գալուց հետո կներկայացնի, թե ինչի համար են կանչել հարցաքննության: Ավելին, Հովսեփ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր Հրանտ Գրիգորյանի մասով հրապարակում է եղել, եւ իրենք այդ մասով հանցագործության մասին պատրաստվում են հաղորդում ներկայացնել:
Մասնավորապես, 1994թ․ ապրիլին Արմավիրի Տարոնիկ գյուղում սպանված Էջմիածնի բնակիչ, 36-ամյա գործարար Մհեր Պողոսյանի որդին հայտնել է, որ Գրիգորյանը փորձել է «լեզու գտնել» իր հետ։ Նրան լռեցնելու եւ գործը մեկընդմիշտ փակելու Գրիգորյանի ջանքերը, սակայն, զուր են անցել․ ո՛չ ահաբեկելն է Էդուարդին հետ պահել մինչեւ վերջ գնալու վճռականությունից, ո՛չ կաշառքը։
Հիշեցնենք, որ 1994թ․ ապրիլին Արմավիրի Տարոնիկ գյուղում սպանվեց Էջմիածնի բնակիչ, 36-ամյա գործարար Մհեր Պողոսյանը։ Սպանության մեջ մեղադրվեց ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը։ Այնուհետեւ հանցանքը վերաորակվեց, եւ Գրիգորյանը դատապարտվեց զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով դատապարտվեց 1 տարի 3 ամիս ազատազրկման, պատիժն էլ ամբողջությամբ չկրեց․ դուրս եկավ 3 ամսից։ Թավշյա հեղափոխությունից հետո սպանվածի որդին՝ Էդուարդ Պողոսյանը, գործը վերաբացելու պահանջ ներկայացրեց։ 2020 թ․ մարտի 5-ին վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց 26 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով դատավճիռը՝ բավարարելով զինդատախազի բողոքը։ Նոր երեւան եկած հանգամանքների հիմքով, զինդատախազը պահանջել էր բեկանել տասնյակ տարիների վաղեմության գործով կայացած դատավճիռը եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Իսկ նոր ի հայտ եկած հանգամանքը սպանվածի որդու՝ Էդուարդ Պողոսյանի հաղորդումն էր։
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան