2019 թվականի դեկտեմբերի 2-ին մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայող, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի հարազատները դեռ անպատասխան հարցեր ունեն: Այսօր Աջամյանի մայրը՝ տիկին Գոհարը, կրկին Ազգային ժողովի դիմաց էր եկել՝ հանդիպելու Աժ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, ով խոստացել էր մշտապես կապ պահել զինծառայողի հարազատների հետ:
Տիկին Գոհարն Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, թե կրկին անպատասխան հարցեր կան եւ ցանկանում է ի վերջո իմանալ, թե ով է սպանել իր որդուն, ինչպես է տեղի ունեցել դեպքը: Տիկին Գոհարը մեզ հետ զրույցում նաեւ այլ խնդիրների մասին բարձրաձայնեց. «Այս ընթացքում փորձել եմ մի քանի անգամ Անդրանիկ Քոչարյանին մոտենալ, ոչ մեկը չի մոտեցել: Ես խնդիրներ շատ ունեմ, նաեւ առողջական խնդիրներ, բնակարանի հարց եւ որեւէ մեկը չի աջակցում ինձ: Ես միայնակ եմ, իմ երեխան զոհվել է, որեւէ մեկը չի աջակցում»: Արթուր Աջամյանի մոր խոսքով, դեպքից 7 ամիս անց որեւէ մեկն իրեն հստակ պատասխան չեն տվել , չեն էլ աջակցել: «Զոհվածի մայր եմ, միայնակ, ոչ բնակարան ունեմ, ոչ որեւէ բան: Միայնակ եմ, ինչով ես ինձ ապահովեմ, միայնակ ինչպես ապրեմ: Ես ուզում եմ սպանողին գտնեմ, չի բացահայտվում՝ ով է իմ երեխուն սպանել, ինչու իմ երեխան զոհվեց», – հավելեց մայրը:
Մեկնաբանության համար ArmLur.am-ը զրուցեց նաեւ խորհրդարանում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի հետ: Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ վերջին անգամ հունիսի 29-ին է Ազգային ժողովի շենքի դիմաց պատահաբար հանդիպել Արթուր Աջամյանի մայրիկին, սակայն վստահեցրեց, թե մշտապես կապ է պահպանում զոհված զինծառայողի պապիկի հետ: «Ես պատահաբար եմ տեսել, քանի որ իրենք Անդրանիկ Քոչարյանի մոտ էին եկել, բայց, եթե չեմ սխալվում զոհված զինծառայողի հետ կապված օրենք կա, որ թոշակ կամ ինչ-որ օգնություն են ստանում: Ես հանդիպել եմ, խոսել եմ, խոստացել եմ, որ այդ հարցերով կզբաղվեմ, ինչը մեզանից է կախված, մենք այդ աջակցությունը կտրամադրենք», – նշեց Բաքոյանը:
Պատգամավորը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հարուցված քրեական գործն ընթացքի մեջ է, սակայն ավել բան չեն կարող այս պահին ասել: «Հետևողական ենք այդ գործին, ինչպես նաեւ ինչով կկարողանանք, կաջակցենք իրենց», – հավելեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ի հաղորդագրության համաձայն՝ Արթուր Աջամյանը մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է դեկտեմբերի 2-ին՝ ժամը 6:50-ի սահմաններում Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, իսկ նրա ծառայակից՝ 20-ամյա Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել էր: Դեկտեմբերի 2–ի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանություն) քրեական գործ է հարուցվել։ Դեկտեմբերի 4-ին Աջամյանի հարազատները իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Ազգային ժողովի դիմաց, իսկ դեկտեմբերի 26-ին էլ նրանց ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նաիրա Հովհաննիսյան