Այսօր լուսադեմին Ամուլսարի երկրորդ «պոստից» տարածք են ներխուժել զինված անձինք, ովքեր ներկայացնում են տարածքի նոր պահնորդային ընկերությունը: Մուտքի առաջին րոպեներին նրանք մեքենաների անիվների տակ սպանել են պոստում ապրող շան երեք ձագուկների:
Քիչ անց, Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչները հավաքվել են երկրորդ «պոստի» տարածքում, ժամանել են նաև ոստիկանները: Թե ի՞նչ նպատակով է իրականացվում այս ցուցադրական գործողությունը՝ կարելի է ենթադրել։
Մեկ ամիս առաջ մենք գրել էինք, որ այսպիսի բաներ սպասվում են․․․ Մայիսի 27-ի մեր հայտարարությունը բառացի ասում է՝
• «Լուրեր են շրջանառվում, որ հաջորդ շաբաթ Ամուլսարում հանքարդյունաբերողներն ինչ-որ գործողություն են նախապատրաստում, որի հիմնական տակտիկան է լինելու՝ բռնի գործողություններ հրահրել՝ դրանցում ներքաշելով Ամուլսարի պահապաններին, դրանով հիմնավորել ոստիկանական միջամտությունը և ճանապարհ բացել Ամուլսարի մոտ հանքային տեխնիկա տեղափոխելու համար:
• Ամուլսարի պայքարը ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության ուղիղ գործողություն է: Այս մասին գրվել է նաև Հավաքների ազատության հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի զեկույցում, ով շեշտել է, որ այս պայքարը սադրանք, պրովոկացիա կամ այլ բիզնեսների շահերի պաշտպանություն չէ, այլ մաքուր բնական միջավայրում ապրելու մարդկանց հիմնարար իրավունքի պաշտպանության համար մղվող խաղաղ հավաք: Արդեն երկու տարի՝ մեծ զրկանքների գնով ու հսկայական նվիրվածությամբ Ամուլսարի պահապանները պաշտպանում են բոլորիս առողջությունն ու կյանքը:
• Ամուլսարի պահապանների մեջքին կանգնած է գրեթե ողջ Ջերմուկ համայնքը և տասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ Հայաստանից ու աշխարհի տարբեր ծայրերից: Այս մասին են փաստում մոտ 3000 ստորագրություններով հանրագիրը, բազմամարդ ակցիաներն ու հսկայական աջակցությունը, որ այս պայքարին ցույց են տալիս գիտակից մարդիկ:
• Հուսով ենք, որ սադրանքի կազմակերպիչները կբացահայտվեն և նրանց գործողությունները կկանխվեն: Ակնկալում ենք նաև բազմաթիվ իրավախախտումների ու կեղծիքների վրա հիմնված այս նախագծի վերջնական դադարեցում ՀՀ կառավարության կողմից»։
Պետությունը պետք է դադարի պաշտպանել մասնավոր ընկերությանն ի հաշիվ բնակչության իրավունքների: Լիդիան օֆշորային ընկերությունն արդեն, կարելի է ասել, գոյություն չունի, անցել է իր պարտատերերին, իսկ ՀՀ կառավարությունը չգիտես ինչու շարունակում է հանդուրժել նրա սպառնալիքները:
Զինված պահակախմբի առկայությունն Ամուլսարում անընդունելի է, այս պրակտիկան պետք է անմիջապես վերացվի: Սա բացահայտ բռնության սպառնալիք է հանքի գործարկման հանդեպ բացասական դիրքորոշում ունեցող համայնքների բնակչության նկատմամբ, և տպավորություն ունենք, որ նման ձևով տարածք ներխուժելը միտումնավոր է արվել՝ որպես ուժի ցուցադրում։ Պահնորդային ծառայություն իրականացնող կազմակերպությունը կարելի էր փոխել շատ ավելի հանգիստ ու առանց որևէ աղմուկի, այլ ոչ թե արտակարգ դրության պայմաններում դարձնել իրավիճակի սրման առիթ։
Այս պահին Ջերմուկ համայնքի բնակիչների, պահնորդային ծառայության և ոստիկանության միջև քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նոր պահնորդային ծառայությունը կշարունակի գործել նախորդի սկզբունքներով, այսինքն՝ Ամուլսարի տարածքում կմնան միայն տվյալ ժամանակահատվածի հերթապահները՝ 2-3 հոգի, նրանք զինված չեն լինի, իսկ պահնորդային ծառայության մյուս աշխատակիցները, ովքեր տվյալ պահին հերթապահություն չեն իրականացնում՝ կտեղավորվեն որևէ հյուրանոցում և Ամուլսարի տարածքում չեն մնա: