Հունիսի 22-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գրությամբ դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։ Նա ներկայացրել է հիմնավորումներ այն մասին, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը։ Ինչպես հայտնի է, 2019թ. սեպտեմբերի 6-ին Արման Բաբաջանյանը հայտնել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու եւ անկախ պատգամավոր դառնալու մասին, եւ, ահա, Էդմոն Մարուքյանն իր դիմումով պահանջում է այդ մեկ մանդատը վերադարձնել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպես է վերաբերվում խմբակցության կողմից ներկայացված դիմումին:
– «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով Ձեր մանդատը հետ վերադարձնել: Ինչպես եք վերաբերվում իրենց քայլին:
-Ես որքան հասկացա «Լուսավոր Հայաստանի»՝ ԿԸՀ–ին հղված դիմումից, նրանք պահանջում են ոչ թե անձամբ իմ մանդատը, այլ իրենց խմբակցությանը բաժին հասնող մանդատը, որով, ըստ իրենց հիմնավորման, պետք է վերականգվի ուժերի նախնական բաշխվածությունը խորհրդարանում։ Բայց ողջ խնդիրն այն է, որ օրենքի այն նորմը, որին հղում է անում «Լուսավոր Հայաստանը»՝ ԿԸՀ–ին հղված դիմումում՝ «առնվազն 1/3-ը պետք է լինի ընդդիմություն» ձևակերպումը վերաբերում է նոր ձևավորվելիք Ազգային Ժողովին։ Այսինքն՝ այդ նորմն ունի կիրարկման հստակ ժամանակային միջակայք և չի վերաբերում խորհրդարանի ձևավորումից հետո առաջացած իրավիճակներին։ Բացի այդ, եթե անգամ ընդունենք, որ իրենց հղումն իրավաչափ է, միևնույնն է,այն չափազանց խոցելի է, որովհետև դուրս գալով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, ես չեմ անդամակցել, ասենք իշխող խմբակցությանը, ինչի արդյունքում կարող էր խախտվել ուժերի հարաբերակցությունը։ Այնպես որ, այդ առումով ևս «Լուսավոր Հայաստանի» դիմումը խսիտ խնդրահարույց է։ Իրական աշխատանքով զբաղվելու փոխարեն այդ խմբակցությունը զբաղվում է հերթական՝ ի սկզբանե ձախողման դատապարտված իրավական մանիպուլյացիայով, որը որևէ աղերս ու առնչություն չունի այսօրվա քաղաքական օրակարգի, երկրի առջև ծառացած մարտահրվարների հետ։ Բայց իրենց իրավունքն է, թող դիմեն ում ցանկանում են և որքան ցանկանում են, ես, անկեղծ ասած, այլևս խիստ անտարբեր եմ այդ ուժի գործունեության ու քայլերի նկատմամբ։
-Պատրա՞ստ եք հրաժարվել մանդատից:
-Մանդատը երբեք ինձ համար ինքնանպատակ չի եղել։ Պատգամավորական մանդատն ինձ համար աշխատելու, քաղաքական կյանքում, քաղաքական համակարգում ինչ–որ բան փոխելու հնարավարություն է, որը ես իրացնում եմ ամեն օր։ Եվ մանդատից կհրաժարվեմ այն նույն պահին, երբ կզգամ կամ կհամարեմ, որ տապալել եմ այդ աշխատանքը կամ, որ այլևս չեմ կարող ոչինչ փոխել։ Հիմա ես ամենևին այդպես չեմ մտածում, ավելին՝ խորապես համոզված եմ, որ այն օրակարգը, որը ես միայնակ՝ որպես անկախ պատգամավոր, փորձում եմ բերել խորհրդարան, բխում է Հայաստանի ու ՀՀ քաղաքացու այսօրվա շահից, սպասարկում է այդ շահը և իր մեջ ունի ապագային միտված լրջագույն բաղադրիչ։ Այնպես որ, ես կառչած չեմ պատգամավորական մանդատից, ինձ խորհդարանում պահում է ոչ թե մանդատը, այլ աշխատանքը, ծրագրերն ու անելիքները, որոնք, հավատացնում եմ, չափազանց շատ են ու բազմաբովանդակ։
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ