ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վարուժան Մելքոնյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին : ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանում , որ նա , զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև նույն ծառայության պետի համապատասխան հրամանով հանդիսանալով ԳԱԿ-ՇՀԱՊՁԲ-15/2-ՔԿՎ 17-1 ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի նախագահը, այսինքն` մշտապես ու առանձին լիազորությամբ օժտված լինելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու գործառույթներով, կատարել է պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես, հանձնաժողովի նիստերի չանցկացման պայմաններում հանձնարարել է կազմել և հանձնաժողովի անդամների ու իր ստորագրմանը ներկայացնել նիստերի արձանագրություններ:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի առաջին մասի `
1. Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին:
Քնար Մանուկյան