Ինձ համար էլ անակնկալ է այն, որ իմ քվեարկությունն անակնկալ է եղել «Իմ քայլի» համար. Արման Բաբաջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի զրուցակիցը ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն է:

-Պարոն Բաբաջանյան, ինչո՞ւ այսօր որոշեցիք դեմ քվեարկել Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին այն դեպքում, երբ նախկինում Սահմանադրական դատարանի վերաբերյալ նախագծերին կողմ եք քվեարկել:

-Նախկինում, նաև այսօր իմ սկզբունքային դիրքորոշումը եղել է և կա այն, որ երկրում հաստատված սահմանադրական ճգնաժամը պետք է օր առաջ հաղթահարվի և այդ նպատակով, ես, այո, կողմ եմ քվերակել դրան ուղղված ցանկացած նախաձեռնության։ Ինչ վերաբերում է այսօր քվերակված նախագծերի փաթեթին, ապա ի թիվս այլ իրավական կարգավորումների, այդ փաթեթը վերաբերում է նաև Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներին՝ հայաստանյան չափանիշներով բավական բարձր կեսնաթաշակի ապահովմանը, ինչն էլ հանդիսացավ օրենսդարական այս փաթեթին «դեմ» քվերակելու իմ հիմնական շարժառիթը։

«Դեմ» քվերակելով ես իմ քաղաքական ու քաղաքացիական վերաբերմունքն արտահայտեցի արդեն նախկին այդ դատավորների նկատմամբ, որոնք, ինչպես պարզվեց, գործել են ոչ թե Սահմանադրության ու օրենքի, այլ այսպես կոչված «մեծամասնության» տրամաբանության շրջանակներում, որոնք առաջնորդվել են ոչ թե իրենց բարձր առաքելությամբ, այլ ստվերային, հանցավոր պայմանավորվածություններով, տարբեր նախկին պաշտոնյաների ու խմբակների շահերի սպասարկման դրդապատճառներով։ Խորապես համոզված եմ, որ նման մարդիկ արժանի չեն բարձր կենսաթաշակներ ստանալ մեր՝ հարակատուներիս հաշվին։

Հասկանալիորեն, խնդիրը ոչ միայն ու ոչ այնքան կենսաթոշակի գումարի չափն է, այլ սկբունքը, արժեքային նշաձողը՝ ժողովդրի դեմ վճիռներ ընդունած անձիք չպետք է կենսաթոշակ ստանան ժողովրդի միջոցների հաշվին։ Սա որևէ բովանդակային կապ չունի սահմանադրական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերի հետ, որոնց առնչությամբ իմ դիրքորոշումը չի փոխվել և չի փոխվելու։

Ձեր քվեարկությունը անակնկալ է եղել «Իմ քայլ»-ի համար: Իրենց հետ նախապես քննարկե՞լ էիք հարցը:

-Ինձ համար էլ անակնկալ է այն, որ իմ քվեարկությունն անակնկալ է եղել «Իմ քայլի» համար, քանի որ եթե ինչ–ինչ հարցերի վերաբերյալ իմ դիրքորոշումն ու քվեարկությունները վերջին շրջանում համընկել են «Իմ քայլի» հետ, դրանից ամենևին չի բխում, թե իմ բոլոր քվեարկությունները պետք է նույնական լինեն իշխող խմբակցության քվերակությունների հետ։ Ես արդեն ներկայացրեցի այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել իմ՝ նշյալ նախագծերին «դեմ» քվեարկելու համար։ Ինչ վերաբերում է ձեր հարցին՝ նախապես քննարկե՞լ եմ արդյոք իրենց հետ այդ հարցը, ապա, իհարկե, ոչ, չեմ քննարկել։ Հարցն ինքնին հակատրամաբանական ու հակաքաղաքական է, որովհետև տակավին անհասկանալի է, թե ինչու պետք է անկախ պատգամավորի կարգավիճակ ունեցող պատգամավորը իր քվեարկությունները քննարկի որևէ խմբակցության, այդ թվում՝ իշխող խմբակցության հետ։

զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս