Վերջին շրջանում, հատկապես արտակարգ դրության եւ պարտադիր մեկուսացման օրերին, սոցիալական ցանցերում հայ օգտատերերի կողմից սկսվեց բուռն քննարկվել իսպանական «La casa de papel» սերիալը (հայերեն թարգմանությամբ-«Թղթե տունը»:: Այն դարձել էր մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների ժամանցի անբաժանելի մասը: Եվ չնայած Հայաստանում ֆիլմը հայտնի դարձավ կարանտինի շրջանում, այն սկսել էր հեռարձակվել 2017թ. մայիսից: La casa de papel-ը դարձել է Netflix-ի ամենադիտված սերիալներից մեկը եւ ոչ անգլալեզու ամենադիտված սերիալը:
Սերիալի հայ երկրպագուների համար ֆիլմն ավելի սիրվեց հատկապես, երբ պարզ դարձավ, որ ֆիլմի երրորդ եթերաշրջանից Բոգոտայի դերակատարում հանդես եկող դերասանը հայազգի Հովիկ Կեուչկերյանն է: Այս օրերին վերջինս գտնվում է Հայաստանում եւ սոցիալական ցանցերում շատերն են կիսվում նրա հետ լուսանկարներով, ում կարելի է պատահաբար հանդիպել Աբովյան փողոցով զբոսնելիս:
Կատակերգու, բանաստեղծ, գրող, դերասան եւ նախկին բռնցքամարտիկ Հովիկ Կեուչկերյանը ծնվել է Բեյրութում: Հայրը հայ է, իսկ մայրն` իսպանուհի: 1975 թվականին, երբ նա երեք տարեկան էր, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ընտանիքը որոշում է արտագաղթել Իսպանիա: Հովիկի մանկությունը և պատանեկությունն անցել է Ալպեդրետեում, պատանեկան տարիներին տղան հոր բարում մատուցող է աշխատել:
Հավելենք, որ ֆիլմն ավազակների մասին պատմող դրամա է: Առաջին 2 եթերաշրջանների ընթացքում հանցավոր խումբը, որն առաջնորդում է Պրոֆեսոր մականունով հերոսը, կողոպտում է Իսպանիայի Թագավորական դրամահատարանը: Նրանք 2 տարի թաքնվում են, սակայն, երբ խմբի անդամներից մեկին՝ Ռիոյին, ձերբակալում են, ստիպված են լինում հարձակում կազմակերպել Իսպանիայի կենտրոնական բանկի վրա իրենց ընկերոջն ազատելու համար: Խմբի յուրահատկություններից մեկն այն է, որ անդամներն իրենց անունները հիմնականում չեն օգտագործում: Նրանցից յուրաքանչյուրը մականուն ունի որեւէ քաղաքի անունով: Բացի Պրոֆեսորից ու Ռիոյից՝ խմբում են նաեւ Տոկիոն, Բեռլինը, Նայրոբին, Մոսկվան, Դենվերը, Հելսինկին, Օսլոն: