Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը շարունակում է պնդել՝ ծեծ չի եղել. նա հարցաքննվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի օգնական Անդրանիկ Մինասյանի կողմից Շենգավիթի թաղապետարանում աշխատակցին ծեծի ենթարկելու վերաբերյալ հրապարակումների եւ հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում հունիսի 19-ին հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել նախաքննության:

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն այսօր հարցաքննվել է Քննչական կոմիտեում: Նա  ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե շատ մանրամասներ չի կարող հայտնել՝ հաշվի առնելով նախաքննական գատղնիքի առկայությունը, սակայն շարունակեց պնդել, որ որեւէ ծեծկռտուք չի եղել: «Ես պնդում եմ՝ ո՛չ իմ, ո՛չ իմ տեղակալի, ո՛չ էլ օգնականի կողմից ծեծ չի եղել», – հայտնեց նա:

Հավելենք, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով: Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Քնար Մանուկյան




Լրահոս