Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի։Այս մասին ասվում է ԵԱՀԿ կայքում տարածված հաղորդագրությունում, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ անցկացված տեսակոնֆերանսին։
«Համանախագահներն ընդգծել են խաղաղությանը նպաստող և առարկայական բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի խթանման ու պահպանման կարևորությունը: Նրանք դրական են գնահատել հարաբերական կայունությունը և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել հաղորդակցման անմիջական կապերը՝ էսկալացիայից խուսափելու համար: Հիշեցնելով 2019 թվականի մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ այնուամենայնիվ, համանախագահները, մտահոգությամբ նշել են, որ վերջին սադրիչ հայտարարությունները, բորբոքող հռետորաբանությունը և հնարավոր քայլերը, որոնք նպատակ ունեն փոխել իրավիճակը, կարող են խափանել, խանգարել կարգավորման գործընթացին:
Համանախագահները շեշտել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նրանք կոչ են արել կողմերին հավելյալ քայլեր ձեռնարկել՝ հրադադարի ամրապնդման և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար: Համանախագահնեը նաև ընդգծել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հովանու ներքո մոնիտորինգային գործողությունները վերսկսելու անհրաժեշտությունը՝ որքան հնարավոր է շուտ, երբ որ պայմանները դա թույլ տան:
Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են ևս մեկ համատեղ տեսակոնֆերանս անցկացնել հուլիսին և անձնապես հանդիպել՝ որքան հնարավոր է շուտ»,- ասված է հաղորդագրությունում: