ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոտրված նստարաններն ու քաղաքապետարանը. ինչու քաղաքային իշխանությունը քայլեր չի ձեռնարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր տարի Երեւանի քաղաքապետարանը մեծ գումարներ է ծախսում քաղաքի համար նստարաններ եւ աղբամաններ գնելու համար: Սակայն հաճախ այդ թանկարժեք նստարանները հայտնվում են անմխիթար վիճակում եւ այդպես էլ չեն վերանորոգվում: ArmLur.am-ը, շրջելով քաղաքում, կրկին այդպիսի նստարանների ականատես եղավ, որոնք կոտրված են կամ վերանորոգման կարիք ունեն:

ArmLur.am-ը հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ պարզելու համար, թե 2020թ-ին Երևանի քաղաքապետարանը քանի՞ նստարան է ձեռք բերել և որքա՞ն գումար է ծախսել այդ նպատակով: Նաեւ հետաքրքրվել էինք, թե 2020թ-ին Երեւանի քաղաքապետարանը քանի ջարդված նստարան է վերանորոգել եւ որքան գումար է տրամադրել վերանորոգման համար:

Եվ ահա, Երեւանի քաղաքապետարանից մեր հարցին ի պատասխան նախ նշել են, թե 2020թ. Երեւանի քաղաքապետարանի կողմից նստարանների եւ աղբամանների գնում չի իրականացվել, ըստ այդմ գումար չի ծախսվել։ Ներկա պահին Երեւան քաղաքում տեղադրվում են 2019 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից գնված նստարանները։ Քաղաքապետարանից նաեւ հավելել են, թե Երեւանի քաղաքապետարանի կողմից 2020 թվականին նստարանների եւ աղբամանների մասնակի և ամբողջական գնում չի իրականացվել։ Այսինքն, քաղաքապետարանը չի պատասխանել մեր այն հարցին, թե որքան գումար է տրամադրվել նստարաններ վերանորոգելու համար,  փաստորեն այս հարցը մնացել է անպատասխան:

Դրան գումարած, քաղաքապետարանից մեր հարցման պատասխանում նշվել է, թե այժմ մասնագետների կողմից մշակվում եւ ձեւավորվում են նոր տիպի նստարաններ եւ աղբամաններ, որոնք հիմնովին տարբերվելու են Երեւան քաղաքում նախկինում տեղադրված նստարաններից եւ աղբամաններից։ Այնտեղից հայտնում են, որ գործընթացը դեռ ընթացքի մեջ է, վերջնական տարբերակները ընտրվելուց եւ հաստատվելուց հետո կհայտարարվի գնման մրցույթ։

Սակայն դեռեւս 2019 թվականի հոկտեմբերին ArmLur.am-ը գրել էր, որ Երեւանի քաղաքապետարանը նախորդ տարի եւս գերթանկարժեք աղբամաններ եւ նստարաններ է գնել: Պաշտոնական փաստաթղթերից գրել էինք, որ  2019 թվականի օգոստոսի 20-ին քաղաքապետարանը պայմանագիր էր կնքել «Նիկոլ Դուման» առեւտրային կազմակերպության հետ։ Պայմանագրի գինը կազմել էր 82 մլն 200 հազար դրամ:

Այսպես, այդ պայմանագրի համաձայն, ձեռք էին բերվել 500 հատ «Երեւան» փայտե եւ թուջե ձուլվածքով նստարան, որի միավորի արժեքը կազմում է 164 հազար 400 դրամ: Նկատենք, որ նախկինում էլ Երեւանի քաղաքային իշխանությունները  աղբամանները ձեռք էին բերում «Նիկոլ Դուման»-ից:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս