Կորոնավիրուսային հիվանդությունը լայն տարածում է գտել նաեւ ՀՀ քաղաքական գործիչների շրջանում: Այս օրերին կորոնավիրուսով են վարակված նախկին եւ ներկա պաշտոնյաներ, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ:
Բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կորոնավիրուսով առաջին վարակակիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, որն այդ մասին հայտարարեց հունիսի 1-ին՝ իր ծննդյան օրը: Կորոնավիրուսով էին վարակվել նաեւ վարչապետի ընտանիքի բոլոր անդամները, եւ բոլորն էլ այժմ առողջ են:
Ազգային ժողովի պատգամավորների մոտ կորոնավիրուսով վարակվածության դեպքեր սկսեցին ի հայտ գալ վերջին 10 օրերի ընթացքում: Առաջինը այդ մասին հունիսի 23-ին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Այս պահի դրությամբ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից կորոնավիրուսով վարակվել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, պատգամավորներ Արթուր Գրիգորյանը, Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը, Կարինե Պողոսյանը: Ընդ որում, կորոնավիրուսով է վարակված նաեւ Գագիկ Ծառուկյանի որդին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները եւս կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնեցին այդ շրջանում: Այսպիսով, իշխող խմբակցությունից կորոնավիրուսով վարակված են պատգամավորներ Հայկ Գեւորգյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Ծովինար Վարդանյանը, Քրիստինե Պողոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Արեն Մկրտչյանը, Լիլիթ Ստեփանյանը եւ Կարեն Համբարձումյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից կորոնավիրուսով վարակված պատգամավոր չկա:
Իսկ ինչ իրավիճակ է խորհրդարանից դուրս. կորոնավիրուսով են վարակված նաեւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթու Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
Այսպիսով, ստացվում է՝ այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված եւ բուժված միակ գործիչը դեռ շարունակում է մնալ ՀՀ վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում