Շատ ուշ եմ թքում, բայց թքածս հետո չեմ լիզում. երգիչ Ավոն՝ «Խաբկանք» սերիալում գլխավոր հերոսին մարմնավորելու եւ կոտրվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Ավո Ադամյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ստեղծագործական նորությունների, «Խաբկանք» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկի, անավարտ երազանքների մասին

-Ավո’, վերջին շրջանում բավականին պասիվ եք: Ինչո՞վ է դա պայմանավորված: Ստեղծագործական ի՞նչ նորություններ ունեք Ձեր երկրպագուների համար:

-Առաջին հերթին ասեմ, որ ես երբեք պասիվ չեմ լինում եւ չեմ էլ եղել: Ես չեմ սիրում աղմկել, բայց եւ լռել էլ չեմ սիրում: Սա իմ կարգախոսն է: Նախ ոչ թե պասիվությունս, այլ մի քիչ չգործելս պայմանավորված էր աշխարհի դրությունից: Համատարած հիվանդություն, նեղություն, ուստի երգերս, նոր ստեղծագործություններս պատրաստ պահված են, բայց չեմ հրապարակում: Տեսահոլովակ ունեմ նկարահանած «Կարոտ» երգի հիման վրա, շատ հզոր տեսահոլովակ է, բայց հիմա ճիշտ ժամանակը չեմ գտնում հանդիսատեսի դատին ներկայացնելու համար: Խոստացել էի շրջադարձային փոփոխություն անել իմ կյանքում․ բացի իմ երգարվեստով զբաղվելը, մի ամբողջ արսենալ եմ պատրաստել երկրպագուներիս համար, նկարահանվում եմ ֆիլմում: Կարծում եմ՝ այնքան էլ պասիվ գործունեություն չեմ ծավալում: Շատ նորություններ ունեմ հիմնականում երգի, նոր տեսահոլովակի տեսքով: Սովորաբար չեմ սիրում գովաբանել իմ աշխատանքը կամ իմ երգերը, բայց պետք է ասեմ, որ չքնաղ երգեր եմ պատրաստել իմ հանդիսատեսի համար, որոնցից մեկն արդեն տեսահոլովակ ունի: Ստեղծագործական դադար ոչ մի վայրկայն չեմ ունեցել, աշխատել եմ, պրպտել եմ, շատ նորություններ եմ պատրաստել:

-Ինչպե՞ս «Խաբկանք» հեռուստասերիալում գլխավոր հերոսի դերում հանդես գալու առաջարկ ստացաք: Ու՞մ կողմից է եղել հրավերը:

-«Խաբկանք» հեռուստանովելում նկարահանվելու առաջարկը ստացել եմ Միացյալ Նահանգներում սցենարիստ Անուշ Պետրոսյանի կողմից, ում հետ շատ լավ ընկերներ ենք դարձել: Սկզբում, անկեղծ ասած, երկմտում էի, բայց Անուշն ինձ շատ ճիշտ խորհուրդներով օգնեց կողմնորոշվել, ու այդպես սկսեցինք աշխատել միասին: Ինձ համար շատ լավ նախագիծ է: Մարմնավորում եմ գլխավոր հերոսին, հետո Անուշի հետ որոշեցինք, որ հերոսի անունը հենց Ավո մնա, որովհետեւ իրական կյանքում ինձ շատ նման է կերպարը: Շնորհակալ եմ Անուշ Պետրոսյանին:

-Նախկինում երբեւէ նման փորձունեցե՞լ եք:

-Բազմիցս հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկներ ստացել եմ, պարզապես սուղ ժամանակի պատճառով հրաժարվել եմ, բայց ես շատ եմ սիրում կինոն, թատրոնը: Առաջին մասնագիտությամբ հենց դերասան եմ, հետո նոր երգիչ: Երկու մասնագիտություններս էլ ձեռք եմ բերել բարձրագույն կրթությամբ: Ֆիլմերում առհասարակ շատ եմ նկարահանվել, բայց ոչ գլխավոր դերերում, եւ հենց վերջին ֆիլմը եղել է Հրաչ Քեշիշյանի նկարահանած «Պատվի համար»-ը, դրանից առաջ նկարահանվել եմ «Եղնիկների կածանը» ֆիլմում, որը իմ կարծիքով հրաշք ֆիլմ է: Ի դեպ, ֆիլմերում եւ նման այլ նախագծերում նկարահանվելու փորձ ունեցել եմ 8-րդ դասարանից: Շատ ուրախ եմ, որ այնպիսի ուսուցիչներ եմ ունեցել, ինչպիսիք են Երվանդ Մանարյանը, վոկալի մասնագետ Սերգեյ Դանիելյանը, նման հրաշք մարդկանց հետ եմ շփվել, նրանց դասարանում սովորել:

-Ո՞ր ոլորտն է Ձեզ ավելի հարազատ՝ երգարվե՞ստը, թե՞ սերիալում նկարահանվելը: Ո՞րն է Ձեզ ավելի շատ գրավում:

-Ինձ հարազատ է բեմը, էկրանը, տեսախցիկը: Ես, կարող է, շատ տկար, հիվանդ լինեմ, բայց եթե գիտեմ, որ պետք է ելույթ ունենամ, ինձ թվում է, թե ես պարզապես ճախրում եմ: Եղել են դեպքեր, երբ մտածել եմ, այս ինչ լավ է տաքության մեջ երգելը, այնքան եմ ինձ տրամադրել, որ ինձ թվացել է երանի միշտ տաքություն ունենամ, որ այդպես լավ երգեմ: Բեմի վրա բոլոր ցավերը մոռանում ես: Մտածում ես միայն հանդիսատեսի, լավ ելույթի մասին: Միգուցե, ես այդպես ճանաչված չեմ, բայց վստահ եմ՝ ինձ ճանաչողների կողմից շատ սիրված եմ: Սա մեծամտություն չէ, այլ շատ նուրբ համեստություն է: Սերիալների մասին հիմնականում հնչում են բացասական կարծիքներ, բայց կարծում եմ՝ խնդիրը բյուջեի եւ ռեսուրսների մեջ է, եթե Հայաստանն այնքան հարուստ երկիր լինի, վստահ եմ, որ մեր սերիալ արտադրողները կարող են այնպիսի սերիալներ ցուցադրել, որ մարդիկ ուղղակի զարմանան: Օրինակ` «Խաբկանք» հեռուստասերիալի ռեժիսորը` Վարշամ Շահվարզյանը, կախարդական տղա է, ամբողջ ծանրությունն ուսերին նկարահանում է սերիալ առանց տրտնջալու: Երկու ոլորտներն էլ ինձ հարազատ են, մեկը մյուսին լրացնում են:

-Ո՞ր դերասանի հետ կցանկանայիք խաղալ:

-Բոոլորի հետ կցանկանայի խաղալ բացի մեծամիտ դատարկությունների:

-Ավո’, ավելի շատ խորհուրդներ լսո՞ղ եք, թե՞ տվող:

-Եվ խորհուրդներ լսող եմ, եւ տվող, եթե մարդ կարողանում է իրենից մի բան ներկայացնել, եւ վստահ է, որ իր խորհուրդնրեը օգտակար կլինեն, անպայման պետք է տա՝ անկախ դիմացինի կամքից:

-Ո՞վ կարող է Ձեզ կոտրել:

-Ինձ կարող է կոտրել անարդարությունը, չնայած դեռ նման բան չի եղել, քանի որ ես ինքս տեսակով պայքարող եմ: Շատ ուշ եմ թքում, բայց թքածս հետո չեմ լիզում:

-Ու՞մ դավաճանությունը չեք ների:

-Ընկերների:

-Ո՞ւմ եք համարում ավելի հավատարիմ ընկեր` կնո՞ջը, թե՞ տղամարդուն:

-Իհարկե, տղամարդուն, դա ի վերուստ բնությունից եկած է:

-Ե՞րբ է Ավոն ինքն իր հետ հաշտ:

-Կարծում եմ երբեք, քանի որ հաշտությունը խաղաղություն է բերում, իսկ ես չեմ կարծում, որ այն կյանքով եւ կյանքում ենք ապրում, որ պետք է հաշտ ապրենք: Ես ինքս ինձ միշտ քննադատող եմ: Մեկ-մեկ է լինում, այն էլ երբ լինում եմ եկեղեցում`հոգուս հետ հաշտ:

-Անավարտ երազանք…

-Դեռեւս մանկուց շատ երազանքներ եմ ունեցել ու միգուցե անհավատալի թվա, բայց երազանքներս գրեթե իրականացել են: Երազում եմ Աշտարակի Ծիրանավոր կամ Սպիտակավոր եկեղեցիներից մեկը վերանորոգել:

-Սիրելի բանաստեղծը:

-Պարույր Սեւակ, Վահան Տերյան, Համո Սահյան:

-Վերջին կարդացած գիրքը:

-Վերջերս աչքի տակով անցկացնում էի Գեւորգ Էմինի գրքերից:

-Կյանքի երեք կանոն Ձեզ համար:

-Սիրել, հավատալ, վախենալ: Առանց այս երեք երեւույթների մարդկային կյանքը կվերածվի կենդանական կյանքի:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս