Պաշտոնեական լիազորությունների անցում, Սահմանադրական կարգի տապալում, իշխանության զավթում. Լիլիթ Գալստյանը փաստեր է ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք»-ը հանցագործության մասին հաղորդում են  ներկայացրել ՀՀ Գլխավոր  դատախազություն: Այս երեք ուժերի հաղորդման բովանդակությունը վերաբերում է վերջին երկու տարիներին նախաձեռնված եւ իրականացված ամբողջ գործընթացին՝ մասնավորապես իշխանության յուրացման ու Սահմանադրական կարգի տապալման դեպքերին:

Armlur.am-ը զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանի հետ, պարզելու համար, թե կոնկրետ ինչ հիմքեր են ներկայացվել դատախազություն, իշխանություններրին մեղադրելով յուրացման եւ Սահմանադրական կարգի տապալման համար:

-Այսօր երեք կուսակցություններ՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք»-ը, միացյալ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին: Բուն առարկան  2020 թվականի հունիսի 22-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների  սահմանադրական փոփոխությունների նախագիծն է, որով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի երեք դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի, ինչպես նաև Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները։ Սակայն, ըստ էության, դատական իշխանության դեմ արշավը շատ ավելի վաղուց է սկսվել, և համադրելով փաստերը գալիս ենք հանրագումարի, որ առերևույթ գործ ունենք հանցակազմի հետ, որը տեղավորվում է հետևյալ սահմանումների մեջ՝ Պաշտոնեական լիազորությունների անցում, Սահմանադրական կարգի տապալում, Իշխանության զավթում: Իսկ, առհասարակ դատական իշխանության դեմ ոտնձգություններին կամ իշխանության այս ճյուղի հնազանդեցման արշավը ավելի վաղ է սկսվել: Դաշնակցությունն իր  քաղաքական գնակատականը բարձրաձայնել է այդ առիթով: Նաև կարծում ենք՝ իրավական գնահատականներ տալու ժամանակն է:

-Իսկ ի՞նչ փաստական հանգամանքների հիման վրա եք երեր ուժերով դիմել ՀՀ գլխավոր դատախազություն:

-Առկա են թե՜ փաստական հանգամանքները, թե՝ իրավական հիմքերը: Դեռ  2019 թ մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ մի քանի ժամով արգելափակել են ՀՀ դատական իշխանության, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի վարչական շենքերը։ Ճնշումներով էր պայմանավորված ԲԴԽ ինը անդամներից հինգի հրաժարականը: Վահե Գրիգորյանը պաշտոնը ստանձնելիս շրջանառության մեջ դրեց «Սահմանադրական դատարանի ճգնաժամ» գնահատականը՝ հայտարարելով ՍԴ 9 դատավորներից մի մասի անիրավասությունը։ Այս ամենից հետո իշխող քաղաքական ուժը լծվեց ճգնաժամը «լուծելու» գործին՝ կանգ չառնելով ոչնչի առջև, խախտելով օրենք ու Սահմանադրություն, այդ թվում՝  արհամարհերով ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության սպառնալիքը:

2020 թ. հունիսի 22-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունեցին՝  Սահմանադրության, ԱԺ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի և ընթացակարգերի խախտումով: Ազգային ժողովի պաշտոնական  կայքում «Մամուլի հաղորդագրություն» տարածվեց Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանի կողմից ՍԴ նախագահի  պարտականությունների ստանձնման մասին, մինչդեռ Ազգային ժողովն օժտված չէ նշված իրավական փաստերն արձանագրելու լիազորությամբ։

Մի խոսքով, գործողությունների շարք, որի նպատակը Սահմանադրական դատարանում կառավարելի մեծամասնության ձևավորումն է:  ՀՀ օրենսդրությունն ապահովում է իրավական հիմքերը. ՀՀ քրեական օրենսգիրքը թույլ է տալիս վերը նշված երեք դրվագներով՝ Պաշտոնեական լիազորությունների անցում, Սահմանադրական կարգի տապալում, Իշխանության զավթում,  իրավական գնահատական տալ և պատասխանատվություն սահմանել:  Մենք կարծում ենք, որ կատարվածն իր ողջ ծավալով և հանրային, պետական կյանքի վրա ունեցած հետևանքներով, քազաքականից զատ, պետք է անբայման արժանանա իրավական գնահատականի:-

-Ի՞նչ ակնկալիք ունեք դատախազությունից, քանի որ մշտապես նշվել է, որ դատախազությունը «ենթարկվում» է ներկայիս իշխանություններին: Կլինի՞ անաչառություն:

-Մենք հավատում ենք քաղաքական եւ իրավական մշակույթի էվոլուցիոն զարգացմանը, մեր փաստական հիմքերում  հանցակազմն անժխտելի: Տեղին կլինի հիշել, թե միջազգային կառույցներից ինչ գնահատականներ հնչեցին, որոնք վերաբերում էին թե ժողովրդավարության հետընթացին, թե միջազգային  սահմանադրական նորմերի մեղանչումներին: Կարծում ենք, որ դատախազությունը կգտնվի մասնագիտական անաչառության եւ օբյեկտիվության տիրույթում, կառաջնորդվի միայն իրավունքի գերակայությամբ: Մենք ուզում ենք հավատալ, որ ՀՀ-ը իրավական երկիր է, որտեղ կա ինստիտուցիոնալ գործառույթներին հավատարմություն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս