Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարությունից։

Նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Վուտովային կատարած գերազանց աշխատանքի ու արդյունավետ համագործակցության համար և շեշտել Եվրոպայի խորհրդի աջակցության կարևորությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների համատեքստում։

Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը ևս շնորհակալություն է հայտնել փոխգործակցության համար և ընդգծել, որ, լինելով իրավաբան, արդարադատության նախարարության հետ համագործակցությունն ու իրականացրած ծրագրերն իր համար հոգեհարազատ են եղել։

Հանդիպման ընթացքում հակիրճ անդրադարձ է կատարվել համատեղ իրականացված և ընթացքի մեջ գտնվող մի շարք ծրագրերի արդյունքներին, որոնք վերաբերել են Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերին, պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, խոշտանգումների կանխարգելմանն ուղղված աշխատանքներին և այլն։

Անդրադառնալով դատական համակարգում վեթինգի իրականացման հարցին՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ արդարադատության նախարարության կողմից Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններով ստեղծվել է անհրաժեշտ գործիքակազմը՝ այն արդյունավետ և եվրոպական ստանդարտներին ու արժեքների համահունչ իրականացնելու համար։




Լրահոս